ՍՅՈՒՆԻՔԻ ԱՊԱՐԱՆԸ Այսպես են գորիսեցիներն անվանում Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանագծին գտնվող Տեղ գյուղը, որը համարվում է Սերժ Սարգսյանի ծննդավայրը: Թեեւ նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ իրականում Հայաստանի պաշտպանության ներկայիս նախարարը 1954-ի հունիսի 30-ին ծնվել է Ստեփանակերտում: Նրա ծնողներն են Տեղից, եւ այստեղ շատ բարեկամներ ունի: Եվ այդ գյուղի շատ բնակիչներ ժամանակին տեղափոխվել են Ստեփանակերտ: Այդ քաղաքում անգամ մի թաղամաս կա, ուր ապրում են գերազանցապես Տեղի գյուղացիները: Սյունեցիներն իրենք այս գյուղի բնակիչներին անվանում են «էշ տղըցիներ»: Սա առանձնապես վիրավորական չէ, քանզի այստեղ գրեթե ամեն բնակավայրի բնակիչները մի մականուն ունեն: Ասենք՝ խնձորեսկցիներին անվանում են «շուն», սիսիանցիներին՝ «սառը», գորիսեցիներին՝ «կլյաուզնիկ» եւ այդպես շարունակ: Թեեւ մենք գորիսեցիներին վերագրվող հատկանիշը միշտ լսել էինք սիսիանցիների մասին: Էլ ինչո՞վ է նշանավոր Տեղ գյուղը: Իր հայհոյախոսությամբ: «Քֆուրը Տեղից է դուրս եկել»,- ասում էին ինձ: Պատմում, որ այդ գյուղում խոսքի մեջ հայհոյանքներ են օգտագործում ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ: Ընդ որում՝ շատ կոլորիտով են հայհոյում, 5-10 հարկանի եւ կարելի է ասել՝ ստեղծագործաբար: Ինձ նման մի հայհոյանքի նմուշ ներկայացրին՝ որոշակի խմբագրումներով, եւ անգամ դրանից հասկացա, որ իրոք՝ տեղացիների երեւակայությունը հայհոյանքի հարցում չունի սահմաններ: Հասկանալի պատճառներով՝ այն չեմ կարող հրապարակել մամուլում: …Իսկ Տեղ գյուղին անդրադառնալու միտք առաջացավ ամիսներ առաջ, երբ Ղարաբաղում զրուցակիցներիցս մեկը բողոքում էր, թե ինչո՞ւ ենք մի հոգու պատճառով մենք՝ հայաստանցիներս, սկսել այդքան վատ վերաբերվել ղարաբաղցիներին: Հարցրի՝ «Բայց ինչո՞ւ մի հոգու պատճառով»: Եվ նա պատասխանեց. «Չհասկացանք՝ հենց Սերժիկը լավ բան է անում, ասում եք՝ Տեղ գյուղից է: Վատ բան է անում՝ դառնում է ղարաբաղցի: Վերջը պարզե՞լ եք՝ որն է այդ մարդու ծննդավայրը»: Ահա եւ պարզեցինք՝ ապագա թանգարանի տեղը ճշտված է: Ա. Ի.