Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ

Օգոստոս 03,2005 00:00

ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԽՈՒԹԵՐԸ Սյունիքի նախկին մարզպետ Ռոման Նավասարդյանը, որ հիմա գլխավորում է «Նավռո» ընկերությունը, բավական վիճահարույց է համարում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհումը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը եւ միայն 2-րդ եռամսյակում վճարել է ավելի քան 12 մլրդ դրամի հարկ՝ կրկնակի ավելին, քան երկրորդ հորիզոնականում գտնվող «ԱրմենՏելը»: «Քաջարանի կոմբինատը մեր ծանր արդյունաբերության լոկոմոտիվն էր, որը պահպանվեց: Լեռնահումքային ձեռնարկությունների, ծանր արդյունաբերության հիմնական քաշող ուժն անկախանալուց հետո էլ այս կոմբինատն է»,- ասում է Ռոման Նավասարդյանը, որը ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր: Իսկ այժմ գլխավորելով «Նավռո» ՍՊԸ-ն՝ նա շարունակում է նույն գործը՝ զբաղվում հանքահումքային ձեռնարկությունների համար նոր տեխնոլոգիաների մշակմամբ, «համալիր օգտագործման եւ բնապահպանական մաքրության խնդիրներով»: Մեր խնդրանքով անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհմանը՝ պրն Նավասարդյանն ասաց. «Ինքս սեփականաշնորհմանը դեմ չեմ, բայց եթե տեսնում եմ դրա նպատակը, թե ինչո՛ւ են սեփականաշնորհում, որ ավելի զարգանա, դառնա առավել արդիական եւ այլն: Իմ կարծիքով, այս դեպքում չկար դրա կարիքը: 100 մլն դոլար շահույթ ունեցող ձեռնարկությունը, գունավոր մետաղների այս գների պայմաններում… Երբ ես էի տնօրեն աշխատում՝ մոլիբդենի գինը 15 անգամ պակաս էր, բայց դեռ այն ժամանակ էինք մենք աշխատում շահույթով: Իսկ այժմ՝ անգամ ներդրումների անհրաժեշտություն չկար. կոմբինատն ինքն իր ուժերով կարող էր նորացման նպատակով որոշ ներդրումներ անել, որոնք կպահանջեին առավելագույնը 15 մլն դոլար»: Այսուհանդերձ, իրականացված սեփականաշնորհման գործընթացն էլ, ըստ Ռոման Նավասարդյանի, իրականացվեց լուրջ բացթողմամբ. «Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում Քաջարանի գործարանի կոլեկտիվ, որն իր բոլոր պարտականությունները կատարել է պետության առջեւ, եւ ամեն ինչ պահպանել՝ 100 տոկոս հզորությամբ աշխատել է ձեռնարկությունը: Բայց փաստորեն այս կոլեկտիվին զրկեցին սեփականաշնորհման գործընթացին սահմանված 20 տոկոսով մասնակցելու հնարավորությունից: Մի կոլեկտիվի, որը բարոյական եւ տեխնիկական իր գործունեությամբ արժանի էր ավելիին»: Սյունիքի նախկին մարզպետը պատմեց, թե եղել է ծրագիր՝ ստեղծել մի կոնցեռն, որում կմիավորվեին գունավոր մետալուրգիայի ոլորտի մարզային բոլոր ձեռնարկությունները. «Ի՞նչ կտար այդ ծրագիրը: Այն հնարավորություն կընձեռեր, որ աշխատեին նաեւ մատակարարող ձեռնարկությունները: Իսկ Քաջարանի կոմբինատը կարիք ունի մեքենաշինության, սպասարկման, պահեստամասերի… Այդ կոնցեռնում կընդգրկվեին նաեւ շինարարական, գիտական կազմակերպություններ: Այդ մեծ ծրագրի հիման վրա նմանատիպ ինչ-որ բան ստեղծվեց, բայց իմ անձնական կարծիքով՝ ավելի թույլ, քան այն, ինչ նախատեսվում էր: Իսկ դրա համար ոչ մի օգնություն պետք չէր: Մանավանդ որ՝ 2000-ից հետո մոլիբդենի գները տասնապատիկ ավելացան, եւ ոչ ֆինանսական խնդիր կար, ոչ մասնագիտական… Ծրագրի իրականացման դեպքում այսօր Սյունիքում չէին լինի ո՛չ գործազրկության խնդիր, ո՛չ էլ սեփականաշնորհման անվան տակ կատարվող խաղերը»: Մի ուշագրավ իրողություն էլ ներկայացրեց պարոն Նավասարդյանը. «Կապանի եւ Ագարակի կոմբինատների սեփականաշնորհումից հետո դրանց կառավարումն իրականացրել է Քաջարանի կոմբինատը, որը պետական ձեռնարկություն է: Մարդիկ սեփականաշնորհում են, որ փոխեն կառավարումը: Բայց եթե սեփականաշնորհել են ու թողել, որ պետական ձեռնարկությունը կառավարի իրենց սեփական ձեռնարկությունը՝ եզրակացություններ անելը, կարծում եմ, դժվար չի, չէ՞: Ուրեմն՝ նորմալ կառավարում է եղել, եւ սեփականատերերը վստահել են»: Ամփոփելով մեր զրույցը՝ Ռոման Նավասարդյանն ասաց. «Այս տարվա ավարտից հետո կարվեն հաշվարկները, եւ կտեսնենք՝ ինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տալիս էր պետությանը, ավելի շա՞տ պիտի տա: Եթե այո՝ ուրեմն, ճիշտ արեցին, որ սեփականաշնորհեցին: Բայց 100 տոկոսով համոզված եմ, որ այդպես չի լինելու»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Կապան-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել