ՄՏԱԾՈՂ
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Բնականաբար, հայաստանյան յուրաքանչյուր
թերթի խմբագրի ամենամեծ երազանքը ֆինանսական կատարյալ անկախության հասնելն է: Ես
կարծում եմ, որ դա անիրականանալի երազանք չէ. հուսով եմ՝ մոտ երկու տարվա ընթացքում
մենք կկարողանանք դառնալ բացարձակապես ինքնաֆինանսավորվող թերթ: Այսօր էլ, եթե մեզ
օգնողներից որեւէ մեկը ինչ-ինչ պատճառով դադարի դա անել, «Առավոտն» այդ պատճառով
հաստատ չի փակվի, որովհետեւ օգնության ծավալը որոշիչ չէ, եւ երկրորդ՝ մեզ օգնելու
ցանկություն ունեցողները շատ են»,- ասաց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը,
որ հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբին՝ «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը»
ծրագրի շրջանակներում: Ըստ Ա. Աբրահամյանի, լրագրողների պրոֆեսիոնալիզմը վերջին
մի քանի տարիներին մեր տպագիր ԶԼՄ-ներում բարձրացել է, չնայած տպաքանակի կտրուկ անկմանը:
Իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ներում նախագահական ապարատի ուժեղ ճնշումը թույլ չի տալիս լրագրողներին՝
գործել պրոֆեսիոնալ եւ անաչառ: Հարցին՝ «ոչ վաղ անցյալում դուք ղեկավարում էիք մեր
հեռուստաընկերություններից մեկը, ինքներդ զգացե՞լ եք այդ ճնշումը», «Առավոտի» խմբագիրը
պատասխանեց. «Գուցե անհամեստ հնչի, բայց դժվար թե որեւէ մեկը համարձակվի ճնշում գործադրել
ինձ վրա: Սակայն չեմ բացառում, որ հենց դա էլ իմ ոչ երկարատեւ աշխատանքի պատճառներից
մեկն էր»: «Առավոտի» գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ աշնանը նորություններ
են սպասվում իր ղեկավարած թերթում ինչպես բովանդակային առումով, այնպես էլ՝ ինտերնետային
տարբերակում: «Գո՞հ եք, արդյոք, «Առավոտի» տպաքանակից, ազդեցությունից, ֆինանսական
վիճակից…» հարցին Ա. Աբրահամյանը պատասխանեց. «Իրականում այդ ամենը իրարից ինչ-որ
չափով տարանջատված Է: Տպաքանակից, բնականաբար, գոհ չեմ, սակայն մեզ մոտ գովազդի քանակը
վերջին երեք տարում երեք անգամ ավելացել է, ինչը խոսուն ցուցանիշ է: Իսկ ինչ վերաբերում
է ազդեցությանը, ապա մի օրինակ բերեմ. ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի
տպաքանակը 10 անգամ գերազանցում է «Իզվեստիայի» տպաքանակը, սակայն դժվար թե որեւէ
մեկը հերքի, որ վերջինիս ազդեցությունն ավելի մեծ է: Մեզ համար ոչ միայն ընթերցողների
քանակն է կարեւոր, այլեւ՝ որակը: Եվ մենք ցանկանում ենք տպաքանակը բարձրացնել միայն
որակյալ, մտածող ընթերցողների հաշվին: Աշխատում ենք նրանց համար»: Մ.
ԲԱՐՍԵՂՅԱՆ