Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» նվերը տեղ չի հասել

Օգոստոս 04,2005 00:00

«ԱրմենՏելի» նվերը տեղ չի հասել Ավելին, «իզի» քարտի համար հերթագրվածներին էլ քարտ չի հասել «ԱրմենՏելի» ներկայացուցիչների պնդումները, թե խաթարված բջջային կապը օրեցօր լավանում է, այնքան էլ համոզիչ չեն, քանի որ այժմ էլ 5-6 փորձից հետո է միայն հաջողվում զանգել, այն էլ՝ երբ մայրաքաղաքում ես: Երեւանից դուրս կապը շատ ավելի վատ է, չնայած հեռախոսի ապարատը ցույց է տալիս, թե լիարժեք ցանցում ես: Բացի դրանից, «իզի» քարտերի շատ բաժանորդների նույնիսկ ընկերության փոխհատուցած 1200-ական դրամը տեղ չի հասել, որը ընկերությունը, իբրեւ ներողություն վատորակ կապի համար, ավելացրել էր բաժանորդների գումարային հաշվեկշռին: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե բողոքներն «օդի մեջ են»՝ նշենք, որ «Առավոտի» աշխատակիցներից մեկն էլ «ԱրմենՏելի» նվերը չի ստացել: Ըստ երեւույթին ընկերությունում այս մասին տեղյակ էին, նման բողոքներ արդեն ստացել էին: Երբ լրատվական բաժնի աշխատակցին փոխանցեցինք «ներողության» սպասող բաժանորդների մտահոգությունը, ամենեւին չզարմացավ, ասաց, որ պատճառը տեխնիկական է եւ խորհուրդ տվեց ընկերության բաժանորդների սպասարկման բաժնին դիմում գրել եւ նվերը ստանալ: Ինչքան կապը վատանում է, այնքան ակտիվանում է «իզի» քարտերի բջջային կապի օպերատորի երեւակայությունը: Վերջինից մեծ դժվարությամբ է հնարավոր ճշտել, թե որքա՞ն գումար է մնացել հաշվիդ: Յուրաքանչյուր փորձի դեպքում, բացի իրական թվից, օպերատորը հաղորդում է ցանկացած երեւակայական թիվ: Իսկ բաժանորդային բաժնի հետ, որտեղ պետք է պատասխանի ոչ թե ռոբոտը, այլ՝ «կենդանի» օպերատորը, ընդհանրապես հնարավոր չէ կապվել՝ լսափողը վերցնող չկա: Քաղաքացիները լավ են հիշում, թե ամիսներ առաջ ինչպիսի «տուրուդմփոցով» են հերթագրվել՝ «իզի» քարտ ստանալու համար: Սակայն միայն թիվ 23, 24, 25 ԱՀԿ-ներում (ATC) շուրջ 800 բաժանորդի ինը ամիս սպասելուց հետո չի հաջողվել քարտ ստանալ: Նոյեմբերից հերթագրված Երեւանի բնակիչներ Սոնա Արշակյանին եւ Ռուզաննա Հովսեփյանին հուլիսի 10-ին «ԱրմենՏելից» զանգել ու ասել են, որ իրենց հերթը հասել է: Կանայք հարցրել են, թե մինչեւ երբ կարող են ստանալ եւ ստացել պատասխան՝ «մեկ ամսվա ընթացքում»: Սակայն օգոստոսի մեկին, երբ նրանք շտապել են ԱՀԿ, տեղեկացրել են, որ քարտի ստանալու ժամկետը սպառվել է, քանի որ դրա համար սահմանված էր երկու շաբաթ՝ մինչեւ հուլիսի 24-ը, ու ցույց տվել համապատասխան հրամանը: Ստացվում է, որ բնակիչներին խաբել են: Լրացուցիչ տեղեկացնենք, որ այսօր շուկայում չօգտագործված «իզի» քարտերը վաճառվում են 10-15 հազար դրամով: «ԱրմենՏելից» այս հարցի առնչությամբ հայտնեցին, որ ժամկետը կրճատվելու մասին թերթերում լրացուցիչ հայտարարություն են տվել: «Հնարավոր է, չէ՞, որ մարդը թերթ չկարդա, այդ դեպքում ինչպե՞ս տեղեկանա փոփոխություններին, երբ աբոնենտային բաժնի աշխատակիցը նույնիսկ տեղյակ չէ եւ ապատեղեկատվություն է տալիս»՝ մեր այս դիտարկմանը ընկերությունից պատասխանեցին. «Հնարավոր է, որ որոշումը փոխվել է այն ժամանակ, երբ հերթագրվածներին արդեն զանգել-զգուշացրել էին գալ քարտը ստանալու»: Այդ դեպքում բաժանորդն ի՞նչ անի. «Թող գա դիմում գրի»: Ստացվում է, որ «ԱրմենՏելի» հետ յուրաքանչյուր շփումը, թե պոտենցիալ, թե իրական բաժանորդների համար՝ գլխացավանքի է վերածվում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել