Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 30,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանվեցերորդ

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ

Կարավանը նախ լեյտենանտին նայեց, հետո նայեց ինձ ու ասաց.

– Արմո՛ւշ դառագոյ, այսօր քեզ լրիվ հանգիստ եմ տալիս, իսկ վաղվանից ամբողջ թափով գործի ենք կպնում:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ,- ասացի ես:

– Ընկե՛ր փոխգնդապետ, ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ վաղը երաժիշտները կարաուլի են,- ասաց Նովոսելցեւը:

– Վաղը շաբաթ է, չէ՞,- հարցրեց Կարավանը:

– Ճիշտ այդպե՛ս,- ասաց լեյտենանտը:

– Շաբաթ կամ կիրակի թող գնան, մենակ տեսեք՝ շաբաթվա մեջ մի օրից ավել չստացվի,- ասաց Կարավանը:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց լեյտենանտը:

– Հիշեք, որ դա զորամասի պետի կարգադրությունն է, ընկե՛ր Նովոսելցեւ,- ասաց Կարավանը:- Ընկեր Շկարուպետան գտնում է, որ իրենք շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր պիտի կարաուլ գնան, իսկ մնացած օրերին պիտի իրենց երաժշտությամբ զբաղվեն: Էնպես որ՝ իմ ու ձեր ուզելով չի, ընկե՛ր լեյտենանտ:

– Հասկացա, ընկե՛ր փոխգնդապետ,- ասաց լեյտենանտը:

– Ընդունեք ի գիտություն,- ասաց Կարավանը:

– Ճիշտ այդպե՛ս,- ասաց լեյտենանտը:

– Դե՛, ձեզ բարի ծառայություն եմ ցանկանում, քաջե՛ր,- ասաց Կարավանը:

– Շնորհակալություն, ընկե՛ր փոխգնդապետ,- ասացինք մենք:

– Իրար հետ լավ կլինեք,- Շաբլովսկուն նայեց Կարավանը:

– Հարց չկա, ընկե՛ր փոխգնդապետ,- մրթմրթաց Շաբլովսկին:

Երբ Կարավանը գնաց, Շաբլովսկին դնեվալնիներին հանձնարարեց կարգի բերել մահճակալները, եւ երբ դնեվալնիները մահճակալները սարքեցին պրծան, Նովոսելցեւն ու Շաբլովսկին նրանց խստիվ նախազգուշացրին, որ տեղի ունեցածի մասին հանկարծ որեւէ մեկի մոտ ծպտուն չհանեն, եւ դրանում հատկապես Շաբլովսկին էր շահագրգռված, եւ չնայած դնեվալնիները միանգամայն պատրաստակամ էին, Շաբլովսկուն վերստին չէին բավարարում նրանց պատրաստակամությունն ու խոստումները:

– Հասկացա՞ք ինչ ասեցի,- շեղաչ դնեվալնիների վրա լրացուցիչ գոռաց Շաբլովսկին:

– Հասկացա՛նք,- միաբերան ասացին երկուսը:

– Դե հիմա կրկնեք, թե ինչ հասկացաք,- գոռաց Շաբլովսկին:

-Հասկացանք, որ ձեր էդ կռվի մասին ոչ մեկին չենք պատմելու,- կմկմաց դնեվալնիներից թաթարը:

– Ա՛յ մոնղոլ դուռաչոկ, էսքան բացատրեցի՝ էլի գլուխդ չմտա՞վ,- թաթարի գլխին կտտացրեց Շաբլովսկին:

– Մտավ,- գլուխը բռնելով՝ կմկմաց թաթարը:

– Ի՞նչ մտավ, դե ասա՛,- նորից գոռաց Շաբլովսկին:

– Ձեր էդ կռվի մասին ծպտուն չենք հանելու,- դողդողալով նվնվաց թաթարը:

– Ի՞նչ կռիվ,- մռնչաց Շաբլովսկին:

– Էդ որ կռավաթները ջարդեցիք,- ծվծվաց մյուս դնեվալնին՝ կալմիկը:

– Դե հիմի ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում, չուրբաննե՛ր. վերջին անգամ եմ կրկնում,- մռնչաց Շաբլովսկին:

– Լսում ենք,- ծվծված կալմիկը:

– Ուրեմն՝ ոչ մի կռիվ էլ չի էղել, հասկացա՞ք,- գոռաց Շաբլովսկին:

– Կռիվ չի էղել,- կմկմաց թաթարը:

– Հասկացանք, ընկե՛ր Շաբլովսկի. կռիվ չի էղել,- ծվծվաց մյուսը:

– Էդ կռիվը դուք էրազի մեջ եք տեսել,- հանգիստ բացատրեց Շաբլովսկին:

– Ճիշտ այդպե՛ս,- կմկմաց թաթարը:

– Էրկուսդ էլ պոստի վրա քնել եք ու էրազի մեջ եք տեսել էդ, ուրեմն, կռիվը:

– Ի՞նչ կռիվ. ոչ մի կռիվ էլ չենք տեսել,- խորամանկեց թաթարը:

– Էրազի մեջ եք էդ կռիվը տեսել,- ասաց Շաբլովսկին:

– Էրազի մեջ էլ չենք տեսել,- ասաց թաթարը:

– Էրազի մեջ տեսել եք, բայց զարթնելուց հետո ձեր տեսած էդ էրազը մոռացել եք,- ճշտեց Շաբլովսկին:

– Էդ մեր տեսած էրազից ոչ մի բան չենք հիշում,- ծվծվաց կալմիկը:

– Ապրե՛ք,- ասաց Շաբլովսկին:- Դե հիմի գնացեք ու կանգնեք ձեր տեղերը: Պոստի վրա քնելու ու էրազ տենալու համար գիտեք, չէ՞, ինչ պատիժ ա հասնում:

– Գիտենք,- ասաց թաթարը:

– Գիտենք,- ծվծվաց կալմիկը:

– Դե լավ ա, որ գիտեք,- ասաց Շաբլովսկին:- Էս անգամ ներում եմ. գնացեք ձեր տեղերն ու մեկ էլ չըլնեմ-չիմանամ՝ պոստի վրա քնեք: Քնում եք հերիք չի, հըլը վրեքս էլ փիս-փիս էրազներ եք տենում:

– Էլ չենք տենա,- ասաց թաթարը:

– Քալյով մա՛րշ՝ ձեր տեղերը,- գոռաց Շաբլովսկին:

– Էդ ամեն ինչը մենք էլ մոռանանք,- ասաց Վալերը, երբ դնեվալնիները կանգնեցին իրենց տեղերը:

– Մոռանանք,- ասաց Շաբլովսկին:

– Էրազ ա էղել. մենք էլ մոռանանք էդ գեշ էրազը,- ասաց Պարգեւը:

– Տղանե՛ր,- ասաց Նովոսելցեւը,- ուրեմն՝ վաղը կարաուլ կկանգնեք, հետո մի ամբողջ շաբաթ ձեր նվագով կզբաղվեք:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր լեյտենանտ,- ասաց Կիրովաբադցին:

– Ընկե՛ր նկարիչ,- ինձ դիմեց լեյտենանտը,- վաղը դուք էլ տղաների հետ կարաուլ գնացեք:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր լեյտենանտ,- ասացի ես:

– Վաղը տղաների հետ կգնաք, իսկ հետո ձեր ռեժիմի հաշվով փոխգնդապետի հետ մանրամասն կպայմանավորվենք:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր լեյտենանտ,- կրկնեցի ես:

Կարավանն ինձ նախապես ասել էր, որ ընդհանրապես կարաուլից ազատված եմ, ու նաեւ ասել էր, որ էդ մասին Նովոսելցեւին էլ է նախազգուշացրել, բայց, ըստ երեւույթին, Նովոսելցեւը մոռացել կամ լուրջ չէր ընդունել Կարավանի էդ նախազգուշացումը եւ երբ ինձ ասաց, որ տղերքի հետ կարաուլ եմ գնալու, ես չհակաճառեցի, մանավանդ որ՝ հեչ չէի էլ ցանկանում տղերքից անջատվել եւ տղերքից անջատ իմ ծառայությունը բացարձակապես չէի պատկերացնում:

Սիրելի ընթերցող, դու երեւի արդեն վախեցած մտածում ես, որ իմ բանակային կյանքն ու իմ էդ կյանքին վերաբերող էս հատվածները երբեւէ չեն վերջանալու: Ինձ էդպիսի մտավախություն հայտնողներ արդեն եղել են եւ նրանք ինձ հետեւյալն են ասում. «Եթե էդ բանակիդ առաջին երեք-չորս օրերն էսքան ձգում ես, արդեն պարզ ա՝ ինչքան կձգես բանակիդ մի տարին»: Մյուս կողմից էլ Պարգեւն է ինձ զանգում ու ասում. «Արմո ջան, բա մեր էն գուբախտի պատմությունը չես գրելո՞ւ: Բա մյուս դեմբելների հետ մեր էն ամենամեծ տուրուդմփոցը չես նկարագրելո՞ւ»:

Մի խոսքով, շատ դժվար ու բարդ բան է օրաթերթում վեպ տպելը, մանավանդ որ՝ հերոսներդ էլ հիմնականում իրական մարդիկ են, ու շատ դեպքերում՝ ընթերցողներդ ու հերոսներդ էլ են նույն մարդիկ, ու չգիտես՝ նրանցից որի՞ պահանջը կատարես եւ որի՞ ճաշակով առաջնորդվես:

Օրաթերթում շարունակական վեպ տպագրելու բարդություններից մյուսն էլ էն է, որ ընթերցողներդ սկսում են իրար հակադրել վեպիդ տարբեր հատվածներն ու ասել. «Էն նախորդ հատվածդ շատ ավելի ուժեղ էր, քան՝ էս մեկը»: Հասկանալի է, որ միանգամից գրքով տպագրելու դեպքում էս հանգամանքը բնականաբար կբացառվեր, որովհետեւ որեւէ նորմալ ընթերցող երբեւէ մտքով չի անցկացնի, ասենք, Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի մի հատվածը հակադրել նույն վեպի մեկ այլ հատվածին:

Ինչեւէ. ինձ հետ բանակ չծառայածներին պիտի շտապեմ ավետել, որ բանակային կյանքիս վերաբերող մասերն ուր-որ է պրծնում եմ ու պրծնում եմ ոչ միայն ընթերցողներիս պահանջը նկատի առնելով, այլեւ այն պարզ պատճառով, որ բանակային կյանքիս հետաքրքրական դրվագներն ահա-ահա ինքնին պրծնում են, այսինքն՝ հիշարժանն ու տպավորիչը հիմնականում բանակային կյանքիս առաջին իսկ շաբաթն էր, իսկ բանակային հաջորդ օրերն իրար էին հիմնականում կրկնում ու էդպես, իրար հաջորդելով ու կրկնվելով, ձգվեցին ու տեւեցին մի ամբողջ տարի:

Հաջորդ օրը ես, իհարկե, տղերքի հետ կարաուլ գնացի եւ պիտի շտապեմ ասել, որ կարաուլն էնքան էլ սարսափելի չէր, մանավանդ որ՝ բլոկնոտս ու գրիչս մոտս էին, ու ես էդ գիշեր պոստի վրա միանգամից երեք հատ բանաստեղծություն գրեցի, որոնցից երկուսը չափազանց սիրային էին, իսկ երրորդը, կարելի է ասել, փիլիսոփայական թեքում ուներ:

Երբ հաջորդ օրը կարաուլից վերադարձանք, դնեվալնին ասաց, որ Կարավանն ինձ մի քանի անգամ հարցրել է: Ես զենքերս հանձնելով՝ վազեցի շտաբ եւ հենց շտաբի դռների մոտ հանդիպեցի Կարավանին:

– Էս ո՞ւր ես կորել, ա՛յ տղա,- ինձ տեսնելով՝ գոռաց Կարավանը:

– Կարաուլում էի, ընկե՛ր փոխգնդապետ,- ասացի ես:

– Ի՞նչ կարաուլ,- ավելի ուժեղ գոռաց Կարավանը:

– Սովորական կարաուլ,- հանգիստ ասացի ես:

– Քեզ ո՞վ է իրավունք տվել կարաուլ գնալ,- դարձյալ գոռաց Կարավանը:

– Լեյտենանտն է ուղարկել,- ասացի ես:

– Ի՞նչ լեյտենանտ,- գոռաց Կարավանը:

– Նովոսելցեւը,- ասացի ես:- Ես ո՞նց իմ գլխու կարաուլ կգնայի, ընկե՛ր փոխգնդապետ:

Կարավանը կանչեց շտաբի հերթապահին եւ հանձնարարեց շտապ գտնել լեյտենանտ Նովոսելցեւին: Քիչ անց հայտնվեց լեյտենանտը եւ Կարավանին պատիվ տալով՝ ասաց.

– Լսո՛ւմ եմ, ընկե՛ր փոխգնդապետ:

– Ընկե՛ր լեյտենանտ, ձեզ ո՞վ է իրավունք տվել շարքային Շեկոյանին կարաուլ ուղարկել,- ճչաց Կարավանը:

– Ի՛նքը համաձայնվեց, ընկե՛ր փոխգնդապետ,- կմկմաց լեյտենանտը:

– Ինքն ո՞վ է, որ համաձայնվի կամ չհամաձայնվի. ինքն ընդամենը հրաման կատարող է, ընկե՛ր լեյտենանտ,- գոռաց Կարավանը:

– Կարաուլից մի հոգի պակասում էր, դրա համար էլ Շեկոյանին ուղարկեցի, ընկե՛ր փոխգնդապետ,- կմկմաց լեյտենանտը:

– Ինձ չի հետաքրքրում, թե քանի հոգի էր պակասում, ընկե՛ր լեյտենանտ: Մենք պայմանավորվել էինք, չէ՞, որ Շեկոյանին չպիտի՛ կարաուլ ուղարկեք:

– Ճիշտ այդպե՛ս: Այլեւս չի՛ կրկնվի, ընկե՛ր փոխգնդապետ:

– Էս առաջին դեպքն էլ չպիտի լիներ, ընկե՛ր լեյտենանտ:

– Մի հոգի պակասում էր, ընկե՛ր փոխգնդապետ:

– Եթե հաջորդ անգամ մի հոգի պակասի, ինքնե՛րդ կարաուլ կկանգնեք,- ասաց Կարավանը:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ,- կմկմաց Նովոսելցեւը:

– Այսօրվանից մոռացե՛ք, որ ձեր ստորաբաժանումում Շեկոյան անունով զինվոր ունեք,- ասաց Կարավանը:

– Ճիշտ այդպե՛ս, ընկե՛ր փոխգնդապետ,- ատելությամբ լեցուն աչքերն ինձ հառելով՝ կմկմաց Նովոսելցեւը:

– Հասկացա՞ք, թե՞ չհասկացաք,- գոռաց Կարավանը:

– Հասկացա, ընկե՛ր փոխգնդապետ,- ինձ թշնամանքով նայելով՝ ասաց լեյտենանտը:

– Լավ է, որ հասկացաք: Եթե հասկացաք, հենց հիմա շրջվեք ու գնացեք. քայլով մա՛րշ,- գոռաց Կարավանը:

Լեյտենանտը պատիվ տվեց Կարավանին, շրջվեց ու դիք-դիք քայլերով հեռացավ:

Իմ անմոռանալի ընթերցող, ես հասկանում եմ, որ չարաշահում եմ համբերությունդ եւ իմ էս սպեցիֆիկ բանակային պատմությունները շարունակելով՝ միգուցե զահլեդ արդեն տանում եմ, բայց մյուս կողմից էլ՝ Պարգեւն ինձանից բանակային կյանքի նոր մանրամասներ ու նկարագրություններ է պահանջում, ու ես իրեն հրաշալի հասկանում եմ, եւ եթե իր տեղը ես լինեի, ես էլ կպահանջեի, որովհետեւ երեւի շատ հաճելի բան է, երբ ինչ-որ մեկը շարունակաբար գրի է առնում թեկուզեւ բանակային կյանքդ ու մանավանդ բանակային կյանքիդ է՛ն մանրամասները, որոնք ինքդ էլ ես արդեն մոռացել, ու երեւի երիցս հաճելի է, երբ էդ գրի առնողը ձեր էդ բանակային ընդհանուր կյանքի հատկապես լավագույն ու հաճելի դրվագներն է առանձնացնում ու գրի առնում, ու ես, Պարգեւին ու նվագախմբի մեր մյուս տղերքին միանգամայն հասկանալով, նաեւ փորձում եմ իմ կողմնակի ու մյուս ընթերցողների վիճակի մեջ մտնել եւ, փորձելով հանդերձ, նաեւ հասկանում ու ամեն վայրկյան հիշում եմ, որ կողմնակիների ու մյուսների համբերությունն էլ, ի վերջո, չափ ու սահման ունի, եւ, էս պարզ ու հասարակ բանը հասկանալով, այսուհետ ամեն կերպ ջանալու եմ վերջացնել բանակային մեր էս արկածների նկարագրությունն ու տարեգրությունը:

Բայց, նախքան վերջացնելս, նախ պիտի սկսեմ ու շատ արագ ավարտեմ բանակային կյանքիս հետագա ողջ ժամանակի նկարագրությունը, մանավանդ որ՝ բանակային կյանքիս հետագա օրերն ու ամիսները պակաս հետաքրքիր ու պակաս բովանդակալից էին, քան՝ առ էս պահը նկարագրածս առաջին շաբաթը, չնայած էդ առաջին շաբաթից հետո էլ մեր բանակային կյանքում ուրիշ անհավատալի ու անհավանական բաներ էլ եղան, ու դրանցից ամենաանհավանականն էն էր, որ մենք մեր ծառայության յոթերորդ ամսում Կիրովաբադցուն հեռացրինք նվագախմբի ղեկավարի պաշտոնից ու նրա տեղը նվագախմբի ղեկավար նշանակեցինք ոչ թե Բախվային, ինչպես երեւի դուք եք կարծում, այլ՝ հենց սարիթաղցի Պարգեւին, որովհետեւ Պարգեւը շարունակաբար բողոքում էր, որ իր՝ պարտիայի շարքերն ընդունվելուն իր նվագախմբի ղեկավար չլինելն է չափազանց խանգարում, ու շատ չանցած՝ բոլորիս համար պարզ դարձավ, որ Պարգեւը ճիշտ էր, այսինքն՝ նվագախմբի ղեկավար ընտրվելուց ընդամենը մի ամիս անց կուսակցության անդամության թեկնածուի կարմիր տոմսն արդեն Պարգեւի գրպանում էր, իսկ մինչ այդ մենք նվագախմբի ղեկավարի ընտրություն կազմակերպեցինք եւ արդեն մեծամտացած ու հաբռգած Կիրովաբադցուն փոխարինեցինք Պարգեւով, եւ միայն Բախվան էր ձեռնպահ՝ երեւի իր մասնագիտական խիղճն էր մեջը խոսել, եւ, բացի այդ, Բախվան երեւի չէր էլ ուզում խառնվել հայերիս ներքին խնդիրներին, ու մեր էդ իշխանափոխությունը յոթանասունհինգի հունիսի վերջերին էր, ու էդ ընտրությունից անմիջապես հետո Կիրովաբադցին մեզանից մահացու նեղանալով՝ ընդհանրապես հեռացավ նվագախմբից եւ սկսեց կարաուլ գնալ, բայց շուտով հիվանդացավ եւ սանչաստ ընկավ, ու մի շաբաթ ահավոր բարձր տաքություն ուներ, ու ամառվա էդ շոգին հիվանդացողներն անհամեմատ շատ էին, քան՝ ձմռանը հիվանդացողները, որովհետեւ կասպյան ամառային տաք քամիներն առավել անտանելի էին, քան՝ ձմեռային սառնաշունչները, եւ հատկապես հուլիս-օգոստոսին մերձկասպյան օձերն ու մոծակներն ահավոր շատ էին, ու բոլոր կարաուլ գնացողները՝ էդ թվում նաեւ շաբաթը մեկ կարաուլ գնացող մեր տղերքն էն կարծիքին էին, որ ամառվա կարաուլն անհամեմատ նողկալի է ձմեռվա կարաուլից, ու էդ կարծիքին էր հատկապես սանչաստում պառկած կիրովաբադցի Վալոդը, որին հիվանդության հենց առաջին օրը ես ու Բախվան այցելեցինք ու հենց սանչաստում հորդորեցինք ու համոզեցինք վերադառնալ նվագախումբ, ու Կիրովաբադցին անմիջապես համաձայնվեց, որովհետեւ ամառվա էդ խաշոցին շաբաթական մի անգամ կարաուլ գնալը հեչ համեմատելի չէր երեք անգամվա հետ, ու ես, Կիրովաբադցուն համոզելով, նրան նաեւ հորդորում էի մտնել Պարգեւի վիճակի մեջ, այսինքն՝ բացատրում էի, որ նվագախմբի ղեկավար դառնալը Պարգեւի համար օդի ու ջրի պես անհրաժեշտ էր, քանի որ՝ Պարգեւի համար կուսակցության շարքեր մտնելն էր օդի ու ջրի պես անհրաժեշտ, ու ես ո՛չ թե ձեւ էի անում, այլ իսկապե՛ս մտնում էի Պարգեւի վիճակի մեջ ու, Պարգեւի վիճակի մեջ մտնելով, ի՛նքս Կարավանին համոզեցի, որ Պարգեւի երաշխավորագրերից մեկն ի՛նքը գրի, ու, չնայած ինքս երբեւէ չէի երազել կուսակցության շարքերն ինձանով համալրել, առանց որեւէ դժվարության ըմբռնում էի Պարգեւի կուսակցական էդ, ուրեմն, տենչը, որը ոչ մի կերպ չէին կարողանում ըմբռնել կիրովաբադցի Վալոդն ու Բախվա Բուրչուլաձեն, որոնք նախքան բանակն արդեն լուծել էին իրենց կուսակցական հարցերը:

Ինչեւէ. ես ոչ միայն Կիրովաբադցուն համոզեցի վերադառնալ նվագախումբ, այլեւ հենց սանչաստում հաջողացրի իրեն նաեւ համոզել, որ Պարգեւի մյուս երաշխավորագիրը հենց ի՛նքը գրի, եւ, ի զարմանս ինձ, Կիրովաբադցին մեծահոգաբար համաձայնվեց, եւ երբ Պարգեւին ու մեզ արդարացնելու համար Կիրովաբադցուն ասացի, որ ինքն, այնուամենայնիվ, որպես նվագախմբի ղեկավար վերջերս մի քիչ մեծամտացել էր, Կիրովաբադցին քառասուն աստիճան տաքության մեջ քմծիծաղ տվեց ու ասաց. «Հիմի Պարգեւի մեծամտանալը կտենաք ու ինձ երանի կտաք»:

Մենք Պարգեւի մեծամտանալը չտեսանք, որովհետեւ, երեւի, Պարգեւն այլեւս մեծամտանալու տեղ չուներ, եւ, ի տարբերություն մեզ ու հատկապես Կիրովաբադցու, նվագախմբի ղեկավար դառնալուց հետո ոչ միայն ավելի չմեծամտացավ, այլեւ՝ անսպասելիորեն ու նկատելիորեն համեստացավ, ու դրա հիմնական պատճառը երեւի այն էր, որ մեր երկու ու երեք պրոֆեսիոնալների առկայությամբ իր՝ նվագախմբի ղեկավար դառնալն ու լինելը նախ եւ առաջ հենց Պարգեւի համար էր զավեշտական:

Ահա էսպես, սիրելի ընթերցող, ես մանրից տրամադրվում եմ սահմանափակվել մեր ծառայության առաջին մի քանի օրերի մանրամասն տեղեկատվությամբ ու նկարագրությամբ, որովհետեւ, տեսնում եմ ու տեսնում եք, ինչքան պատմեմ՝ էնքան կպատմվի, ու ինչքան պատմվի՝ էնքան կծամծմվեն ու կանհամանան կյանքիս բանակային հատվածը ներկայացնող իմ էս հատվածները, ու ես, շտապելով իջեցնել վարագույրն ու ավարտել կյանքիս էդ, ուրեմն, արարը, այնուամենայնիվ, չեմ կարող չանդրադառնալ իմ ու Կարավանի կնոջ՝ Լարիսա Իվանովնայի թաքուն ու լուռումունջ սիրավեպին, մանավանդ որ՝ իմ էդ անդրադարձն ինձանից ու մանավանդ ձեզանից առանձնապես ժամանակ չի խլի ու եթե խլի էլ, ձեզանից առանձնապես որեւէ բան չի պակասի եւ ոչ էլ կավելանա, որովհետեւ Լարիսա Իվանովնայի՝ իմ հանդեպ տածած զգացմունքը չափազանց խորքային ու չափազանց էպիզոդիկ էր, ու էդ էպիզոդներն էլ էին չափազանց խորքային, ու գրեթե անհնար է դրանք վերապատմել ու սյուժեի վերածել, չնայած իմ ու իր առումով կասկածողներ ու նույնիսկ բամբասողներ էլ կային, ու չնայած կասկածողների մեջ հենց Կարավա՛նը չկար, բայց ես, ինչպես իմ էդ զգայացունց պահերին պարզեցի, միանգամայն հալալ կաթնակեր էի ու Կարավանի պատիվը գետնով տալու փորձ անգամ չարեցի, եւ, իհարկե, հիմա եմ էսքան հանգիստ ու էսքան վստահ խոսում, որովհետեւ էն ժամանակ, ճիշտ է, ես ու էդ կինն իմ արհեստանոցում շատ վայրկյաններ եւ նույնիսկ րոպեներ ենք արտաքին աշխարհից առանձնացած եղել, բայց ինքը իրեն միշտ որոշակի դիստանցիայի վրա էր պահում ու լավագույն դեպքում ընդամենը մի քանի ակնթարթ էր մոռանում իրեն դիստանցիայի վրա պահել, ու դրանք էն ակնթարթներն էին, երբ ես արդեն վերջնականապես գրած, նկարած ու ավարտած էի լինում իր մանկապարտեզի հերթական պլակատը, եւ ինքը հերթական անգամ հիանում էր իմ հերթական պլակատով, ու ինձ պարբերաբար պատվիրվող էդ պլակատներն իր մանկապարտեզի պլակատներն էին, որ հիմնականում պատվիրում էր նախատոնական օրերին:

Լարիսա Իվանովնան աֆիցերսկի գարադոկի մանկապարտեզի վարիչն էր եւ ինքն աֆիցերների կանանցից միակն էր, որ բարձրագույն կրթություն ուներ եւ, չնայած իր մարմնի ահավոր չափերին, աֆիցերների կանանցից միակն էր, որ ինտելիգենտ ու ազնվական տեսք ուներ, ու իրեն ինտելիգենտ ու ազնվական տեսք տվողն առաջին հերթին իրեն չափազանց սազող ակնոցն էր, որը հնարավորինս մեղմացնում էր Լարիսա Իվանովնայի չափազանց կոպիտ մարմնաձեւերն ու ժամանակ առ ժամանակ քեզ համոզում էր հայացքդ իր հսկայական ու անվերջանալի մարմնից տեղափոխել դեպի աչքերը:

Ես միգուցե չափազանցնում եմ, ասելով, թե Լարիսա Իվանովնայի հաստաբեստ մարմնի հեռավոր խորքում ծվարած նրբին հոգում իմ հանդեպ սիրո պես մի զգացում կար, բայց ես հակված էի իմ էդ չափազանցված զգացողությանն անմնացորդ հավատալ հատկապես էդ օրերին, որովհետեւ էդ օրերին մեր տղերքից հատկապես ե՛ս էի սիրո կարիք ու պահանջ զգում, քանի որ ես մեր տղերքից միակն էի, որ բանակից որեւէ աղջկա նամակ չէի գրում, որովհետեւ Աստղիկի հանգամանքն ինձ արգելում էր նամակ գրել ոչ միայն իրեն, այլեւ՝ ուրիշներին, ու հիմա ասելով ու գրելով, որ Լարիսա Իվանովնայի բարեկիրթ հոգու խորքում իմ հանդեպ որոշակի զգացմունք կար, ես նկատի ունեմ հատկապես էն պահերը, երբ ինքն ինձանից ստանալով իմ գրած ու նկարած հերթական պլակատը՝ ոչ միայն սիրով ու երախտագիտությամբ լեփլեցուն իր հայացքն էր պարգեւում ինձ, այլեւ, մի քանի անգամ եղել է, հիացմունքից ու ոգեւորությունից համբուրում էլ էր ինձ, եւ երբ էդ դեպքերում ու էդ պահերին իր ահռելի մարմնի որոշակի մասեր քսվում էին ինձ, ես իմ ողջ ներսուդրսով ցնցվում ու փառավորվում էի, ու ինքն ինձ ավել բան թույլ չէր տալիս, ավելի ճիշտ՝ ես ի՛նքս էլ ինձ ավել բան թույլ չէի տալիս, որովհետեւ ոչ միայն Կարավանի հանգամանքը կար, այլեւ մշտապես կար ու գոյություն ուներ է՛ն հավելյալ հանգամանքը, որ Լարիսա Իվանովնայի ջերմ ու սիրալիր վերաբերմունքն առ ինձ ընդամենը մի քանի ակնթարթ էր տեւում, եւ երբ իր մարմնի որոշ մասերին առնչվում էլ էի, դրանից ինքը, ի տարբերություն ինձ, չէր ցնցվում ու չէր փառավորվում, որովհետեւ ինձ համար երանավետ էդ պահերին երեւի իր անպարագիծ մարմնի միանգամայն ավելորդ մասերն էին ինձ քսվում, ու չնայած էդ պահերն ու էդ ակնթարթներն ինձ համար ամեն ինչ էին, իր համար ընդամենը երախտագիտության պարզ արտահայտություն էին, ընդ որում՝ ընդամենն ակնթարթային արտահայտություն, ու հաստատ էդպիսի մի ակնթարթի մասին է բանաստեղծը գրել՝ «Կա՛նգ առ, ակնթարթ, դու չքնա՜ղ ես», ու ես մի անգամ էդ հանգամանքներում բանաստեղծի էդ տողը Լարիսա Իվանովնայի համար արտասանեցի, եւ ինքն անմիջապես իր հսկայական մարմինը թռցրեց արհեստանոցիցս ու ահագին ժամանակ իմ կողմերում չհայտնվեց, բայց մայիսի մեկից ընդամենը մի օր առաջ վերստին հայտնվեց, քանի որ՝ իր մանկապարտեզի երեխաներն իմ հերթական պլակատի միջոցով պարտավոր էին տեղեկանալ, որ մայիսի մեկը աշխատավորների համերաշխության օրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել