Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱԲՆԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ»

Օգոստոս 03,2005 00:00

Կարծում
է Արցախում եւ ՀՀ սահմաններում 13 գյուղ բնակեցրած «Երկիր» միության նախագահ Սեւակ
Արծրունին: «Շատ ենք անցյալով ապրում,- համոզված է «Երկիր» հասարակական կազմակերպությունների
միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին:- Այսօր Արցախում (Արցախ ասելով պրն Արծրունին
նկատի ունի նաեւ ազատագրված տարածքները- Լ. Օ.) կան հայկական վերահսկողության տակ
գտնվող որոշ տարածքներ, որոնք չպետք է ետ տանք: Այն տարածքները, որտեղ մենք ապրում
ենք, իրավունք չունենք վերադարձնել: Ես չեմ հավատում, որ որեւէ մեկը կարող է կանգնել
եւ քաղաքական քաջություն ունենալ՝ ասելու, որ մենք վերադարձնում ենք որեւէ հայաբնակ
տարածք, թեկուզ եւ այն լինի ազատագրված տարածքներում: Սա բացառված է: Անշուշտ, եթե
մեզ պատերազմ պարտադրվի, ինչ խոսք, գուցե ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն ամբողջությամբ
զիջենք»: «Երկիր» միությունը 1997թ.-ից մինչ օրս գործել է 13 բնակավայրերում,
որոնցից 7-ը կազմակերպության նախաձեռնությամբ կառուցվել են զրոյից, իսկ 6-ում իրականացվել
են բնակչության հիմնավորմանն ուղղված ծրագրեր: Դրանցից 11-ը գտնվում են Արցախում,
իսկ 2-ը՝ ՀՀ հյուսիս-արեւելյան սահմաններում: Այս ծրագրերով կառուցվել է ավելի քան
110 բնակելի տուն, 7 դպրոց, 7 բուժսպասարկման կենտրոն, 4 գյուղապետարան եւ 5 մանկապարտեզ:
«Բնակեցումը մեծագույն պատասխանատվություն է: Չես կարող կնոջը, երեխային տանել հիմնավորել
այնպիսի մի տեղ, որտեղ վաղը հնարավորություն չես ունենալու ապահովել նրանց անվտանգությունը:
Մենք չենք ծավալել այնպիսի գործունեություն, որի համար չենք կարողանա պատասխան տալ»,-
ասաց Ս. Արծրունին: «Երկիր» կազմակերպության ջանքերով բնակեցվում են միմիայն
սահմանային բնակավայրերը: Մեր զրուցակիցը նշեց, որ իշխանությունները տնտեսապես չեն
օժանդակել այս ծրագրերի իրականացմանը, թեեւ չեն էլ արգելել: Բոլոր ֆինանսական խնդիրները
լուծվել են միմիայն Սփյուռքի միջոցներով: Ս. Արծրունին համամիտ չէ նաեւ բոլոր
չհայաբնակեցված տարածքները միանշանակ վերադարձնելու գաղափարին. «Այս միտքն ինքնին
վտանգավոր է: Արցախում այսօր կան տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության
տակ, եւ որոնք գուցե վերաբնակեցված չեն, սակայն ներկայացնում են ռազմավարական մեծագույն
արժեք ոչ միայն Արցախի, այլ նաեւ ՀՀ անվտանգության առումով: Ժամանակին ծուլություն
ենք արել եւ չենք բնակեցրել այդ տարածքները: Ասում են՝ քանի որ մարդիկ այնտեղ չեն
ապրում, ուրեմն պետք է վերադարձնենք դրանք: Բայց կարելի էր, չէ՞, այնտեղ բնակվել,
հիմնավորվել: Նույնիսկ վաղն առավոտյան ուշ չէ սկսել այդ գործընթացը»: Պարոն
Արծրունու խոսքերով՝ «Ես քաղաքական գործիչ չեմ, այսինքն՝ ոչ ընդդիմությունից եմ,
ոչ իշխանությունից: Նույնիսկ ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չեմ (նա Ֆրանսիայի քաղաքացի է,
բայց 1997թ.-ից սկսած գործունեություն է ծավալում ՀՀ-ում եւ Արցախում, իսկ 2002-ին
հիմնադրել է «Երկիր» միությունը- Լ. Օ.) եւ կարող եմ անկաշկանդ արտահայտվել՝ ասելով,
որ մենք ետ չենք կարող տալ այն տարածքները, որոնց զիջումը ճակատագրական կլինի մեզ
համար: Ցանկացած հայ, ով էլ լինի նա, սկսած ՀՀ նախագահից մինչեւ վերջին հայորդին,
պետք է գիտակցի այս խնդիրը: Սա արդեն անվիճելի հարց է»: Մեր զրուցակիցն անդրադառնալով
այն հարցին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը արդյոք միջազգային ուժե՞րը
պետք է ապահովեն, հիշեցրեց, որ երբ Առաջին աշխարհամարտի ավարտին Մեծ Բրիտանիան փաստացի
վերահսկողություն հաստատեց այսօրվա Ադրբեջանի տարածքի վրա, նրա բանակի սպաների մեղսակցությամբ
մեծ թվով հայկական գյուղեր հայաթափվեցին: «Եթե մենք այսօր հոտը հանձնենք աղվեսին
կամ գայլին, ապա անիմաստ չէ՞ր դրանց համար այսքան ժամանակ պայքարելը»,- ասաց նա:
«Կա նաեւ հասարակության գիտակցության ձեւավորման հարցը: Պետք է վերջ տալ այս
կասկածամիտ, անորոշ, շվարած, շփոթված վիճակին: Դրությունը պարզ է եւ հստակ: Արցախի
բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ եւ որոնք մեր անվտանգության
խնդիրներից ելնելով պետք է լինեն հայկական, անհրաժեշտ է անհապաղ բնակեցնել: Սա պետք
է վերածել ազգային ծրագրի, իհարկե՝ առանց սեփական հնարավորությունների սահմաններն
անցնելու, առանց պոռոտախոսության եւ ռոմանտիկ լոզունգաբանության: Ի վերջո, հավատացած
լինենք, կզիջենք այն տարածքները, որոնք ժողովրդագրական տեսակետից եւ համախմբվածությամբ
չենք վերահսկում: Մենք մի քիչ շատ ենք անցյալով ապրում եւ հպարտանում: Եկենք ապրենք
մեր ներկան բարելավելով»,- եզրափակեց Սեւակ Արծրունին: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել