Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտը՝

Հուլիս 30,2005 00:00

Ասֆալտը՝ երեք տարին մեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի տեղեկացնի, որ ինքը «դատի է տվել» ՀՀ Ազգային ժողովին: Պարոն Հայրիկյանի հայցադիմումն այն մասին է, որ ըստ հայցվորի՝ Պարույր Հայրիկյանի, դատարանը պետք է պարտավորեցնի սահմանադրական փոփոխությունների քննարկումներից հանել ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունների անցկացման ժամկետներն ավելացնելու վերաբերյալ դրույթը: Իսկ սա մաքուր հայերենով նշանակում է, որ Պարույր Հայրիկյանը դեմ է, որ խորհրդարանի գործունեության ժամկետը դարձվի հինգ տարի՝ այսօրվա չորսի, եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնավարումը՝ չորս տարի՝ գործող երեք տարվա փոխարեն: Իր այս ցանկությունը ԱԻՄ նախագահը բացատրեց նրանով, որ սա ոտնահարում է մարդու իրավունքները, եւ չի բացառվում, որ այս հարցով ինքը կդիմի նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ մարդու իրավունքները ահա թե ինչպես են ոտնահարվում. «Ձեզնից որեւէ մեկը ուզում է դառնալ պատգամավոր, նա գիտի, որ չորս տարին մեկ կարող է փորձել: Հիմա իրեն ասում են՝ չէ, դու հինգ տարին մեկ պիտի փորձես դառնալ պատգամավոր, սա իրավունքի նվազեցո՞ւմ է, իհարկե՝ նվազեցում է: Նույնը վերաբերում է ՏԻՄ-ին. ոչ մի պատճառաբանություն արդարացված չէ: Իսկ շարքային քաղաքացու պատկերացմամբ այսպես է, ասում է՝ փոխանակ երեք տարին մեկ դարձնեին եւ մեր ասֆալտը երեք տարին մեկ վերանորոգվեր, երեք տարին մեկ մեզ փող բաժանեին, ես նկատի ունեմ ինքնատիրապետումը կորցրած մարդկանց, որոնք չեն հասկանում, որ դա արժանապատվության կոպիտ ոտնահարում է եւ նաեւ՝ հանցագործություն»: Ըստ պարոն Հայրիկյանի, այս կարգի փոփոխությունները նվազեցնում են ժողովրդավարությունը, եւ «սա չնկատելը կնշանակի լուրջ չվերաբերվել ժողովրդավարությանը»: Եվ բոլոր նրանք, ովքեր կասեն, որ Հայրիկյանի կողմից բարձրացված այս հարցերը կարեւոր չեն, «ուրեմն ժողովրդավար չեն, իսկ եթե ժողովրդավար չեն, ուրեմն ժողովրդի թշնամին են, վերջ»: Պարոն Հայրիկյանը գտնում է, որ սահմանադրական քննարկումներից չի կարելի անմասն մնալ. «Կարծում եմ, սահմանադրական գործընթացից հեռու մնալը հավասարազոր է նրան, որ դու ամենակարեւոր հարցից քեզ հեռու ես պահում: Ի տարբերություն մյուս բոլոր հարցերի, սա հանրաքվեի է դրվում, իսկ հանրաքվեն նշանակում է քաղաքացիների մասնակցություն: Եթե դու ունես վերջնական կարծիք, կարող ես նախավերջին օրը հայտարարել, որ կոչ ես անում չմասնակցել հանրաքվեին»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել