Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԸ»

Օգոստոս 02,2005 00:00

«ԱՌԱՎՈՏԸ» 11 ՏԱՐԵԿԱՆ Է Ու քանի որ «Աշխատանքը մեզ համար միշտ տոն է», մենք մեր ծննդյան տարելիցն անցկացրեցինք խիստ աշխատանքային մթնոլորտում: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք նշելու «Առավոտի» ծնունդը: Ուղղակի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ մեր թերթի 10-ամյակը տոնում էինք գրեթե 200 հրավիրյալներ, այս տարի դա կանենք «մենք-մերոնցով», բոլորի աչքից հեռու: Իսկ առայժմ մենք աշխատում ենք: Արմինե Ուդումյանը, որ «Առավոտի» տնտեսական էջի պատասխանատուն է, ինչպես միշտ շատ լուրջ է՝ Հայաստանի տնտեսությունը կատակներ չի սիրում, այլապես երկնիշ թռիչքաձեւ աճը կանգ կառնի: Շոգ հուլիսը ծանր ամիս էր Աննա Իսրայելյանի համար: Մարզային գործուղումները՝ Լոռի եւ Սյունիք, բեղմնավոր էին, բայց՝ հոգնեցուցիչ: Ո՞րն է լինելու հաջորդ մարզը՝ կորոշվի հետո, բայց առայժմ Աննան Երեւանում է, եւ հանգիստ շունչ քաշած քաղաքական գործիչները կրկին ստիպված են արտաշնչել: Հենց սկսվում են բուհերի ընդունելության քննությունները, կրթական էջի պատասխանատու Հասմիկ Բուդաղյանի տրամադրությունն ա՛յ այսպես բարձրանում է: Չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանը, Հասմիկը լավ լիցքեր է ստանում՝ լսելով բանավոր քննություն հանձնողների պատասխանները: «Լա՜վ էլի, Ծյոմ, կատակներդ թող, սրբագրածս նյութերը մաքրիր, քեզ սուրճ կտամ»,՝ հորդորում է մուտքագրող Արտյոմ Ղազարյանին սրբագրիչ Մելանյա Նահապետյանը: «Առավոտում» մի սենյակ կա, որտեղ օրվա ընթացքում լինում է առնվազն տասնյակ հյուր՝ հիմնականում ոտնահարված իրավունքներով կամ սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց համբերատար լսում եւ նրանց խնդիրներին անդրադառնում են մեր երկու Ռուզիկները: Սոցիալական էջի պատասխանատու Ռուզան Արշակյանը լսում է հերթական այցելուին: Քիչ են, քիչ են «Առավոտում» տղաները: Սակայն այս պարագայում կարեւորը քանակը չէ, այլ՝ որակը: Ուրիշ ո՞ր լրատվամիջոցում կտեսնեք քայլող դասական: Նախկին բանաստեղծ, ներկայումս արձակագիր եւ նույնիսկ վիպասան Արմեն Շեկոյանը «Առավոտում» տպագրվող իր վեպը «մաքուր ձեռագրով արտագրելու» ընդմիջումներին տղամարդկային թեմաներով՝ քաղաքականության եւ սեքսի մասին զրուցում է միջազգային հարաբերությունների լուրջ մասնագետ Տիգրան Ավետիսյանի հետ: Սրբագրիչներ Մարջիկ Մելքոնյանն ու Կարինե Խաչատրյանը վերջին անգամ կարդում են նյութերը՝ համոզվելու համար, որ ասենք՝ «հանճարը» «անճար» չի դարձել: Կամ ավելի վատ՝ «բանջար»: «Առավոտի» գլխավոր խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանը վերջին ցուցումներն է տալիս էջադրող Զառա Ավագյանին: Մինչ մեր սիրելի Անժիկը մուտքագրում է Շեկոյանի վեպի հերթական կտորը, մեր սիրելի Մարիշը նրան բացատրում է, թե որքան կարեւոր են թերթի համար գովազդները, եւ համոզում վեպը թողնել ու գովազդները մուտքագրել: Նաիրա Մամիկոնյանն արդեն վերադարձել է արձակուրդից, եւ վաղվանից կրկին «Առավոտում» կհայտնվեն նրա սուր հոդվածները: «Առավոտում» լրագրության ռահվիրաների կողքին աշխատում են նաեւ այս գեղեցիկ աղջիկները. մեր թերթի «ջահելները» ոչ միայն սիրուն են, այլեւ՝ աշխատասեր: Իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանն արդեն ընդունել է ոտնահարված իրավունքներով մի քանի քաղաքացու, եղել է մի քանի դատավարության, գրել է մի քանի հոդված եւ հիմա էջադրող Արմինե Գեւորգյանի հետ էջ է կապում: Իսկ մինչ թերթի ողջ անձնակազմն այսպես քափուքրտինք մտած աշխատում էր, բոլոր լրագրողներից «նյութերի վրա քրտնել» պահանջող գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը վայելում էր Վիեննայի գեղեցկությունը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ.- Ցավոք, այս լուսանկարչական ռեպորտաժը թերի է: Թերթի ծավալներն ինձ թույլ չտվեցին ներկայացնել, թե ինչպես են հանգստանում արձակուրդում գտնվող Նելլի Գրիգորյանն եւ Գոհար Հակոբյանը, ինչպես են աշխատում մեր մնացած թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը: Քաղաքական գործիչների հետ շփումներից հոգնած Մարգարիտ Եսայանը, որպես իսկական օջախի կին, արդեն գնացել էր տուն՝ չհասցնելով լուսանկարվել: Դեպի ընտանեկան օջախ էր շտապել նաեւ Աիդա Աղամալյանը: Չհասցրեցի լուսանկարել նաեւ «Առավոտի» տնօրեն Պետրոս Պետրոսյանին, որը երեկվա տոնական օրը կատարյալ դարձնելու նպատակով ամեն ինչ արել էր, որպեսզի խմբագրության աշխատակիցները ժամանակին աշխատավարձ ստանան: Գենադի Պետրոսյանի աշխատանքը սպասվում է գիշերը՝ տպարանում: Իսկ ամենացավալին այն է, որ չհաջողվեց մեկնել Նորվեգիա՝ այնտեղ գտնվող մեր սպորտային մեկնաբան Աշոտ Հակոբյանին լուսանկարելու համար: Եվ ընդհանրապես, չկարծեք, թե «Առավոտում» ոչ ոք աշխատանքի ժամին սուրճ չի խմում, հաց չի ուտում, չի ծխում, ոտը ոտին չի գցում: Ամեն ինչ էլ անում ենք, բայց՝ ոչ հրապարակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել