Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ

Հուլիս 30,2005 00:00

ՍԱ ԵՐԵՎԱ՞ՆՆ Է… Երբ ժխտում ես անցյալը՝ ապագան ժխտում է քեզ «Երբ Մոնումենտի բարձունքից նայում ես Երեւանին…» Քանի՜-քանի ակնարկներ, պատմվածքներ ու դպրոցական շարադրություններ են սկսվել այս արտահայտությամբ: Դրան սովորաբար հաջորդել է քաղաքի կենտրոնի հիացական նկարագրությունը՝ կանոնավոր փողոցներ, շենքերի ու տների համաչափ դասավորություն, պատմական, քաղաքաշինական կոթողներ, հուշարձաններ ու շատրվաններ, այգիներ ու պուրակներ: Այսօր, երբ Մոնումենտի բարձունքից նայում ես Երեւանին, ապա բետոնե, ապակու ու քարերի մի անկանոն համաձուլվածք ես տեսնում, ճարտարապետական մի քաոս, տեղ-տեղ անկանոն վեր ցցված բարձրահարկերով, որեւէ նորմի չհամապատասխանող շինություններով ու թաղերով: Ամեն ինչ անհրապույր է, տհաճ եւ մոխրագույն: Իսկ այգիներն ու պուրակնե՞րը, կանաչ հատվածները: Կանաչ հատվածների կարող եք հանդիպել միայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծում: Թղթի վրա: Երկաթբետոնի ջունգլի՞ Պատմությունը կրկնվում է, եւ դա նրա հիմնական թերությունն է Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու անցյալ դարերից անվնաս կամ գոնե մասամբ, մեզ են հասել միայն եկեղեցիներ, մատուռներ ու վանքեր: Իսկ ո՞ւր են քաղաքացիական կառույցները՝ իջեւանատները, պանդոկները, թատրոններն ու մշակույթի այլ օջախները, պալատներն ու ազնվականների կալվածքները: Ինչո՞ւ նույնիսկ դրանց ավերակները մատների վրա կարելի է հաշվել: Տեսնելով, թե այսօր ինչ է կատարվում քաղաքաշինության բնագավառում, ինչպես, ինչ սկզբունքներով են նոր պողոտաներ ու թաղամասեր կառուցում, ինչպես, որտեղ եւ ում են հողհատկացումներ կատարում, նոր շինությունների ինչ նախագծեր են հաստատում, կարելի ենթադրել, թե ինչ ճակատագրի են արժանացել անցյալի մեր քաղաքացիական կառույցները: Նույն ճակատագրին, որին այս տարի արժանացավ, ասենք, 1909-1914թթ. ճարտարապետ Բ. Մեհրաբյանի կառուցած, մինչեւ վերջերս Աբովյան 1/4 հասցեն կրող շենքը՝ Երեւանի առաջին կաշեգործարանի տեր Գաբրիել Գաբրիելյանի նախկին սեփականությունը, որ նախ ինչ-ինչ պատճառներով տեղ չէր գտել «ՀՀ Երեւան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի»8221մեջ, հետո, երբ մի կերպ 8220«տեղավորվեց»8221 ցուցակում, ոլորտի ղեկավար այրերը որոշեցին «անշարժ հուշարձանը»8221շարժական դարձնել: Խնամքով համարակալեցին քարերը՝ իբր շինությունը այլ վայր տեղափոխելու համար եւ անմիջապես հողին հավասարեցրին՝ բուլդոզերով: Ընդ որում, շինության ներկայիս սեփականատերը համաձայն էր այնպես վերակառուցել շինությունը, որ պահպանվեն դրա արժեքավոր հատվածները՝ ներառյալ աստիճաններն ու բուխարիները: Նույնիսկ ԱՄՆ-ում համապատասխան նախագիծ էր պատվիրել: Սակայն «Կենտրոնի կառուցապատում» հայրենական ԾԻԳ-ը այն չէր հաստատել: Ասում են, որ պատմական հուշարձանը քանդել են «ֆայլաբազարի»8221որակյալ կադրերի օգնությամբ՝ «քանդեք, ձեր քանդած շինանյութն ու փայտերը՝ ձեզ»8221 սկզբունքով: Նույն ճակատագրին արժանացավ «Սեւան» հյուրանոցի շենքը: Նման ապագա է նախատեսված 8220Սպայի տան8221 համար, որտեղ ժամանակին գործել է Ջանփոլադյանների թատրոնը: Ո՞րը թվես: Ո՞րն էր այդ շինությունների մեղքը: Միայն այն, որ ճակատագրի կամոք գտնվում էին 8220«Էլիտար տարածքում», եւ նրանց գոյությունը հակասում էր մեր քաղաքի հզորների շահերին ու ցանկություններին: Իսկ ի՞նչ ենք ստանում փոխարենը: Դա էլ կարելի է պատկերացնել, ասենք Աստաֆյան եւ Աբովյան փողոցի օրինակով: «Աստաֆյան» եւ 8220«Ալեն-Էլեն» համալիրներով արդեն իսկ այլանդակված փողոցին սպասվում է մեկ բարձրահարկ՝ Թումանյան-Աբովյան խաչմերուկում, մեկ ուրիշը՝ Պուշկինի եւ Աբովյանի խաչմերուկում ու էլի այլ նմանատիպ հրեշներ: Մի խոսքով, կամաց-կամաց, այսինքն՝ ոչ էլ կամաց, բավականին արագ Երեւանի կենտրոնը վերածում ենք 8220երկաթբետոնե ջունգլիի: Պետության կողմի՞ց, թե՞ կառավարության որոշմամբ (Չկա այնպիսի մայրուղի, որ մեր ղեկավարները չկարողանան փակուղի դարձնել) Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս Երեւանը հասցրինք այս օրին: Չէ որ ոմանք ասում են՝ մենք իրավական պետությունում ենք ապրում: Ուրեմն ինչպե՞ս, ի՞նչ հիմունքներով են ավերում պատմական արժեքները: Չէ՞ որ դրանք պահպանվում էին պետության կողմից: Գոնե թղթի վրա:8230 Անկեղծորեն ասած՝ խորհրդային տարիներին էլ դրանք առանձնապես չէին պահպանվում: Որքան քանդեցին՝ քանդեցին, հետո էլ՝ ցուցակագրեցին մնացածը, ամեն մեկի պատին մի-մի ցուցանակ փակցրեցին ու մոռացան դրանց մասին: Ոչ պահպանություն, ոչ նորոգում կամ վերակառուցում: Անկախացումից հետո խորհրդային տարիների հուշարձանների ցուցակը, որպես անցյալի մնացուկ, չեղյալ հայտարարվեց: Հիմնավորումը միանգամայն հասկանալի էր՝ իշխող երկաթբետոնե տրամաբանության շրջանակներում: Պետք էր ազատագրվել բռնապետական հուշարձաններից՝ ասենք Լենինի արձանից եւ դրա համար պետք էր իրավական հիմք ստեղծել: Այդպես էլ հուշարձաններն անպաշտպան մնացին մինչեւ 2004 թվականը: Իմ խորին համոզմամբ, սպասեցին մինչեւ անարգել մաքրեն տարածքը «դարի կառույցի»՝ Հյուսիսային պողոտայի համար, ու երբ բուլդոզերներն արդեն իրականացրել էին ավերը, վերջապես նոր ցուցակ հաստատեցին: Երեւան քաղաքում, ըստ այդ ցուցակի, մնաց 450 հուշարձան: Սակայն ցուցակի մեջ հայտնվելն անգամ չի կարող ապահովագրել մեր պատմական շինությունները կործանումից: Այստեղ արդեն իր կործանարար դերը կարող է ունենալ 8220«Անշարժ գույքի մասին»8221 ՀՀ օրենքը, որը նախատեսում է 8220«հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարում»: Ու թեպետ նույն օրենքը նախատեսում է նաեւ, որ սեփականության օտարումը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է կատարվի օրենքով, որով յուրաքանչյուր դեպքում կհիմնավորվի օտարման կոնկրետ դեպքի բացառիկությունը, կսահմանվի փոխհատուցման իրական չափն ու կարգը, կսահմանվի օտարման ընթացակարգը, դրույթներ, որ 1998 թվականի իր որոշմամբ հաստատել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը, բայց դե մեզ մոտ ո՞ր օրենքն է գործում, որ այս մեկը գործի… Երեւի Կառավարությանն էլ կարելի է հասկանալ: Երբ տասնյակներով պատմամշակութային կառույցներ ես քանդում, հո չե՞ս կարող ամեն կոնկրետ դեպքի համար օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով դիմել: Որքան էլ վերջինս գրպանային լինի: Արդյունքում՝ պատմական, մշակութային հուշարձանները Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվում եւ տնօրինվում են ոչ թե օրենքով, այլ Կառավարության որոշումներով: Հաջորդ Զոհը (երը) (Նրանք չգիտես ինչու համոզված են, որ եթե շքեղ առանձնատներ ունեն եւ թանկարժեք մեքենաներ, ապա միշտ ճիշտ են) Հուշարձանների վերոնշյալ ցուցակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ հնարավորություն է տալիս անսխալ գուշակել, թե որն է լինելու մեր քաղաքի հզորների հերթական զոհը: Ցուցակին կից՝ 8220տեղափոխման ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ենթացուցակ կա: Այստեղ 14 շենք է ընդգրկված, որից 12-ը՝ Բուզանդի, Արամի եւ Կողբացու փողոցներում: Պարզից էլ պարզ է, որ հերթական զոհը Գլխավոր պողոտայի՝ Աբովյան-Կողբացու եւ Արամի-Բուզանդի փողոցների միջեւ ընկած հատվածն է: Իսկ հաջորդն էլ Կոնդն է, որի ոչ մի շինություն տեղ չի գտել պահպանվող հուշարձանների ցուցակում: Ուրեմն՝ կարելի է մի քանի գրոշ նետել կոնդաբնակներին, տարածքները ձեռքներից առնել ու հողին հավասարեցնել: Հո չե՞ս թողնի, որ Կոնդի նման կենտրոնական, էլիտար վայրը տնօրինեն ինչ-որ սովորական քաղաքացիներ: Բա նորահարուստները որտե՞ղ սարքեն իրենց ճչուն առանձնատներն ու 8220էլիտար8221 բարձրահարկերը: (Թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես կոչ եմ անում նոր հայերին զրկել այդ բարիքներից: Քավ լիցի: Ինձ, իսկ իմ նմանները, հավատացեք, շատ են, պետք չեն ձեր 8220Համերներն8221 ու դղյակները: Թող բոլորը ձեզ լինի: Մեզ մեր քաղաքի պատմությունն է պետք, հուշարձաններով հիանալու հնարավորությունը: Էլի սեփականացրեք, բայց մի քանդեք, մի աղավաղեք): Իսկ Գլխավոր պողոտայի նշված տարածքի իրացումն արդեն իսկ սկսված է: Մասամբ: Ընտրովի: Նույն տարածքում բնակվող Իտալիայի քաղաքացու սեփականությունը չեն շտապում օտարել: Դե, արտասահմանցի է, աստված գիտե, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ: Այ մեր հայրենակիցներին8230 կարելի է անարգել, կոպտել, վռնդել, քաշքշել…8230 Չէ՞ որ մեզ մոտ կապիտալիզմն էլ մի տեսակ խորհրդային է…8230 Թամանյանը՝ քավության նոխազ (Մարդկանց համար մենք օրենքներ ենք ստեղծում, իսկ մեզ համար՝ բացառություններ) Այս ծրագիրը, ինչպես եւ մի շարք այլ ծրագրեր, հիմնավորում են Մեծն Թամանյանի հատակագծով: Թե՝ Թամանյանն այպես է նախագծել, մենք էլ իրականացնում ենք: Ասեմ, որ, իմ խորին համոզմամբ, Թամանյանն ինքը նույնպես քիչ արժեքավոր շինություններ չի ավերել… Բայց դա այլ խոսակցության նյութ է: Այստեղ, ինչպես եւ շատ այլ ոլորտներում, ամենասարսափելին կրկնակի ստանդարտներն են: Եթե այդքան անվերապահորեն ընդունում եք Թամանյանի հատակագիծը, ապա ինչու եք այն «ռեւիզիայի ենթարկում»: Ինչո՞ւ ամբողջությամբ չեք իրացնում վերոհիշյալ տարածքը, այլ խնայում եք Աբովյան-Արամի եւ Աբովյան-Բուզանդի խաչմերուկների շինությունները: Դա է՞լ է Թամանյանը նախատեսել: Իհարկե՝ ոչ:8230 Թամանյանի ժամանակ Սուքիասյաններ եւ Հովնանյաններ չկային. ավելի ճիշտ՝ նման հզոր ազդեցություն չուներին: Իսկ Հյուսիսային պողոտա՞ն: Մի՞թե Թամանյանը այդ լայնության եւ այդ բարձրության շինություններով էր պատել իր «ապագայի կառույցը»: Պետք չէ ամեն ինչ Թամանյանի ուսերին բարդել, գոնե պատասխանատվությունը ձեզ վրա վերցնելու համարձակություն ունեցեք: Պայքար հողմաղացների դեմ (Եթե որեւէ խնդրի լուծում ուզում ես ձախողել, հարցն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծիր) Ակամա հարց է ծագում: Իսկ որտե՞ղ է հասարակությունը եւ նրա շարժիչ ուժը՝ մտավորականությունը: Մի՞թե չի տեսնում այս ամենը: Տեսնում է, եւ բողոքում ու դժգոհում է8230 տանը, սրճարաններում, բայց կամաց, համենայն դեպս՝ շշուկով: Որ աստված չանի, չհասնի մեր ղեկավարների կամ նրանց թիկնապահների եւ վարորդների ականջը, ու իրենք չզրկվեն ողորմության պես իրենց տրվող որոշ արտոնություններից ու պարգեւներից: Փոխարենը, երիտասարդների ու ուսանողների մի խումբ կա, որ պայքարում է, կռիվ է տալիս ամեն մի շենքի, քարի ու փայտի համար, մեր պատմության, անցյալի ու ապագայի համար: Պիկետներ ու ցույցեր են կազմակերպում «հերթական զոհերի» մոտ, դիմումներ ու բողոքներ են գրում: Նույնիսկ երբեմն պաշտոնական պատասխաններ են ստանում, ինչպես ահա սա՝ Երեւանի քաղաքապետարանից. 8220«ՀՀ Քաղաքաշինության նախարարության ներկայացուցչի, քաղաքի գլխավոր ճարտարապետ-Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչության պետի, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակազմի, նամակի հեղինակների մասնակցությամբ 11.03.2005թ. 8230կայացել է խորհրդակցություն»: Միանգամից ասեմ, որ նամակի հեղինակների պնդմամբ, իրենց ոչ ոք որեւէ նման խորհրդակցության չի հրավիրել, եւ իրենք էլ, բնականաբար, չեն մասնակցել: Էլ ինչպե՞ս հավատաս պատասխանի բովանդակության այլ կետերին, հանձնարարություններին եւ հանձնարարականներին: Օրերս էլ լսեցի, որ Կոնդի վերակառուցման հարցով հանձնաժողով է ստեղծվել: Ամեն ինչ պարզ է, Կոնդն այլեւս փրկության շանս չունի: Այժմ նվիրյալների խումբը ստորագրահավաք է կազմակերպել՝ մի քանի պահանջներով, որոնք ընդգրկում են. կենտրոնի վերակառուցման ծրագրերի առավել թափանցիկություն, հուշարձանների քանդման կամ տեղափոխման ծրագրերի համաժողովրդական քննարկում, հուշարձանների իրական խնամք ու պահպանություն, կանաչ տարածքների պահպանություն եւ նման այլ պահանջներ: Որոնց տակ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ստորագրությունը դնել: Ամեն մեկս՝ մեր չափով (Ղեկավարները խելամիտ որոշում են կայացնում միայն այն դեպքում, երբ մնացած հնարավորությունները սպառվել են) Ինձ համար ամենասարսափելին այն է, որ այս հարցերի պատասխանատուներից շատերը, այդ թվում՝ ճարտարապետներ, ոչ թե ինչ-ինչ պատճառներով, ասենք՝ ընտանիք պահելու, ավելի բարձր պաշտոնի կամ այլ ակնկալիքներով իրենց խղճի ու սկզբունքների հետ փոխզիջման են գնում, որ ինչ-որ տեղ հասկանալի կլիներ. բոլորից չես կարող հերոսություն պահանջել, այլ իրենք էլ հոգու խորքում համաձայն են այս ամենի հետ: Քանի-քանիսից եմ անձնական զրույցի ժամանակ լսել՝ «Դե լավ, է, ինչ են կպել մի շենքից, մի հատ արտաքին պատ ունի ու վերջ», «Դրա մեջ արժեքավոր բան չկա, մի կամար ու մի պատշգամբ»8221 ու նման արտահայտություններ: Եվ դա մարդկանցից, որոնք թեկուզ միայն իրենց մասնագիտությունից ելնելով պետք է քաջ հասկանան, որ, ի տարբերություն այլ կորցրած արժեքների, որոնք հնարավոր է վերականգնել, պատմական արժեքները կորցնում ես անվերադարձ: Ուրեմն հնարավո՞ր է այս պայմաններում հարցերին արդարացի մոտեցում ակնկալել: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, ոչինչ փոխել այլեւս չի ստացվի: Հնարավոր է, որ շատ կարճ ժամանակում այս 450 հուշարձաններն էլ արժանանան իրենց հազարավոր բախտակիցների ճակատագրին: Եվ, այնուամենայնիվ, մեր միակ ճանապարհը պայքարելն է: Բոլորս, ում համար թանկ է մեր քաղաքն ու ու մեր պատմությունը: Ամեն մեկս՝ մեր տեղում, մեր չափով: Մի բառով, մի կատակով, մի երգով ու մի հոդվածով: Ով՝ ինչպես կարող է… Այսինքն՝ մի տարբերակ էլ կա: Գուցե մեզ օգնի Գառնու տաճարի փորձը: Երբ քրիստոնեությունը ընդունելուց հետո, Տրդատ թագավորի հրամանով կամ թողտվությամբ քանդում էին բոլոր հեթանոսական հուշարձանները եւ դրանց հիմքի վրա քրիստոնեական տաճարներ կառուցում, Գառնու տաճարը կանգուն մնաց միայն Տրդատի քրոջ աղերսի շնորհիվ: Գուցե մենք էլ պետք է ոչ թե ղեկավարներին դիմենք, այլ նրանց կանանց, քույրերին եւ մայրերին: Եթե նրանցից յուրաքանչյուրը գոնե մեկ հուշարձան կարողանա փրկել՝ ամուսնու, եղբոր ու որդու ձեռքից, էլի մեր հաջորդներին փոխանցելու ինչ-որ բան կունենանք: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել