Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԸ

Հուլիս 30,2005 00:00

ՆՎԵՐԸ ՉԵՆ ԳՐՊԱՆՈՒՄ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ Երեւանցի Արթուր Կարապետյանն իր նախաձեռնությամբ պայքար է սկսել թոշակ ու նպաստ ստանալու ժամանակ 100 կամ 200 դրամ գանձումների դեմ: Սոցիալական քարտի ներդրման հիմնական նպատակներից մեկը համակարգում հնարավոր կոռուպցիայի դեպքերը բացառելն էր: Մասնավորապես խոսքը վերաբերում է հանրությանը լավ ծանոթ թոշակից ու նպաստից որոշ գումար պահելու փոստատարների սովորույթին, ինչը տասնամյակների ավանդույթ ունի: Սոցիալական քարտ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է խնայբանկում բացել հաշվեհամար, եւ թոշակն ու նպաստը ստանալ այդտեղից: Սակայն արդեն մեկ տարի գործող այս հնարավորությունից շատերը չեն օգտվում կա՛մ չիմացության, կա՛մ էլ «ականջի հետեւը գցելու» արատավոր բնավորության պատճառով: Նրանց համար առավել ընդունելի է հին, «բարի» ավանդույթը. սպասել փոստատարին՝ նպաստի, եւ կենսաթոշակային հիմնադրամի տեսուչին՝ թոշակի համար: Իսկ նրանց տրվող 100-300 դրամ «ոտքի փողը» վաղուց արմատացած սովորույթ է ու նույնքան բնական, ինչքան, ասենք, կոմունալ որեւէ ծախսի համար վճարը: Տասնամյակներ շարունակ այս երեւույթը չի գրավել վերահսկող մարմինների ուշադրությունը մի պարզ պատճառով՝ փոստատարների հավաքած գումարից մասնաբաժին են ունեցել բոլորը՝ փոստի վարիչից մինչեւ ոլորտի առաջին դեմքը: Այսպիսով, ժողովուրդը չի բողոքել, բավարարվելով «հետեւից խոսելով», վերցնողներին էլ դա առանձնապես չի մտահոգել: Մեր ներկայացրած օրինակն այս առումով կարելի է համարել առաջին լուրջ պայքարը, որի արդյունքում գրանցվել է առաջին լուրջ հաղթանակը: Էրեբունի համայնքում բնակվող մի երիտասարդ՝ Արթուր Կարապետյանը, իր պայքարն սկսել է այս տարվա մայիսից, դիմումներ հղելով նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին եւ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին: Դիմումներն ուղղվել են կառավարության աշխատակազմ՝ ուսումնասիրության, ինչին հետեւել են կենսաթոշակային հիմնադրամի տարածքային պաշտոնյաների այցելությունները Արթուրի բնակարան: Զրույցների արդյունքում նրան խոստացել են մոնիթորիգ անցկացնել՝ խնդիրն ամբողջությամբ պատկերացնելու համար: «Երբ ես ներկայացրի թվեր, թե ամեն ամիս որքան գումար է շորթվում ամենաանապահով խավից, հիմնադրամի ապահովագրական բաժնի պետ Աշոտ Աբրահամյանն ասաց, թե այդ թվերը նախորդի ժամանակ էլ են եղել»: Հիմնադրամի վերահսկիչ բաժնի պետ Ստեփան Ազիզյանը նախ ընդհանրապես հերքել է երեւույթի առկայությունը, պնդելով, որ «մեր աշխատողները ու նամանավանդ նախագահը՝ մաքուր են»: Իսկ ընդամենը մի քանի օր անց հայտնել է, որ Արթուրի դիմումն անհիմն չէ եւ ինքը բանավոր նկատողություն է տվել տարածքի 17 պատասխանատուներին: Ավելին, ըստ Ս. Ազիզյանի, աշխատանքից ազատվել է հիմնադրամի տարածքային մասնաճյուղի տնօրենը: Այդ ընթացքում եւ այժմ նույնպես, Էրեբունու տեսուչները թոշակը բաժանելիս «գլխանց» չեն վերցնում իրենց հասանելիքը, իսկ «շնորհակալություն» հայտնողների թիվն անհամեմատ քչացել է: Արթուրը հանդիպել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների հետ: Վերջիններս միայն տեղեկացրել են. «Մենք գումար բաժանելու հետ կապ չունենք»: Ինչն, իրականում այդպես էլ է: Այլ խնդիր է, որ նախարարությունն ունի վերահսկողության բաժին, որի գործառույթների մեջ ցանկության դեպքում կարող էր «տեղավորվել» նաեւ այս խնդիրը: Պայքարի մեջ Արթուրին իրավաբանական խորհրդատվությամբ օգնել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ/Տարածաշրջանային զարգացման կենտրոն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Խնդիրը հետաքրքրել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հակակոռուպցիոն բաժնին եւ մի քանի հ/կ-ների: Արթուր Կարապետյանը մտադիր է դատական գործ սկսել կառավարության աշխատակազմի դեմ՝ իր դիմումն անտարբերության մատնելու մեղադրանքով: «Իմ կռիվը փոստատարների ու տեսուչների դեմ չէ, այլ երեւույթի դեմ ընդհանրապես: Պետք է այն դիտարկել որպես կոռուպցիոն երեւույթ եւ պայքարել դրա դեմ»,- «Առավոտին» հաղորդեց Ա. Կարապետյանը: Պետք է ասել, որ իր պայքարում Արթուրն արդեն հասել է որոշակի հաջողությունների, չնայած հենց իր հարեւաններից շատերը հրաժարվել են «խառնվել գործին, որովհետեւ անհույս բան է ու վտանգավոր»: Իր օրինակով այս երիտասարդն ապացուցում է կոռուպցիայի դեմ պայքարին լծված պաշտոնյաների բազմաթիվ անգամ ասածը՝ «ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար, որ հասնենք հաջողության»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել