Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՍՏԻՏՈՒՏ՝ 2 ՍԵՆՅԱԿԱՆՈՑԻ ԳՆՈ՞Վ

Օգոստոս 04,2005 00:00

Այդքան է գնահատված «Հայսեյսմշին» ինստիտուտի ունեցվածքը

Այս օրերին Հայաստանի սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները երկրի ղեկավարներին նամակներով տեղեկացնում են իրենց մոտ տեղի ունեցող սկանդալային գործընթացների մասին: Ինստիտուտը գործում է քաղաքաշինության նախարարության ենթակայությամբ:

Այս իրադարձության մեջ ամենաաղմկոտն այն է, որ Հայսեյսմշինին պատկանող մի շարք շենք-շինություններ, սարքավորումներ, վեց ու կես հեկտար տարածք, աշխատողների ներկայացրած տվյալների համաձայն, հաշվապահական հաշվեկշռում գնահատված են ընդամենը 11 միլիոն դրամ: Այսինքն, ինստիտուտի այդ ողջ ունեցվածքը գնահատվել է ընդամենը երկու սենյականոց բնակարանի գնո՞վ: Ըստ բաժնետեր-աշխատակիցների, խախտվել է բաց բաժնետիրական ընկերության վերածված ինստիտուտի ժողովներին մասնակցելու իրենց իրավունքը: Բողոքի համաձայն, չպետք է իրենց ինստիտուտը վերակազմավորվեր բաց բաժնետիրական ընկերության, քանի որ 80 տոկոս պետական բաժնեմաս կա: Ըստ նրանց, չկա հաստատված կանոնադրություն, իսկ տնօրենի ներկայացրած կանոնադրությամբ՝ հաշվետու ժողովը պետք է տեղի ունենար 6 ամսվա ընթացքում, որի վերջին ժամկետը հունիսի 30-ն է եղել: Այդ ժողովը տապալվել է, նույնիսկ քվեաթերթիկ չեն տպագրել, ըստ բողոքի: Գումարվել է 2-րդ ժողովը, որին նախորդել է մահացած բաժնետերերի իրավահաջորդների վեճը, դրան նույնիսկ նախարարության աշխատակիցները չեն մասնակցել: Այստեղ նախատեսված է եղել լսել հաշվետվությունը, ընտրել հսկիչ հանձնաժողով եւ այլն: Այս մի ժողովն էլ, աշխատակիցների ներկայացմամբ, օրինական չէ, որովհետեւ համարելով, որ ձայնի իրավունք ունեցողներին սխալ են հաշվել, 37 բաժնետերերից 29-ը լքել են դահլիճը՝ այդտեղ ընդունված որոշումները օրինականացնելու հիմք չտալու համար:

Համարելով, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ, աշխատակիցներն իրենց իրավունքների պաշտպանության խնդրանքով արդեն դիմել են ԱԺ նախագահին, մտադիր են դիմել նաեւ գլխավոր դատախազին:

Այս ամենի վերաբերյալ խնդրեցինք նաեւ ինստիտուտի տնօրեն Արմեն Մանասյանի պարզաբանումները: Ըստ պարոն Մանասյանի, «ինստիտուտը իր առաքելություններով հանրապետության տնտեսության համար հանդիսանում է հեռանկարային եւ ռազմավարական: Ունի ռազմավարության ծրագիր, որով մասնավորեցման նպատակ, խնդիր, խոսակցություն չկա: Ավելին, սեփականաշնորհման ցանկում ընդհանրապես այս օբյեկտը ընդգրկված չէ՝ ռազմավարական նշանակությունից ելնելով: Ինստիտուտի ունեցվածքի գնահատում երբեւէ չի կատարվել եւ աշխատակիցների ներկայացրած տվյալները զուտ հաշվեկշռային տվյալներն են, որոնք բացարձակապես կապ չունեն իրական արժեքի հետ: Ավելին, կադաստրային արժեքի գնահատման համաձայն, միայն շենք-շինությունները շուրջ 297 միլիոն դրամ են գնահատված, որը նույնպես շուկայական արժեքը չէ: Կադաստրային գնահատումը ընդամենը հիմք է գույքահարկ վճարելու համար»:

Ինչ վերաբերում է ԲԲԸ-ի վերածվելուն, ապա, տնօրենի պարզաբանմամբ, դա Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի պահանջն է, քանի որ բաժնետերերի քանակը անցնում է 49-ից: Ձայների իրավունքն էլ հաշվվում է ըստ բաժնեմասերի. «իսկ առաջին ժողովը չի կայացել ընդամենը քվորումի բացակայության պատճառով, նույն պատճառով չեն հանձնվել նաեւ նախօրոք տպագրված քվեաթերթիկները: Ինչ վերաբերում է վեճին, ապա ոչ թե վեճ է եղել, այլ պարզաբանում, քանի որ նրանցից պահանջվել է լիազորագրեր, ինչը չեն ունեցել»:

Ա. Մանասյանի տեղեկատվությամբ, մահացածների բաժնեմասերը դեպոզիտարիայում իրավահաջորդների անունով չգրանցելու վերաբերյալ բողոքներն այժմ ուսումնասիրում է Արժեթղթերի հանձնաժողովը:

Իսկ կանոնադրությունը, տնօրենի պնդմամբ, հաստատված է դեկտեմբերի ժողովում՝ բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ: Եվ հաստատվել է պետռեգիստրի կողմից: Տնօրենը հավաստիացրեց, որ ցանկացած բաժնետեր իրավասու է դրան ծանոթանալ: «Իսկ առաջին ժողովը իրականում ոչ թե տապալվել է, այլ չի կայացել քվորումի բացակայության պատճառով»,- պնդեց տնօրենը:

Ակադեմիկոսների մտահոգությունների վերաբերյալ պարոն Մանասյանը չցանկացավ մեկնաբանություններ անել:

ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել