Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Հուլիս 30,2005 00:00

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ Սյունիքի մարզպետարանում միայն հունիսին երկու խորհրդակցություն է հրավիրվել մարզում աղանդավորության տարածման կապակցությամբ: Առաջին խորհրդակցությանը մասնակցել են դպրոցների տնօրեններ, երկրորդին՝ առողջապահական հիմնարկների ղեկավարներ: Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը քաղաքում մասնավորապես եհովականների գործունեության ակտիվացման առնչությամբ ասաց. «Եհովայի վկաներն» արդեն գրանցված կրոնական կազմակերպություն է: Նրանց դեմ ինչ-որ քայլեր իրականացնելն արդեն կլիներ ոչ օրինական: Կապանում նրանք իրոք տարածվել են: Բավական գաղտնի են գործում: Ասենք, դահլիճներում չէ, որ ժողովներ են անում: Տուն են առնում կամ վարձակալում եւ այնտեղ են հավաքվում: Մարդիկ շատ անգամ չեն էլ իմանում այդ մասին: Մինչեւ իմանում են՝ նրանք տեղափոխվում են: Եվ շատ վատ քարոզչություն են տանում՝ ընդդեմ զինվորական ծառայության, պետությունը պաշտպանելու»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հիմնական հարցը համարում է այն, թե ինչու են աղանդներն այնուամենայնիվ պարարտ հող գտնում հենց Սյունիքում: «Անհերքելի եւ անքննելի է մի փաստ՝ աղանդավորության դեմ այդ «պայքարը» ձեռնարկողները, այդ խորհրդակցությունների կազմակերպիչները շատ թե քիչ լուրջ պատկերացում չունեն խնդրո առարկայի մասին,- ասում է պրն Ալեքսանյանը:- Ես անկեղծ չեմ համարում այն պայքարը, որ այսօր իբր թե մղվում է աղանդների դեմ: Աղանդավորության դեմ պայքար կազմակերպելու համար նախեւառաջ հարկավոր է Սուրբ գրքի, ճշմարիտ քրիստոնեության իմացություն: Բացի այդ՝ պետք է ճշտենք, թե ի՞նչ իրավական հիմքեր ունենք աղանդավորության դեմ պայքարելու համար: Չէ՞ որ Սահմանադրությամբ երկրում հռչակվել է խղճի ազատություն, եւ բազմաթիվ կրոնական կազմակերպություններ ստացել են անարգել գործելու հնարավորություն: Եվ ո՞ւմ միջոցով ենք պայքարելու աղանդների դեմ. դպրոցի տնօրեններն ու առողջապահական հիմնարկների ղեկավարներն իրոք անելիք ունե՞ն այս ճակատում: Իմ կարծիքով՝ գրեթե չունեն: Իսկ ի՞նչ չափով է այս գործին մասնակցելու Հայ առաքելական եկեղեցին: Արդյոք ունե՞նք այս հարցերի պատասխանը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել