Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ԴԵՌ ԳՈՀ ՉԵՆ

Օգոստոս 03,2005 00:00

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ԴԵՌ ԳՈՀ ՉԵՆ Օրերս Համայնքների միությունը քննարկել է սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու առաջարկություններ ներկայացրել: ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում շուրջ 19 հոդված վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ինչպես ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելուց առաջ, այնպես էլ այսօր՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացությունից հետո, ՀՀ համայնքների միությունը բավարարված չէ այդ փոփոխություններով: Օրերս ՀՀ համայնքների միությունը Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած խորհրդի նիստում հստակեցրեց իր դիրքորոշումը այդ փոփոխությունների վերաբերյալ, որոնք ամրագրվեցին հիշյալ նիստում ընդունված 11 կետից բաղկացած բանաձեւում: ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում պահպանվում է կառավարության կողմից Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նորմը, ինչը Համայնքների միության կարծիքով՝ «այդ իրավասության փոխանցում չէ դատարանին եւ ըստ էության չի վերացնում գործադիր իշխանության՝ քաղաքական հիմքերով համայնքի գործերին միջամտությունների հնարավորությունը»: Ամփոփելով Հայաստանի Հանրապետության համայնքների միության հանրապետական խորհրդի նիստում արտահայտված դիրքորոշումները, Միությունը մասնավորապես գտնում է, որ՝ «1. ՀՀ սահմանադրությամբ պետք է ամրագրվի ՀՀ ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման երաշխավորման մասին նորմ (ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծ, Հոդված 11.2): 2. Սահմանադրությամբ ավագանուն պետք է վերապահել քաղաքական հիմքերով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունք՝ պայմանով, որ միաժամանակ վայր են դրվում ավագանու անդամների մանդատները (ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծ, Հոդված 107): 3. Անհրաժեշտ է լիովին վերացնել համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ՀՀ կառավարության լիազորությունը (ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծ, Հոդված 109): 4. Սահմանադրությամբ պետք է ամրագրել համատեղ խնդիրներ լուծելու նպատակով միջհամայնքային միավորումներ ձեւավորելու՝ համայնքների իրավունքը, դրանք սահմանելով որպես հանրային իրավունքի իրավաբանական անձ եւ կառավարության կողմից միջհամայնքային միավորումներին ուղղակիորեն օրենքով լիազորություններ պատվիրակելու հնարավորությունը»: Բացի այդ, առաջարկվել է Երեւանում ձեւավորել երկաստիճան տեղական ինքնակառավարման համակարգ՝ քաղաքի եւ թաղերի մակարդակով. «Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի Երեւան քաղաքի բնակիչների կողմից: Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները պետք է անցկացնել ՀՀ սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում: Մարզպետների նշանակումը պետք է վերապահել ՀՀ կառավարությանը (ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծ, Հոդված 88.1)»: Միությունը կարեւորել է նաեւ առանձին կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկը պատգամավորներից ու կառավարությունից բացի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին նույնպես օրենսդրական նախաձեռնության իրավունք վերապահելու մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել