Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» նվերը տեղ չի հասել

Օգոստոս 04,2005 00:00

Ավելին, «իզի» քարտի համար հերթագրվածներին էլ քարտ չի հասել

«ԱրմենՏելի» ներկայացուցիչների պնդումները, թե խաթարված բջջային կապը օրեցօր լավանում է, այնքան էլ համոզիչ չեն, քանի որ այժմ էլ 5-6 փորձից հետո է միայն հաջողվում զանգել, այն էլ՝ երբ մայրաքաղաքում ես: Երեւանից դուրս կապը շատ ավելի վատ է, չնայած հեռախոսի ապարատը ցույց է տալիս, թե լիարժեք ցանցում ես:

Բացի դրանից, «իզի» քարտերի շատ բաժանորդների նույնիսկ ընկերության փոխհատուցած 1200-ական դրամը տեղ չի հասել, որը ընկերությունը, իբրեւ ներողություն վատորակ կապի համար, ավելացրել էր բաժանորդների գումարային հաշվեկշռին: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե բողոքներն «օդի մեջ են»՝ նշենք, որ «Առավոտի» աշխատակիցներից մեկն էլ «ԱրմենՏելի» նվերը չի ստացել: Ըստ երեւույթին ընկերությունում այս մասին տեղյակ էին, նման բողոքներ արդեն ստացել էին: Երբ լրատվական բաժնի աշխատակցին փոխանցեցինք «ներողության» սպասող բաժանորդների մտահոգությունը, ամենեւին չզարմացավ, ասաց, որ պատճառը տեխնիկական է եւ խորհուրդ տվեց ընկերության բաժանորդների սպասարկման բաժնին դիմում գրել եւ նվերը ստանալ:

Ինչքան կապը վատանում է, այնքան ակտիվանում է «իզի» քարտերի բջջային կապի օպերատորի երեւակայությունը: Վերջինից մեծ դժվարությամբ է հնարավոր ճշտել, թե որքա՞ն գումար է մնացել հաշվիդ: Յուրաքանչյուր փորձի դեպքում, բացի իրական թվից, օպերատորը հաղորդում է ցանկացած երեւակայական թիվ: Իսկ բաժանորդային բաժնի հետ, որտեղ պետք է պատասխանի ոչ թե ռոբոտը, այլ՝ «կենդանի» օպերատորը, ընդհանրապես հնարավոր չէ կապվել՝ լսափողը վերցնող չկա:

Քաղաքացիները լավ են հիշում, թե ամիսներ առաջ ինչպիսի «տուրուդմփոցով» են հերթագրվել՝ «իզի» քարտ ստանալու համար: Սակայն միայն թիվ 23, 24, 25 ԱՀԿ-ներում (ATC) շուրջ 800 բաժանորդի ինը ամիս սպասելուց հետո չի հաջողվել քարտ ստանալ: Նոյեմբերից հերթագրված Երեւանի բնակիչներ Սոնա Արշակյանին եւ Ռուզաննա Հովսեփյանին հուլիսի 10-ին «ԱրմենՏելից» զանգել ու ասել են, որ իրենց հերթը հասել է: Կանայք հարցրել են, թե մինչեւ երբ կարող են ստանալ եւ ստացել պատասխան՝ «մեկ ամսվա ընթացքում»: Սակայն օգոստոսի մեկին, երբ նրանք շտապել են ԱՀԿ, տեղեկացրել են, որ քարտի ստանալու ժամկետը սպառվել է, քանի որ դրա համար սահմանված էր երկու շաբաթ՝ մինչեւ հուլիսի 24-ը, ու ցույց տվել համապատասխան հրամանը: Ստացվում է, որ բնակիչներին խաբել են: Լրացուցիչ տեղեկացնենք, որ այսօր շուկայում չօգտագործված «իզի» քարտերը վաճառվում են 10-15 հազար դրամով:

«ԱրմենՏելից» այս հարցի առնչությամբ հայտնեցին, որ ժամկետը կրճատվելու մասին թերթերում լրացուցիչ հայտարարություն են տվել: «Հնարավոր է, չէ՞, որ մարդը թերթ չկարդա, այդ դեպքում ինչպե՞ս տեղեկանա փոփոխություններին, երբ աբոնենտային բաժնի աշխատակիցը նույնիսկ տեղյակ չէ եւ ապատեղեկատվություն է տալիս»՝ մեր այս դիտարկմանը ընկերությունից պատասխանեցին. «Հնարավոր է, որ որոշումը փոխվել է այն ժամանակ, երբ հերթագրվածներին արդեն զանգել-զգուշացրել էին գալ քարտը ստանալու»: Այդ դեպքում բաժանորդն ի՞նչ անի. «Թող գա դիմում գրի»: Ստացվում է, որ «ԱրմենՏելի» հետ յուրաքանչյուր շփումը, թե պոտենցիալ, թե իրական բաժանորդների համար՝ գլխացավանքի է վերածվում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել