Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ ինձ գոնե «10» նշանակել»

Օգոստոս 04,2005 00:00

Հայոց
լեզվի գրավորում հանձնաժողովին այդպիսի «ուղերձ» է զետեղել դիմորդներից մեկը: Երեկ
կիսվեց քննական մարաթոնը, եւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը արձանագրեց, որ քննական թեժ
ամառը փոխարինվում է «քննական հանգիստ ամառով»: ԿԳ նախարարը նորից վստահեցնում էր,
որ մոնիտորինգ իրականացնողների, այդ թվում եւ՝ նախագահի վերահսկողականի հետ ամեն
օր քննարկումներ են լինում եւ առ այսօր որեւէ խախտում չի գրանցվել: Ս. Երիցյանը միայն
նշեց, որ շատ մեծ թվով ծածկագրեր են հայտնաբերվել ֆիզիկայի քննության ժամանակ: Փաստերը
ցույց են տվել, որ ուսանողները ապավինում են ծածկագրերին՝ հիմնականում տեսական հարցերի
դեպքում: Այս տարի քիչ չեն նաեւ նամակները՝ ուղղված հանձնաժողովներին: Օրինակ, հայոց
լեզվի գրավոր քննություն հանձնող մի դիմորդ՝ Առինջ գյուղից, քննատետրի մեջ խնդրել
էր գոնե 10 գնահատել իրեն՝ խոստանալով, որ ընդունվելու դեպքում շատ լավ կսովորի:
Ի դեպ, նամակն էլ նա գրել էր բազմաթիվ տառասխալներով: Շատ են դեպքերը, երբ դիմորդները
«ծնողներին չվշտացնելու համար շուտ դուրս չեն գալիս, բայց արդյունքում տետրի մեջ
զանազան նկարներ են նկարում, հետո էլ ծնողներին ասում են՝ գրեցինք, բայց 0 դրեցին»,-
ասում է նախարարը: Ի դեպ, վատ լուր հայտնենք այն դիմորդներին, ովքեր կարծում
են, թե մաթեմատիկայից ավելի ուշ քննություն հանձնելու դեպքում կկարողանան կողմնորոշվել,
թե որ տարբերակներն են մնացել: Ըստ նախարարի, այս տարի տարբերակների թիվը մեծացվել
է՝ թեպետ թեմաների շրջանակը նույնն է: Այսինքն՝ քննությունների ավարտից հետո կմնան
սովորականից ավելի շատ տարբերակներ: Իբրեւ քննական հանգիստ ամառվա ապացույց,
նախարարը բերեց մի քանի փաստ: Այս տարի 1,5 անգամ կրճատվել է 1-ին բողոքարկումների
թիվը, 2,5 անգամ՝ կրկնակի բողոքարկումներինը եւ 2 անգամ՝ գնահատականների փոփոխման
դեպքերը: Բացակայությունների վիճակը նախարարը համարում է «ստաբիլ», եւ շեշտում, որ
քննությունն այս կամ այն պատճառով հետաձգող դիմորդները հիմնականում չեն փայլում գիտելիքներով.
նրանց մեկ տոկոսն է միայն հատում 17-18 միավորի սահմանագիծը, հիմնականում 8-10 միավոր
ստացողներն են: Նախարարը նաեւ հայտնեց որոշ մասնագիտությունների «բեռնաթափման» մասին,
ինչը մինչ այժմ դեռ չէր ներկայացվել: Այսպես՝ ԵՊՀ դիմած 4115 դիմորդներից արդեն դուրս
է եկել 496-ը: Իրավագիտության՝ 458-ից անբավարար է ստացել արդեն 37 հոգի, տնտեսագիտական
բլոկի 399-ից՝ 29-ը: ԵՊՀ դիմորդներից ամենաշատ անբավարար ստացել են երկրաբանության
մասնագիտության գծով դիմածները՝ մոտ 30%, եւ լրագրության բաժին դիմածները՝ մոտ 28%:
Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանի 1420 դիմորդներից անբավարար են ստացել
237-ը, այդ թվում՝ ընդերքաբանություն եւ մետալուրգիայի դեպարտամենտի դիմորդների մոտ
40%-ը: Նախարարի կանխատեսմամբ, այս բուհում որոշ մասնագիտությունների գծով հնարավոր
է թափուր տեղեր առաջանան: Նախարարի մի դիտարկում եւս. մարզային բուհերում
դիմորդներն ավելի բարձր ցուցանիշներ են դրսեւորում հումանիտար առարկաների գծով, քան՝
բնագիտական: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել