Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Օգոստոս 04,2005 00:00

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԴՐՍԻՑ Այս տարվա դիմորդները համոզված են, որ միայն դպրոցական գիտելիքները քիչ են ընդունելության քննություններին բարձր միավորներ վաստակելու համար: Երեկ տարբեր բուհերում մեր հանդիպած բոլոր դիմորդները առնվազն մեկ տարի այցելել են կրկնուսույցների: Պարզեցինք, որ մայրաքաղաքում ապրողները հիմնականում պարապել են առանձին մասնավոր դասախոսների մոտ, իսկ մարզերից եկած երեխաները, այլընտրանք չունենալով՝ դպրոցի ուսուցիչների մոտ՝ դարձյալ մասնավոր կարգով: Մեր հանդիպած բոլոր դիմորդները ընդհանուր առմամբ գոհ էին հանձնաժողովների աշխատանքներից եւ կարծում էին, որ միայն իրենք են մեղավոր ցածր միավորներ հավաքելու համար: Իհարկե, եթե խոսքը չէր վերաբերում զուգաձեւություններին: Լոռվա մարզից Քառյան Արեւիկը նշեց, որ իր անգլերեն գրավորի հարցաթերթիկի առաջադրանքներում կային հարցեր, որոնք լուծման երկու տարբերակ ունեին, հատկապես 5-րդ առաջադրանքում, որը պահանջում է վերադասավորել խառը բառերը եւ կազմել նախադասություն. «Հուսամ, որ հանձնաժողովը ճիշտ կհամարի իմ գրած տարբերակը»: Հայոց պատմություն հանձնած Կարենի մայրը մեզ պատմեց, որ հանձնաժողովի անդամները քննության ժամանակ նույնիսկ օգնում են հուզմունքից պատասխանները մոռացած երեխաներին. «Տղաս ասում էր, որ քննության ժամանակ մի աղջկա է օգնել, հետո նրան է մոտեցել հանձնաժողովի անդամներից մեկը եւ ասել, որ զբաղվի իր գրավորով, իսկ ինքը կօգնի աղջկան»: Գերմաներեն բանավոր քննության մասնակիցներից Գոհար Ղազարյանը նշեց, որ հանձնաժողովը բավականին բարեհամբույր էր վերաբերվում երիտասարդներին եւ նույնիսկ հարցերի միջոցով օգնում նրանց. «Ավելորդ լարվածություն չէր ստեղծվում»: Հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննությանը մասնակցած Տավուշից ժամանած մի աղջիկ, հաստատելով Գոհարի խոսքերը, պատմեց, որ շատերը թեեւ գիտեին հարցերի պատասխանը, նույնիսկ որոշ բաներ էլ գրել էին սեւագրում, սակայն չէին կարողանում արտահայտվել: Վերջինս 19 միավոր էր հավաքել. «ԵՊՀ-ի բանասիրական բաժինը ընդունվելու համար իրոք մեծ ջանքեր են պահանջվում: 50-ից ավելի գրքեր եմ կարդացել: Ինձ, բացի իմ հարցաթերթիկի հարցերից, բազմաթիվ լրացուցիչ հարցեր էլ տվեցին»: Աննա Յազուլյանը հայոց լեզու եւ գրականություն բանավոր քննությունից 13 միավոր էր ստացել: Ըստ նրա, ցածր ստանալու հիմնական պատճառը լրացուցիչ հարցերն էին. «Ինձ, հարցաթերթիկում առկա հարցերին պատասխանելուց բացի, հանձնարարեցին պատմել «Վարդանանք» պատմավեպից Վարդանի եւ Աթիլի հանդիպման նկարագրությունը, որը ես չկարողացա հիշել»: Ի դեպ, երեկ ԿԳ նախարարն իր ասուլիսում զարմանք հայտնեց, թե ինչպես բանասիրականի դիմորդը կարող է «Վարդանանք» չկարդալ: Հետաքրքիր է, թեեւ դիմորդները գոհ էին հանձնաժողովի աշխատանքներից, սակայն ասում էին, որ ավելի բարձր գնահատական կարող էին ստանալ: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել