Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հուլիս 30,2005 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ Դատախազությունը ամփոփում է Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հորդորեց «մի քիչ հեռանալ տրադիցիոնալ դատողություններից, տալ առաջարկներ», սակայն դատախազության 2005 թ. առաջին կիսամյակի մասին զեկուցումներով հանդես եկողները չանսացին այդ հորդորին: Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ամփոփեց դատախազական հսկողության վիճակը, ինչպես նաեւ դրանց նախականխման, ապա հետաքննության եւ նախաքննության ընթացքում առկա վիճակագրությանը: Ըստ նրա էլ, վիճակագրական տվյալները խոսում են հանցագործությունների նվազման մասին: Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին կիսամյակում գրանցվել է 4389 հանցագործություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 962-ով պակաս էր: Նվազել էր ծանր հանցագործությունը՝ 335 դեպքով եւ առանձնապես ծանրը՝ 24 դեպքով: Դատախազի տեղակալի մեկ այլ վիճակագրություն էլ ուշագրավ էր. անձի դեմ ուղղված հանցագործությունները՝ սպանությունները նվազել են 20%-ով, սպանության փորձերը՝ 47,6%-ով: Ի դեպ, նկատենք, որ անձնական ունեցվածքի, կողոպուտի դեպքերը ավելացել են եւ դա հավանաբար կապված օբյեկտիվ՝ սոցիալական իրավիճակի հետ: Պարոն Սարգսյանը նկատեց, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունները շատացել են, այդ պատճառով առաջարկեց դատախազությունում ստեղծել անչափահասների նկատմամբ հսկողություն իրականացնող բաժին: Ի դեպ, ամփոփվեց դատարաններում մեղադրանքը պաշտպանելու եւ այդ կապակցությամբ «անօրինական եւ չհիմնավորված դատավճիռներն ու որոշումները» բողոքարկելը: Պարզվեց, որ առաջին կիսամյակում առաջին ատյանի դատարանները դատավճռի կայացմամբ քննել են 1389 քրեական գործ՝ 1750 անձի վերաբերյալ, որը 221 գործով եւ 270 անձով պակաս էր նախորդ տարվա համեմատ: 42 գործով դատապարտվել է 47 անձ եւ, փաստորեն, 48,3%-ի նկատմամբ էր նշանակվել ազատազրկում: Ըստ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանի, 75 քրեական գործերով դատապարտվել էր 102 անչափահաս, իսկ 90 քրեական գործով՝ 113 կին: Առաջին երկու զեկույցներից այն տպավորությունը ստացանք, թե այս հանրապետության ամենաապակայունացնող տարրերը անչափահասներն ու կանայք են: Ուշագրավ մի դիտարկում արեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ նրա, մարզերի եւ համայնքների դատախազները անձամբ չեն գնում դատարաններ, մեղադրանքը պաշտպանելիս, պարզվում է՝ ծանոթ չեն ապացույցներին, քրեական գործին: Ավելին, ոչ պակաս հիմնահարց է դարձել մեղադրողների ճառերի անորակ մատուցումը: Գլխավոր դատախազը հանձնարարականի նման ասաց, որ պետք է ապահովել ճառերի հռետորականությունը եւ «ընտրանքային» ճառերի ձայնագրումից հետո հարկ կլինի վերլուծել դրանք: Պետական շահերի պաշտպանության խնդրին անդրադառնալով, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը հետաքրքիր մի դիտարկում արեց՝ որեւէ մասնավոր սուբյեկտ չի ահազանգել եւ բոլոր տիպի ահազանգերը եղել են պետական պատկան մարմիններից: Նա տեղեկացրեց, որ հարուցվել է վարչական իրավախախտման 216 վարույթ, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 108 անձ, դատախազները դատարան են ներկայացրել 344 հայց՝ կապված պետական շահերի պաշտպանության հետ, որից բավարարվել է 227-ը՝ 501,5 մլն դրամի չափով: Ըստ մեկ այլ զեկուցողի՝ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, դատախազական մարմինները որոշակի աշխատանքներ էին կատարել նաեւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերում եւ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում: Մասնավորապես ուշադրություն էր դարձվել ազատազրկման վայրերում, մեկուսարաններում դատապարտյալների ու կալանավորների պահման օրինականությանը, բժշկական սպասարկման հարցերին, «պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին դատարաններ միջնորդություններ ներկայացնելու» խնդրին: Ի դեպ, այստեղ նա ուշադրություն հրավիրեց անմեղսունակների կարգավիճակին, երբ հարկադրանքի միջոցը փոխվում է, իսկ դատարանի որոշումը չի կատարվում: Նա ասաց, որ «ունեինք օրենքով գողեր, որոնք լյարդի ցերոզով դուրս եկան հիվանդանոցից» եւ հաջորդ օրն էլ այլ հանցագործություն արեցին: Նա նկատեց նաեւ, որ տուգանքների գծով դատավճիռը չի կատարվում եւ 74%-ը չի կիրառվել՝ մոտ 100 մլն դրամի չափով: Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի տեղեկացմամբ, քննվել էր 516 քրեական գործ եւ առաջին կիսամյակում առաջին ատյանի դատարանները դատավճռի կայացմամբ քննել են 170 քրեական գործ՝ 241 անձի նկատմամբ: Դատապարտված անձանցից զինծառայող է եղել 206-ը: Հակառակորդի կողմից սպանվել է 4 զինվոր: Թերեւս ուշադրության էր արժանի զինվորական ծառայությունից անդամախեղման միջոցով խուսափելու դեպքերը: Առաջին կիսամյակում գրանցվել է 16 դեպք: Նա տեղեկացրեց նաեւ, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության եւ անփութության 40 դեպք է գրանցվել: Զինվորական հանցագործությունների առումով խափանման միջոց կալանք էր ընտրվել 144-ի նկատմամբ եւ միայն մեկն էր մերժվել: Ի դեպ, գլխավոր դատախազը հայտարարեց, որ կան հարկերից խուսափողներ, նրանց փոխարեն այլ մարդիկ են «ցանկանում դատապարտվել», իսկ իրենք էլ չեն կարողանում ապացույցներ ձեռք բերել: «Դատախազությունը տիրապետո՞ւմ է, թե մեր պաշտոնյաները ինչ խոշոր օբյեկտներ ունեն: Եվ դրանց ո՞ր տոկոսն է դատախազության աշխատակիցներինը» մեր հարցին նա հմտորեն շրջանցեց պատասխանելուց: Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Մովսիսյանը տեղեկացրեց, որ 5 քրեական գործ է հարուցվել իրենց նախապատրաստված գործերով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել