Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՑԱԾՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ՞ ՄԵՂՔՈՎ

Օգոստոս 02,2005 00:00

Այսպես է կարծում պարապող ուսուցչուհին

«Այն, որ հայոց պատմության քննությունից դիմորդները ցածր միավորներ են հավաքում, մեղավոր են նաեւ պարապող ուսուցիչները: Նրանցից շատերը մինչ քննությունը չեն բացատրում երեխային, թե որ դեպքերում են միավոր հանելու: Ծնողներն էլ, նայելով երեխայի գրավորը, չեն հասկանում, թե ինչու են երեխային ցածր գնահատել»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի թիվ 48 դպրոցի ուսուցչուհի Սիրանուշ Նազարյանը, որ հանդես եկավ ե՛ւ իբրեւ ծնող, ե՛ւ իբրեւ դիմորդների հետ պարապող ուսուցիչ: Նա նշեց, որ որդուն քննության ուղեկցելիս ծանոթացել է հիմնականում շրջաններից ժամանած ծնողների հետ, որոնց երեխաները պարապել են երեք տարի առաջվա ծրագրով. «Այսինքն՝ պարապող ուսուցիչը մեծ պատասխանատվություն է վերցնում, բայց չի հասկանում, որ այդ երեխայի ճակատագրի հետ է խաղում: Ես հանդիպել եմ երեխայի, որ պահանջվող հարցին ավելացրել է մեկ ուրիշ ենթահարց, որը հարցաշարից վաղուց հանված է»: Փաստորեն, դիմորդը, պարապող ուսուցչի մեղքով, իզուր ավելորդ ժամանակ է վատնել, եւ դրանից ոչ մի օգուտ՝ հանձնաժողովը դա իբրեւ «պլյուս» չի դիտում:

Ըստ Ս. Նազարյանի դիտարկումների, հանձնաժողովը միջին միավորների դեպքում ավելի օբյեկտիվ է գնահատում. «Բարձր միավորների դեպքում նրանք կառչում են անգամ ամենաթեթեւ բառից: Օրինակ, իմ որդին գրավորում բաց է թողել ընդամենը մի նախադասություն, որը որոշիչ չէ, սակայն հանձնաժողովը դրա համար հանել է 0.5 բալ»: Սիրանուշի որդին ստացել է 18.5 միավոր, ինչը, ըստ նրա, անարդարացի էր. «Մենք գիտենք, որ 20 միավորը բացառված է, մեր առարկայի համար բարձրագույն միավորը 19-ն է»: Նույն օրը 18.5 միավոր հավաքել էր եւս մեկ աղջիկ, որը չցանկացավ ներկայանալ: Նա, ցույց տալով գրավորը՝ նշեց. «Ինձնից 0.5 միավոր են հանել ընդամենը տառասխալի համար. ես նշել եմ 322-328 թթ., սակայն կողքին գրել եմ 6-ամսյա՝ 6-ամյայի փոխարեն, սակայն պարզ է, որ եթե ճիշտ տարբերակը չիմանայի, թվերն էլ չէի նշի»:

Ի դեպ, ներկա ծնողները համոզված էին, որ հայոց պատմության 20 միավորները հասարակ մահկանացուների համար չեն: Սակայն Ս. Նազարյանը նշեց, որ հանձնաժողովը գրեթե միշտ օբյեկտիվ է գնահատում, եւ ստուգվում են առարկայի պահանջներին համաձայն:

Ծնողները բողոքում էին, որ ահավոր բարդ է երեխաների համար անգիր սովորել ողջ հայոց պատմության ծրագիրը, որը բաղկացած է մի քանի գրքից: Նրանցից շատերն ասում էին, որ երեխաները նույնիսկ առողջական պրոբլեմներ են ունենում այդքան մեծ ծավալով նյութ անգիր սովորելուց հետո: Նրանք առաջարկում են մի փոքր հեշտացնել տարբերակները կամ գոնե քննությունը անցկացնել բանավոր: Իսկ հիմա հանձնաժողովը գրավորները ստուգում է՝ դասագրքի տառին համապատասխան: Հիշեցնենք, որ վերջերս մեզ հետ զրույցում հայոց պատմության հանձնաժողովի նախագահը դժգոհում էր մեխանիկորեն անգիր արված եւ թղթին հանձնված աշխատանքներից:

Ի դեպ, մինչ օրս 20 միավոր չի գրանցվել նաեւ գերմաներեն, հայերեն, իտալերեն բանավորից, իտալերեն գրավորից, ընդհանուր պատմությունից, աշխարհագրությունից եւ ստեղծագործական մրցույթից: Այս առարկաներից, ինչպես նաեւ հայոց պատմությունից, ամենաբարձր միավորը 19-ն է:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել