Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո»-ն

Օգոստոս 03,2005 00:00

«Դինո»-ն վնասներ է պատճառում 2002-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ: Այդ օրերին խոստացվում էր, թե կոմբինատի սեփականաշնորհումից հետո կրկնապատկվելու է աշխատատեղերի թիվը: Այժմ պատկերը տրամագծորեն հակառակն է: «Դինո գոլդ մայնինգ քոմփընի» վերանվանված փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծում է այնպիսի պայմաններ, որ հանքերում աշխատող բանվորները դիմում գրեն եւ ազատվեն աշխատանքից: Աշխատակիցների հետ կնքվում են կարճաժամկետ պայմանագրեր, որոնք հաճախ չեն երկարաձգվում ու բանվորները դառնում են գործազուրկ: Պակասել է նաեւ աշխատավարձը: Ընկերության բանվորները գարնանը ստիպված էին գործադուլի դիմել՝ պահանջելով վճարել 2004-ի նոյեմբեր-դեկտեմբերի աշխատավարձերը եւ արձակուրդային գումարները: Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը մեր զրույցի ընթացքում նշեց. «Կապանի կոմբինատը սեփականաշնորհվելուց հետո նորմալ աշխատեց 1-2 տարի: Բայց այս վերջին շրջանում այլ կազմակերպությունների պարտք ունենալով՝ սնանկ ճանաչվեց եւ վերավաճառվեց»: 2002-ին գործարանի 100 տոկոս բաժնետոմսերը 1 մլն 250 հազար դոլարով վաճառվեցին շվեյցարական «Դինո» ընկերությանը, որը խոստանում էր միլիոնավոր ներդրումներ, աշխատատեղերի ավելացում: 2004-ի նոյեմբերին տնտեսական դատարանը սնանկ ճանաչեց «Դինոյին», եւ ընկերությունը լուծարվեց: Գործարանի 6 մլն դոլար գնահատված ունեցվածքն ամբողջությամբ անցավ «Դինո գոլդ մայնինգ քոմփընի»-ին: «Նոր սեփականատերը, կարելի է ասել, նոր էլ չէ,- ասաց Արմեն Կարապետյանը:- Նույն մարդն է՝ Փոլ Բուշեն, այն ժամանակ էլ էր ինքը: Եվ չգիտեմ, թե ինչ պատճառներով կատարվեց վերավաճառումը: Եթե նույն մարդը պիտի մնար սեփականատերը՝ ինչո՞ւ վաճառվեց»: Կապանի քաղաքապետը պնդում է, թե ընկերությունն իր գործունեությամբ «բավական լուրջ վնասներ է հասցրել տեղական բյուջեին: Կոնկրետ մեր քաղաքին 31 մլն դրամի վնաս է հասցրել եւ այդ գումարը չի վճարվել մինչ օրս: Այն ճանապարհն էլ, որ իրենք ընտրել են աշխատանքի համար՝ բավական լուրջ, ճակատագրական ու վատ հետեւանքներ ունի մեր քաղաքի համար: Ընկերությունն աշխատատեղերի կրճատումներ է կատարում՝ 1200 աշխատակիցներից արդեն 200 հոգու կրճատել են, եւ գործընթացը դեռ շարունակվում է: Ծրագրել են բավական կրճատումներ կատարել եւ չգիտեմ, թե ինչ թվի վրա կկանգնեն: Եվ ընդհանրապես՝ իրենց հետ բանակցելը շատ դժվար է: Ճիշտն ասած՝ քաղաքապետն ու քաղաքապետարանը չունեն էլ այդպիսի լծակներ: Թե՛ սեփականաշնորհման ընթացքում որոշ պայմանագրեր ճիշտ չեն կնքվել, թե՛ իրենք են «Աշխատանքային օրենսգրքի» կոպիտ խախտումներ անում: Ուղղակի պետք է տեղական արհմիութենական կոմիտեն լուրջ աշխատի, որ կարողանա պաշտպանել գործարանի աշխատակիցների շահերը: Սակայն առայժմ գործադուլների միջոցով սեփականատիրոջ վրա ազդելու փորձերն էլ չեն պսակվում հաջողությամբ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել