Մատաղի փոխարեն՝ թուքումուր Երեւանցի Ալիտա Սարդարյանը իր այս բողոքը փորձել է «թարմ-թարմ» փոխանցել ԱԼՄ հեռուստաընկերությանը, բայց հեռախոսները զբաղված են եղել, ինչպես սովորաբար լինում են: Ավելին, մի անգամյա հաջող փորձից հետո էլ եթերում խոսել թույլ չեն տվել, պատճառաբանելով, թե «կասետ ենք փոխում, հետո զանգեք»: Երեկ նա «Առավոտին» ներկայացրեց Տիգրան Կարապետյանի կազմակերպած ուխտագնացության մասին իր տպավորությունները. «Մատենադարանից առավոտյան շարժվեցինք Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղից իբր թե ավտոբուսներով ժողովրդին պետք է տանեին Մայր աթոռ, այնտեղից էլ՝ Մուսալեռ, մատաղն ուտելու: Պարոն Կարապետյանի շքախումբը շարժվեց՝ մեզ թողնելով Սուրբ Սարգսի բակում: Երեք ժամ սպասելուց հետո, վերջապես տեղ հասած ավտոբուսներով ու պատահական մեքենաներով՝ իրար գլխի լցված, հասանք Էջմիածին: Թե ինչ էր կատարվում այստեղ՝ մենք ոչինչ չհասկացանք: Գուցե այն պատճառով, որ 2 ժամ ուշացումով էինք տեղ հասել: Միայն տեսանք, որ նույն շքախումբը մեքենաներով, աղմուկ-աղաղակով գնաց Մուսալեռ: Շուրջ 3000 մարդ մնաց արեւի տակ կանգնած: Մեր մասին ոչ մեկը չհիշեց, տրանսպորտ չտրամադրեց: Սպասեցինք մինչեւ ժամը 3-ը, հետո իրար հետեւից մոտեցան ավտոբուսներ՝ 250 դրամով Երեւան հասցնելու առաջարկով: Մենք ասացինք, որ ուխտագնացության ենք մասնակցում եւ ԱԼՄ-ն պետք է ապահովեր ավտոբուսներով: Վարորդները ծիծաղեցին՝ «ալըմը-մալըմը չենք ճանաչում, ով փող ունի՝ թող նստի»: Հավաքվածների մեջ շատ էին ծերերը, որոնք եկել էին մատաղ ուտելու եւ փող չէին վերցրել: Բոլորն անիծում էին Տիգրան Կարապետյանին: Արեւի տակ ժամերով սոված-ծարավ կանգնելուց հետո, վարորդների թուքումուրը ուտելով, մի կերպ վերադարձանք Երեւան»: Տիկինը նաեւ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկից չի վախենում եւ պատրաստ է ասածը կրկնել ԱԼՄ-ի եթերով: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ Թերեւս ուխտագնացության այս գաղափարը մտածելիս ԺԿ նախագահը չի պատկերացրել, թե ինչքան մատաղ ուտող կհավաքվի եւ կազմակերպչական ինչ ծախսեր կպահանջվեն իրենից՝ «մատաղն ընդունելի» դարձնելու արարողության լիարժեք իրականացման համար: Նույն օրը եթերով նա կատարվածը բնութագրեց մի արտահայտությամբ՝ «որոշ թերություններ կային»: