Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱ՞Ն Է ԳՈՐԻՍԸ ՊԱՏԱՆԴ ՄՆԱԼՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ

Օգոստոս 02,2005 00:00

Հուլիսի 28-ին լրացավ Հովհաննես Բադալյանի որդու 2 տարին: Նա 6 ամսական էր, երբ հորը շքամուտքում իրենց պատահաբար դիպչելու համար դանակահարելով սպանեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբայրների որդիները:

Նրանցից մեկն այսօր ազատության մեջ է: 1970-ին ծնված Հովհաննես Բադալյանի սպանությանը ժամանակին անդրադարձել էր հանրապետական մամուլը:

Այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) եղբորորդիներ Էյնեռ եւ Մայիս Խաչատրյանները 2004-ի փետրվարի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում՝ Գորիսի Սյունիքի 130 շենքի շքամուտքում դանակի տասնյակ հարվածներ հասցնելով սպանել էին Հովհաննես Բադալյանին՝ նրա երկու անչափահաս երեխաներին թողնելով որբ:

Նա մահացել էր մարտի 1-ի լուսադեմին՝ հիվանդանոցում: Սա Սուրեն Խաչատրյանի եղբայրների (Սեյրան եւ Սերոբ Խաչատրյաններ, համապատասխանաբար՝ «Աղալար» եւ «Հոպոպ» մականուններով) որդիների հերթական չարագործությունն էր:

Փոքր-ինչ ավելի մանրամասնենք, թե ինչ էր կատարվել այդ ժամանակ: Էյնեռ Խաչատրյանը կապված էր 130 շենքում ապրող մի կնոջ հետ եւ հարբած եկել էր նրան այցելության:

Կինը փոքր-ինչ հապաղել էր: Էյնեռ Խաչատրյանն առաջին հարկում սպասել էր՝ հազիվ ոտքի վրա կանգնելով: Հովհաննես Բադալյանը մթության մեջ չէր տեսել, որ նա այդտեղ կանգնած է եւ մի պահ կպել էր իրեն: Ինչպես հետո հիվանդանոցում պատմել է Հովիկը մորը՝ Էյնեռը հրել էր իրեն, ինքը ներողություն էր խնդրել, ասել, որ չի տեսել. «Ես գլխի չընկա, թե ինձ հետ ինչ կատարվեց: Իսկ երբ արդեն հասկացա՝ ի վիճակի չէի որեւէ բան անել»:

Կռիվ էր սկսվել, եւ Էյնեռը անսպասելի հարվածով, հանկարծակի գետնին էր գցել Բադալյանին:

Ի դեպ, նրանց միջեւ խնամիական կապեր կան, սակայն Խաչատրյանները չեն էլ իմացել, որ դա իրենց ծանոթն է: Վիճաբանության ձայները լսելով՝ դրսից եկել էր Մայիս Խաչատրյանը եւ դանակով 12 հարված հասցրել արդեն ընկած Հովհաննես Բադալյանին, որն ի վիճակի չի եղել պաշտպանել իրեն:

Օրերս այցելելով Սյունիքի մարզ՝ փորձեցինք պարզել, թե ինչ շարունակություն ունեցավ այս գործը, արդյոք Սուրեն Խաչատրյանը հավատարիմ մնա՞ց հրապարակավ տրված իր այն խոստմանը, թե չի միջամտելու քննությանը եւ մեղավորներն անպայման կկրեն պատասխանատվություն: Պարզվեց, որ Սուրեն Խաչատրյանն անձամբ է ջանացել անել ամեն ինչ, որ փրկի եղբայրների որդիներից գոնե մեկին: Սա չի հաջողվել նախաքննության փուլում, որ նորմալ է ընթացել՝ գործը գտնվել է հանրապետության դատախազի հսկողության տակ, քննությունը վարել է քննիչ Համլետ Զաքարյանը, արարքը որակվել է դիտավորյալ սպանություն:

Մարզպետի ջանքերը հաջողությամբ են պսակվել դատարանում՝ Էյնեռը հայտնվել է ազատության մեջ, թեեւ հենց ի՛նքն էր մեղավոր կատարվածի մեջ, առաջին հարվածն ի՛նքն էր հասցրել: Դեռ Մայիսին էլ են փորձել արդարացնել, թե խմած է եղել եւ չի հասկացել՝ ինչ է անում: Սակայն ի վերջո պատասխանատվությունը կրել է միայն նա:

Դատավարությունը սկսվել է 2004-ի հունիսին եւ տեւել շուրջ կես տարի: Գործի դատական քննությունը Սյունիքից տեղափոխվել էր Վայք, որ իբր այնտեղ ունենա ավելի անաչառ ընթացք: Սակայն անգամ Գորիսից Վայք տեղափոխվելով էին կատարվածի վկաները՝ շենքի բնակիչները, որոնք տեսել կամ լսել էին այդ ամենը, դատարանում հայտարարում, թե չեն ճանաչում Խաչատրյաններին: Այդքան մեծ է վախն ու ահուսարսափը Գորիսի «ցար Լիսկայի» եւ նրա մերձավորների հանդեպ:

Մեղադրող Վարդգես Գեւորգյանը միջնորդել էր Էյնեռ Խաչատրյանին ազատազրկել 9 տարով, իսկ Մայիս Խաչատրյանին՝ 13: Սակայն Վայքի 1-ին ատյանի դատարանի դատավոր Լյովա Պողոսյանը որոշեց Մայիս Խաչատրյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման եւ վերաորակեց Էյնեռ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը: Վերջինիս պատժաչափ սահմանվեց ընդամենը 1,5 տարվա ազատազրկում, հաշվարկվեց արդեն իսկ կրած պատիժը եւ 15-20 օր անց Էյնեռը հայտնվեց ազատության մեջ:

Որեւէ մեկին պետք չէ բացատրել, թե ինչպես են կայացվում նման վճիռները: Եվ իրոք բարոյականության իսպառ բացակայության մասին է խոսում, երբ դատավորը կարողանում է փող աշխատել սպանության գործում՝ հանցագործին թողնելով ազատության մեջ:

Գորիսում մեր զրուցակիցները կասկածում են, որ միջոցներ տրամադրողը հենց Սուրեն Խաչատրյանն է եղել, այլապես նրա եղբայրներն այդքան գումար չունեին էլ՝ իրենց որդիներից գոնե մեկի համար ազատություն գնելու համար:

Մեղադրողը բողոքարկեց դատավճիռը, սակայն վերաքննիչ դատարանն այն թողեց անփոփոխ:

Էյնեռ Խաչատրյանն այժմ էլ շրջում է Գորիսում՝ անպատիժ, ու շարունակում դրսեւորել նույն լկտի եւ անպատիժ պահվածքը: Եվ որքան տեղյակ ենք՝ սա Սուրեն Խաչատրյանի բարեկամների վերջին տարիներին իրականացրած միակ հանցագործությունը չէ, որոնց համար նրանք այդպես էլ չեն ենթարկվում պատասխանատվության: Իհարկե, նման հովանավորի առկայությամբ պատժի մասին խոսելն անգամ ծիծաղելի է:

Այս ամենն իմանալով՝ ուղղակի ծաղրի պես են հնչում այն խոսքերը, որ Սյունիքի մարզպետի հասցեին գրում են իբր երախտապարտ սյունեցիները persons.am կայքէջում. «Դուք իրոք անկրկնելի անհատ եք եւ մեծ հայ», «Դուք Հայաստանի քաղաքական դաշտում առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում», «Ժողովրդավարության ջատագով եք», «Ես հույսով եմ, որ դուք կդառնաք վարչապետ եւ Հայաստանը կհանեք այս վիճակից»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Գորիս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031