Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան» վնասում է մեր բիզնեսին

Օգոստոս 03,2005 00:00

«Եվրոպան» վնասում է մեր բիզնեսին Հայաստանի ներգնա տուրօպերատորները բոյկոտ են հայտարարել «Եվրոպա» հյուրանոցին Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից գործող նոր կարգի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է դոլարով կամ այլ արտարժույթով գնանշել ապրանքներն ու ծառայությունները: Հետեւելով կարգին, ներգնա տուրօպերատորները դիմել են իրենց հետ համագործակցող սպասարկման կազմակերպություններին, խնդրելով ներկայացնել իրենց ծառայության գինը՝ արդեն դրամի վերածած: Ինչպես երեւում է, բոլորն էլ գները ներկայացրել են դոլարի ներկայիս փոխարժեքով կամ աննշան փոփոխությամբ: Եվ միայն «Եվրոպա» հյուրանոցն է ներկայացրել 1 դոլարի դիմաց 500 դրամ փոխարժեքով գին, ինչն առիթ է դարձել փոխադարձ անհամաձայնության: «Դա չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված օրվա տարադրամի կուրսին: Փաստորեն, սա նշանակում է գների արհեստական բարձրացում տուրիստական սեզոնի ընթացքում՝ մոտավորապես 10-15 տոկոսով, ինչը միանգամայն հիմնավորված չէ եւ անընդունելի է»,- «Առավոտին» ուղղված գրավոր բողոքում դժգոհել են տուրօպերատորները: Գրությունը, որը նաեւ ժողովի արձանագրություն է, ստորագրել են 14 ընկերությունների նախագահներ: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը մի քանի անգամ հանդիպում է կազմակերպել «Եվրոպա» հյուրանոցի տնօրինության հետ, բացատրել ստեղծված կացության անընդունելիությունը տուրօպերատորական բիզնեսի համար, բերել օրինակներ այլ հյուրանոցների փորձից, թե ինչպես կարելի է երկուստեք նվազագույն կորուստներով ելք գտնել իրավիճակից, սակայն «եվրոպացիք» մնացել են անհողդողդ: Ուստի միությունը ստիպված է եղել հրավիրել ընդհանուր ժողով եւ որոշել՝ միության անդամ-ձեռնարկությունները միակողմանի դադարեցնում են պայմանագրային հարաբերությունները հյուրանոցի հետ, մինչեւ հետագա բանակցությունները եւ ընդունելի առաջարկությունները «Եվրոպայի» սեփականատիրոջ կողմից: Պարզաբանման համար «Առավոտը» դիմեց հյուրանոցի տնօրեն Նուբար Թաթարյանին: «Երկու տարվա մեր աշխատանքի մեջ ներգնա տուրօպերատորների կողմից հյուրանոցի ծանրաբեռնվածությունը չի գերազանցել 15 տոկոսը եւ որպես գործընկեր նրանք մեծ կորուստ չեն հյուրանոցի համար: Խնդիր չունենք եւ մեր բնականոն գործունեությունը դրանից չի խաթարվել: Ինչ վերաբերում է փոխարժեքը 500 դրամ սահմանելուն. անցյալ տարի դոլարի փոխարժեքի նվազումը մեզ մեծ վնաս տվեց, բայց պայմանագիրն արդեն կնքել էինք եւ ոչինչ չէինք կարող անել: Տուրիստական ընկերությունները դրանից, իհարկե, չվնասվեցին: Այս անգամ որոշեցինք մեզ ապահովագրել այդ նվազեցումից: Չե՞ն համաձայնում՝ իրենց խնդիրն է»,- ասաց նա: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել