Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուկաները գլխացավանք են դարձել

Օգոստոս 02,2005 00:00

Մալաթիայի երեք շուկաներն էլ համայնքն աղտոտում են

Մինչ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վերընտրված թաղապետ Աղվան Գրիգորյանը բնակիչների ժամանցի համար այգիներում նստարաններ, կարուսելներ ու բեմեր է տեղադրում կամ ավելացնում է կանաչ գոտին, համայնքում գործող գյուղմթերքի, սննդի եւ հագուստի տոնավաճառներն իրենց շուրջը ստեղծած փնթիության պատճառով նպաստում են, որպեսզի Մալաթիան դասվի ամենակեղտոտ համայնքների շարքին: Արդեն քանի տարի է, որ հագուստի տոնավաճառից մինչեւ «Լուսաստղ» առեւտրի կենտրոն ընկած հատվածը ասիական շուկայի է վերածվել: «Առավոտը» քանիցս անդրադարձել է այս խնդրին, սակայն պատկերը չի փոխվում: Ավելին, տարեցտարի Սեբաստիայի փողոցն ավելի է ծանրաբեռնվում առեւտրի կետերով ու տաղավարներով:

Ճիշտ է, հենց տոնավաճառների ներսում տարածքն աղտոտելու համար տուգանքներ է սահմանված եւ, անկախ այն բանից, թե աղտոտողն ով է՝ տուգանքը վճարում է տվյալ տարածքի վաճառողը, սակայն դա էլ չի փրկում: Ամենուրեք սննդի մնացորդներ են, ցելոֆանե տոպրակներ ու դատարկ արկղեր: Եվ մինչ աշխատանքային օրվա ավարտին աղբատար մեքենաները տարածքն աղբից կմաքրեն, երեկոյան քամին այն ցրում է համայնքով մեկ: Հատկապես հակահիգիենիկ պայմաններ են ստեղծված գյուղմթերքի բացօթյա եւ նրան հարակից սննդի շուկաներում: Դրանք գտնվում են երկու փողոցների արանքում, եւ ավտոմեքենաներից արձակված ծուխն ու փոշին ներծծվում են տաղավարներին դարսած սննդի մեջ: Օրվա «պիկ» ժամերին այդ հատվածն անանցանելի է: Առեւտրականների մեքենաները փողոցի երկայնքով կայանում են եռաշարք՝ զգալի կրճատելով ավտոմեքենաների երթեւեկելի հատվածը, փոխարենը փողոցի մեքենաները ստիպված մեկ շարքով են երթեւեկում, ինչն էլ պարբերաբար խցանումներ եւ վթարային իրավիճակներ է առաջացնում: Հարակից փողոցների բնակիչների համար մշտապես գլխացավանքի ու լարվածության առիթ են ավտոմեքենաների չընդհատվող ազդանշանները: Այդ հատվածում հերթապահող պետավտոտեսուչների համար էլ է երեւույթը սովորական դարձել: Նրանք ոչ միայն վարորդներին չեն նեղացնում անհարկի ազդանշաններ արձակելու համար, այլեւ խցանումներին էլ չեն միջամտում՝ թողնելով վարորդների «գլուխ հանելուն»:

Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի փողոցի մի խումբ բնակիչներ էլ, ճիշտ է, սեփական համայնքում առաջընթաց արձանագրում են, բայց միայն՝ կենտրոնական հատվածում: Նշյալ հասցեի 10-15 շենքերի բնակիչների, այդ թվում՝ դպրոցահասակ երեխաների, ոտքի միակ ճանապարհը անբարեկարգ է: Այն կանգառին կապող միակ ճանապարհն է: Մոտ 150 մետր ձգվող արահետի՝ խորհրդային տարիներից մնացած սալիկներն ամբողջովին մաշված են: Իսկ դուրս ցցված երկաթները վնասում են մարդկանց ոտքերն ու հագուստը: Բնակիչների հավաստմամբ, այդ մասը ձմռանը հաստ շերտով սառցակալում է. «Ձմռանը բողոքում ենք, ասում են՝ ամռանը կասֆալտապատենք, ամառն անցնում է՝ մոռանում են»: Թաղապետի ընտրությունների ժամանակ ճանապարհի հարցը լուծելու խոստում հաջողվել է «պոկել», սակայն, բնակիչների խոսքերով, խոստացել էր չընտրված թեկնածուն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել