Չլիցենզավորված պայքար՝ գեղեցկության համար Տնային պայմաններում օրական 100-ավոր մարդիկ հանուն գեղեցկության վտանգվում են «մասնագետների» կողմից: Վերջերս Ստոմատոլոգների հայկական ասոցիացիան առողջապահության նախարարության հետ սկսեցին «մաղել» սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող ատամնաբուժարանները՝ թույլատրելով գործունեություն ծավալել միայն հատուկ լիցենզիա ունեցող կենտրոններին: Բայց քանի որ էպիլյացիա անողների ասոցիացիա չկա, առողջապահության նախարարությունը ոչ մի կերպ չի ուզում ինքնուրույն պայքարել նման ուղղվածություն ունեցող պատահական «կլինիկաների» դեմ: Այդ դաշտը հիմա դարձել է գրեթե անվերահսկելի. փաստորեն, ում մտքով անցնի՝ կարող է հեշտությամբ ձեռք բերել էպիլյացիա անող սարքը ու հենց տան պայմաններում «գործ անել»: Միեւնույն ժամանակ, շատ գեղեցկության սրահներում այս մասնագետներին աշխատանքի են ընդունում ոչ թե բժշկական համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, այլ՝ ելնելով հաճախորդներ բերելու կարողությունից: Էպիլյացիա անող մոտ 10 մասնագետների շրջանում անցկացրած մեր հարցումներից պարզեցինք, որ նրանց մեծ մասին սարքն ուղարկել են ԱՄՆ-ում եւ Էմիրաթներում ապրող իրենց բարեկամները: Դրանք այնքան էլ թանկ հաճույք չեն. էլեկտրաէպիլյացիայի սարքը, օրինակ, արժե մոտ 500 դոլար: Այսինքն, սա, կարելի է ասել, շատ ձեռնտու բիզնես է, քանի որ եթե 1 ժամի համար միջին գինը 4000 դրամ է (գները տատանվում են 3000-6000), ամսական 10 հաճախորդ ունենալու դեպքում ընդամենը 5-6 ամսում սարքի ինքնարժեքը կարող ես հանել ու կայուն եկամուտ ապահովել: Բացի այդ, շատ դեպքերում էպիլյացիան անում են հենց տնային պայմաններում՝ առանց հարկ վճարելու ու վարսավիրանոցներին տոկոսներ թողնելու: Թե տվյալ բնակարանում նման բժշկական գործընթացով զբաղվելու համար ինչպիսի սանիտարահիգիենիկ պայմաններ են առաջարկվում, դա դեռ հարցի մի կողմն է: Քանի որ առաջին հայացքից հատկապես էլեկտրաէպիլյացիայի սարքը բավականին պարզ տեխնիկա է՝ ընդամենը մի փոքրիկ տուփ ու գրչանման ծայրամաս՝ փոքրիկ ասեղով: Թվում է, թե էպիլյացիա կարող է անել սրսկելուց քիչ թե շատ գլուխ հանող ցանկացած մարդ: Արդյունքում՝ շատուշատ երիտասարդ աղջիկներ ու տղաներ (նրանք հիմնականում սափրատեղերն են մազահանում եւ վիզն են ընդգծում), տրվելով բախտի քմահաճույքին, փչացնում են իրենց մաշկը՝ տարիներով բուժվելով բժիշկ-կոսմետոլոգների մոտ: Չհաշված «բժիշկների» կողմից հիգիենայի պայմանները չապահովելու պատճառով ձեռք բերած ինֆեկցիոն վտանգավոր հիվանդությունները: Շատ դեպքերում, պրոֆեսիոնալ կոսմետոլոգների հավաստմամբ, լինում են արդեն անվերականգնելի վնասվածքներ, մաշկային լուրջ պրոբլեմներ: Եվ հետո, այս սարքերի մասին մեր «մասնագետները» տեղեկություն ունեն միայն արտասահմանյան թերթերի ու ամսագրերի հրապարակումներից, այսինքն՝ հմտության մասին խոսելն այս դեպքում ավելորդ է, կա միայն մի քանի ամսվա պրակտիկա: Եվ, բնականաբար, սրա հետ կապված բոլոր վտանգներից մարդկանց զերծ պահելու համար ժամանակն է, որ առողջապահության նախարարությունը մյուս իրավասու մարմինների հետ լուրջ վերահսկողություն իրականացնի խնդրի նկատմամբ՝ թույլ չտալով «ինքնաշեն մասնագետների» գործունեությունը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ