Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ

Հուլիս 30,2005 00:00

Դատախազությունը
ամփոփում է Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հորդորեց «մի քիչ
հեռանալ տրադիցիոնալ դատողություններից, տալ առաջարկներ», սակայն դատախազության 2005
թ. առաջին կիսամյակի մասին զեկուցումներով հանդես եկողները չանսացին այդ հորդորին:
Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ամփոփեց դատախազական
հսկողության վիճակը, ինչպես նաեւ դրանց նախականխման, ապա հետաքննության եւ նախաքննության
ընթացքում առկա վիճակագրությանը: Ըստ նրա էլ, վիճակագրական տվյալները խոսում են հանցագործությունների
նվազման մասին: Մ. Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին կիսամյակում գրանցվել է 4389
հանցագործություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 962-ով պակաս
էր: Նվազել էր ծանր հանցագործությունը՝ 335 դեպքով եւ առանձնապես ծանրը՝ 24 դեպքով:
Դատախազի տեղակալի մեկ այլ վիճակագրություն էլ ուշագրավ էր. անձի դեմ ուղղված հանցագործությունները՝
սպանությունները նվազել են 20%-ով, սպանության փորձերը՝ 47,6%-ով: Ի դեպ, նկատենք,
որ անձնական ունեցվածքի, կողոպուտի դեպքերը ավելացել են եւ դա հավանաբար կապված օբյեկտիվ՝
սոցիալական իրավիճակի հետ: Պարոն Սարգսյանը նկատեց, որ անչափահասների կողմից կատարված
հանցագործությունները շատացել են, այդ պատճառով առաջարկեց դատախազությունում ստեղծել
անչափահասների նկատմամբ հսկողություն իրականացնող բաժին: Ի դեպ, ամփոփվեց դատարաններում
մեղադրանքը պաշտպանելու եւ այդ կապակցությամբ «անօրինական եւ չհիմնավորված դատավճիռներն
ու որոշումները» բողոքարկելը: Պարզվեց, որ առաջին կիսամյակում առաջին ատյանի դատարանները
դատավճռի կայացմամբ քննել են 1389 քրեական գործ՝ 1750 անձի վերաբերյալ, որը 221 գործով
եւ 270 անձով պակաս էր նախորդ տարվա համեմատ: 42 գործով դատապարտվել է 47 անձ եւ,
փաստորեն, 48,3%-ի նկատմամբ էր նշանակվել ազատազրկում: Ըստ գլխավոր դատախազի տեղակալ
Արմեն Խաչատուրյանի, 75 քրեական գործերով դատապարտվել էր 102 անչափահաս, իսկ 90 քրեական
գործով՝ 113 կին: Առաջին երկու զեկույցներից այն տպավորությունը ստացանք, թե այս
հանրապետության ամենաապակայունացնող տարրերը անչափահասներն ու կանայք են: Ուշագրավ
մի դիտարկում արեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ նրա, մարզերի եւ համայնքների
դատախազները անձամբ չեն գնում դատարաններ, մեղադրանքը պաշտպանելիս, պարզվում է՝ ծանոթ
չեն ապացույցներին, քրեական գործին: Ավելին, ոչ պակաս հիմնահարց է դարձել մեղադրողների
ճառերի անորակ մատուցումը: Գլխավոր դատախազը հանձնարարականի նման ասաց, որ պետք է
ապահովել ճառերի հռետորականությունը եւ «ընտրանքային» ճառերի ձայնագրումից հետո հարկ
կլինի վերլուծել դրանք: Պետական շահերի պաշտպանության խնդրին անդրադառնալով,
գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը հետաքրքիր մի դիտարկում արեց՝ որեւէ
մասնավոր սուբյեկտ չի ահազանգել եւ բոլոր տիպի ահազանգերը եղել են պետական պատկան
մարմիններից: Նա տեղեկացրեց, որ հարուցվել է վարչական իրավախախտման 216 վարույթ,
կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 108 անձ, դատախազները դատարան են ներկայացրել
344 հայց՝ կապված պետական շահերի պաշտպանության հետ, որից բավարարվել է 227-ը՝ 501,5
մլն դրամի չափով: Ըստ մեկ այլ զեկուցողի՝ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի,
դատախազական մարմինները որոշակի աշխատանքներ էին կատարել նաեւ հարկադրանքի այլ միջոցների
կիրառման վայրերում եւ ուղղիչ աշխատանքային հիմնարկներում: Մասնավորապես ուշադրություն
էր դարձվել ազատազրկման վայրերում, մեկուսարաններում դատապարտյալների ու կալանավորների
պահման օրինականությանը, բժշկական սպասարկման հարցերին, «պատժի չկրած մասն ավելի
մեղմ պատժով փոխարինելու մասին դատարաններ միջնորդություններ ներկայացնելու» խնդրին:
Ի դեպ, այստեղ նա ուշադրություն հրավիրեց անմեղսունակների կարգավիճակին, երբ հարկադրանքի
միջոցը փոխվում է, իսկ դատարանի որոշումը չի կատարվում: Նա ասաց, որ «ունեինք օրենքով
գողեր, որոնք լյարդի ցերոզով դուրս եկան հիվանդանոցից» եւ հաջորդ օրն էլ այլ հանցագործություն
արեցին: Նա նկատեց նաեւ, որ տուգանքների գծով դատավճիռը չի կատարվում եւ 74%-ը չի
կիրառվել՝ մոտ 100 մլն դրամի չափով: Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի տեղեկացմամբ,
քննվել էր 516 քրեական գործ եւ առաջին կիսամյակում առաջին ատյանի դատարանները դատավճռի
կայացմամբ քննել են 170 քրեական գործ՝ 241 անձի նկատմամբ: Դատապարտված անձանցից զինծառայող
է եղել 206-ը: Հակառակորդի կողմից սպանվել է 4 զինվոր: Թերեւս ուշադրության էր արժանի
զինվորական ծառայությունից անդամախեղման միջոցով խուսափելու դեպքերը: Առաջին կիսամյակում
գրանցվել է 16 դեպք: Նա տեղեկացրեց նաեւ, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության
եւ անփութության 40 դեպք է գրանցվել: Զինվորական հանցագործությունների առումով խափանման
միջոց կալանք էր ընտրվել 144-ի նկատմամբ եւ միայն մեկն էր մերժվել: Ի դեպ,
գլխավոր դատախազը հայտարարեց, որ կան հարկերից խուսափողներ, նրանց փոխարեն այլ մարդիկ
են «ցանկանում դատապարտվել», իսկ իրենք էլ չեն կարողանում ապացույցներ ձեռք բերել:
«Դատախազությունը տիրապետո՞ւմ է, թե մեր պաշտոնյաները ինչ խոշոր օբյեկտներ ունեն:
Եվ դրանց ո՞ր տոկոսն է դատախազության աշխատակիցներինը» մեր հարցին նա հմտորեն շրջանցեց
պատասխանելուց: Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Մովսիսյանը տեղեկացրեց,
որ 5 քրեական գործ է հարուցվել իրենց նախապատրաստված գործերով: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել