Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 30,2005 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն «ԶԼՄ-ներ եւ ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում Մամուլի ազգային ակումբի կազմակերպած քննարկման հյուրը երեկ «Նոյյան տապան» լրատվական գործակալության ղեկավար Տիգրան Հարությունյանն էր: Որքանո՞վ է Հայաստանում մամուլն ազատ ու անկախ հարցին ի պատասխան՝ պրն Հարությունյանի խոսքն սկսվեց նրանով, որ մենք հեռու ենք ժողովրդավարական ցանկացած դրսեւորումից: Իսկ նման հարցերը բերում են նրան, որ «բոլորս թակարդի մեջ ենք ընկնում»: Այսպես, ըստ գործակալության ղեկավարի, հարցի առնչությամբ գրեթե բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրում հնարավոր չէ ունենալ ազատ եւ անկախ մամուլ: Դրանով 0-ի է հավասարեցվում այն ամենը, ինչ որոշ անհատներ անում են դրան հասնելու համար: «Եվ երբ պնդում են, թե չկա ազատ մամուլ, կարծես հանգստանում են այն մարդիկ, ում ձեռնտու չէ ունենալ այդպիսին, եւ ոչ անկախ դաշտում աշխատելը դառնում է նորմա, կարծես արդարացվում է նրանց գործունեությունը, ով անկախ դաշտում չի գործում»: Այսուամենայնիվ, մեր հարցին, թե այսօր տեսականորեն հնարավո՞ր է ունենալ ազատ ու անկախ մամուլ, պրն Հարությունյանը բերեց գործնականում առկա իրենց գործակալության օրինակը: «Մենք շուկայում ենք ավելի քան 15 տարի, երբեք չենք ունեցել հովանավորներ եւ ֆինանսավորվել ինչ-որ մարդկանց կողմից: Կա ազատ մամուլ, բայց քիչ է, որպեսզի կարողանա ազդել ազատականացման գործընթացների վրա: Մամուլը պետք է ինքնաֆինանսավորվող լինի, որպեսզի կարողանա իր առաքելությունը կատարել: Դոտացիայով մամուլը երբեք չի կարող ազատ լինել, որովհետեւ այս կամ այն հարցի շուրջ նա պետք է այնուամենայնիվ լռի: Կամ էլ ժողովրդավարական համակարգը այնքան պետք է կայացած լինի, բարոյական նորմերն այնքա՜ն բարձր լինեն… Այդպիսի օրինակ բերում են BBC-ին, որ պետական հովանավորմամբ կառույց է, բարձր է պահում ժողովրդավարական սկզբունքները, բայց էլի հարցեր կան, որոնց մասին նա լռում է»: Տ. Հարությունյանը կարոտով հիշեց այն ժամանակները, երբ, օրինակ, փակվում էր դաշնակցական մամուլը, իսկ լրագրողները մեծ համերաշխություն էին ցուցաբերում. «Այսօր լրագրողների միավորվածություն չկա: Եթե հիշենք այն ժամանակները, անկախության եւ ազատության առումով ավելի վերեւ էինք կանգնած, հիմա զիջում ենք մեր դիրքերը եւ ստացվում է մի իրավիճակ, որ չունենք այդ համերաշխությունը: Ես չգիտեմ, հնարավո՞ր է արդյոք այսօր լրագրողական համերաշխություն ընդհանրապես, որովհետեւ լրատվամիջոցներն իրենք պատրաստ չեն դրան, որովհետեւ ունեն տարբեր շահեր»: Հայաստանում հնարավո՞ր է համերաշխություն այնպես, ինչպես Յուշչենկոյի դեպքում, երբ իր որդու հայտնի արարքների մասին նրան հարց տվող լրագրողն արժանացավ նախագահի վիրավորանքին, եւ մյուս բոլոր լրատվամիջոցները (անգամ նրանք, ովքեր ընտրություններում սատարել էին Յուշչենկոյին) նախագահից պահանջեցին հրապարակավ ներողություն խնդրել լրագրողից: «Ցավոք, մեզ մոտ այդպես չէ»,- ասաց Տ. Հարությունյանը: Իսկ ի՞նչ տեղեկատվության կարիք ունի այսօր ընթերցողը մեր հարցին այսպես պատասխանեց Տ. Հարությունյանը. «Ընթերցողը միշտ էլ ունի ճշմարտությունն իմանալու կարիք: Ցավոք, այսօր որպեսզի ճշմարտությունն իմանան, ստիպված պետք է առնեն տարբեր թերթեր, համադրեն, հասկանան, թե որն է ճշմարիտը: Կա կուսակցական մամուլ, կա իշխանական մամուլ, իսկ ազատ մամուլի հատվածը, որ պետք է գերակշռող լիներ, այսօր փոքրամասնություն է կազմում: Սա է խնդիրը»: Անհատներին, ինչպես նշեց գործակալության ղեկավարը, հիմնականում չեն հետաքրքրում այն լուրերը, որոնց համար պետք է վճարեն. շատերն ինտերնետում գերադասում են անվճար տեղեկատվություն ստանալ, քան բաժանորդագրվել գործակալություններին: Իսկ անվճար տեղեկատվությունն էլ հաճախ կեղծ է կամ ոչ օբյեկտիվ: «Մի 10 տարի պետք է, որպեսզի որակյալ ինֆորմացիայի պահանջարկ ստեղծվի»,- կանխատեսում է պրն Հարությունյանը: Այս պահին էլ, սակայն, Տ. Հարությունյանը, լավատեսորեն է տրամադրված. «Ա1+»-ի եւ «Նոյյան տապան»-ի հարցում ակցիա կատարվեց, որով ազատ խոսքը ինչ-որ չափով հետ ընկավ, բայց չէ՞ որ պրոցեսները գնում են, հիմա էլ Եվրոդատարանի պրոցեսն է: Մեր հայցը Եվրոդատարանը ընդունեց, հետո կքննարկի, մեր իշխանությունները պետք է հաշվի առնեն, որ պատասխան են տալու ինչ-որ հարցերի շուրջ: Այլ հարց է՝ դա մեզ կհասնի՞, թե՝ ոչ, գուցե մեր սերունդները կտեսնեն դա, բայց պրոցեսը կանգնեցնել չի լինի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել