Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՊԱՐԱՆԸ

Օգոստոս 02,2005 00:00

ՍՅՈՒՆԻՔԻ
ԱՊԱՐԱՆԸ Այսպես են գորիսեցիներն անվանում Հայաստանի եւ ԼՂՀ-ի
սահմանագծին գտնվող Տեղ գյուղը, որը համարվում է Սերժ Սարգսյանի ծննդավայրը: Թեեւ
նրա պաշտոնական կենսագրության համաձայն՝ իրականում Հայաստանի պաշտպանության ներկայիս
նախարարը 1954-ի հունիսի 30-ին ծնվել է Ստեփանակերտում: Նրա ծնողներն են Տեղից, եւ
այստեղ շատ բարեկամներ ունի: Եվ այդ գյուղի շատ բնակիչներ ժամանակին տեղափոխվել են
Ստեփանակերտ: Այդ քաղաքում անգամ մի թաղամաս կա, ուր ապրում են գերազանցապես Տեղի
գյուղացիները: Սյունեցիներն իրենք այս գյուղի բնակիչներին անվանում են «էշ
տղըցիներ»: Սա առանձնապես վիրավորական չէ, քանզի այստեղ գրեթե ամեն բնակավայրի բնակիչները
մի մականուն ունեն: Ասենք՝ խնձորեսկցիներին անվանում են «շուն», սիսիանցիներին՝ «սառը»,
գորիսեցիներին՝ «կլյաուզնիկ» եւ այդպես շարունակ: Թեեւ մենք գորիսեցիներին վերագրվող
հատկանիշը միշտ լսել էինք սիսիանցիների մասին: Էլ ինչո՞վ է նշանավոր Տեղ գյուղը:
Իր հայհոյախոսությամբ: «Քֆուրը Տեղից է դուրս եկել»,- ասում էին ինձ: Պատմում, որ
այդ գյուղում խոսքի մեջ հայհոյանքներ են օգտագործում ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ:
Ընդ որում՝ շատ կոլորիտով են հայհոյում, 5-10 հարկանի եւ կարելի է ասել՝ ստեղծագործաբար:
Ինձ նման մի հայհոյանքի նմուշ ներկայացրին՝ որոշակի խմբագրումներով, եւ անգամ դրանից
հասկացա, որ իրոք՝ տեղացիների երեւակայությունը հայհոյանքի հարցում չունի սահմաններ:
Հասկանալի պատճառներով՝ այն չեմ կարող հրապարակել մամուլում: …Իսկ Տեղ գյուղին
անդրադառնալու միտք առաջացավ ամիսներ առաջ, երբ Ղարաբաղում զրուցակիցներիցս մեկը
բողոքում էր, թե ինչո՞ւ ենք մի հոգու պատճառով մենք՝ հայաստանցիներս, սկսել այդքան
վատ վերաբերվել ղարաբաղցիներին: Հարցրի՝ «Բայց ինչո՞ւ մի հոգու պատճառով»: Եվ նա
պատասխանեց. «Չհասկացանք՝ հենց Սերժիկը լավ բան է անում, ասում եք՝ Տեղ գյուղից է:
Վատ բան է անում՝ դառնում է ղարաբաղցի: Վերջը պարզե՞լ եք՝ որն է այդ մարդու ծննդավայրը»:
Ահա եւ պարզեցինք՝ ապագա թանգարանի տեղը ճշտված է: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել