Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԸ ՉԵՆ ԳՐՊԱՆՈՒՄ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Հուլիս 30,2005 00:00

Երեւանցի
Արթուր Կարապետյանն իր նախաձեռնությամբ պայքար է սկսել թոշակ ու նպաստ ստանալու ժամանակ
100 կամ 200 դրամ գանձումների դեմ: Սոցիալական քարտի ներդրման հիմնական
նպատակներից մեկը համակարգում հնարավոր կոռուպցիայի դեպքերը բացառելն էր: Մասնավորապես
խոսքը վերաբերում է հանրությանը լավ ծանոթ թոշակից ու նպաստից որոշ գումար պահելու
փոստատարների սովորույթին, ինչը տասնամյակների ավանդույթ ունի: Սոցիալական քարտ ունեցող
յուրաքանչյուր ոք կարող է խնայբանկում բացել հաշվեհամար, եւ թոշակն ու նպաստը ստանալ
այդտեղից: Սակայն արդեն մեկ տարի գործող այս հնարավորությունից շատերը չեն օգտվում
կա՛մ չիմացության, կա՛մ էլ «ականջի հետեւը գցելու» արատավոր բնավորության պատճառով:
Նրանց համար առավել ընդունելի է հին, «բարի» ավանդույթը. սպասել փոստատարին՝ նպաստի,
եւ կենսաթոշակային հիմնադրամի տեսուչին՝ թոշակի համար: Իսկ նրանց տրվող 100-300 դրամ
«ոտքի փողը» վաղուց արմատացած սովորույթ է ու նույնքան բնական, ինչքան, ասենք, կոմունալ
որեւէ ծախսի համար վճարը: Տասնամյակներ շարունակ այս երեւույթը չի գրավել վերահսկող
մարմինների ուշադրությունը մի պարզ պատճառով՝ փոստատարների հավաքած գումարից մասնաբաժին
են ունեցել բոլորը՝ փոստի վարիչից մինչեւ ոլորտի առաջին դեմքը: Այսպիսով, ժողովուրդը
չի բողոքել, բավարարվելով «հետեւից խոսելով», վերցնողներին էլ դա առանձնապես չի մտահոգել:
Մեր ներկայացրած օրինակն այս առումով կարելի է համարել առաջին լուրջ պայքարը,
որի արդյունքում գրանցվել է առաջին լուրջ հաղթանակը: Էրեբունի համայնքում բնակվող
մի երիտասարդ՝ Արթուր Կարապետյանը, իր պայքարն սկսել է այս տարվա մայիսից, դիմումներ
հղելով նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին եւ ԱԺ վերահսկիչ
պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին: Դիմումներն ուղղվել են կառավարության աշխատակազմ՝
ուսումնասիրության, ինչին հետեւել են կենսաթոշակային հիմնադրամի տարածքային պաշտոնյաների
այցելությունները Արթուրի բնակարան: Զրույցների արդյունքում նրան խոստացել են մոնիթորիգ
անցկացնել՝ խնդիրն ամբողջությամբ պատկերացնելու համար: «Երբ ես ներկայացրի թվեր,
թե ամեն ամիս որքան գումար է շորթվում ամենաանապահով խավից, հիմնադրամի ապահովագրական
բաժնի պետ Աշոտ Աբրահամյանն ասաց, թե այդ թվերը նախորդի ժամանակ էլ են եղել»: Հիմնադրամի
վերահսկիչ բաժնի պետ Ստեփան Ազիզյանը նախ ընդհանրապես հերքել է երեւույթի առկայությունը,
պնդելով, որ «մեր աշխատողները ու նամանավանդ նախագահը՝ մաքուր են»: Իսկ ընդամենը
մի քանի օր անց հայտնել է, որ Արթուրի դիմումն անհիմն չէ եւ ինքը բանավոր նկատողություն
է տվել տարածքի 17 պատասխանատուներին: Ավելին, ըստ Ս. Ազիզյանի, աշխատանքից ազատվել
է հիմնադրամի տարածքային մասնաճյուղի տնօրենը: Այդ ընթացքում եւ այժմ նույնպես, Էրեբունու
տեսուչները թոշակը բաժանելիս «գլխանց» չեն վերցնում իրենց հասանելիքը, իսկ «շնորհակալություն»
հայտնողների թիվն անհամեմատ քչացել է: Արթուրը հանդիպել է նաեւ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների հետ: Վերջիններս միայն տեղեկացրել
են. «Մենք գումար բաժանելու հետ կապ չունենք»: Ինչն, իրականում այդպես էլ է: Այլ
խնդիր է, որ նախարարությունն ունի վերահսկողության բաժին, որի գործառույթների մեջ
ցանկության դեպքում կարող էր «տեղավորվել» նաեւ այս խնդիրը: Պայքարի մեջ Արթուրին
իրավաբանական խորհրդատվությամբ օգնել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ/Տարածաշրջանային
զարգացման կենտրոն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Խնդիրը հետաքրքրել
է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հակակոռուպցիոն բաժնին եւ մի քանի հ/կ-ների:
Արթուր Կարապետյանը մտադիր է դատական գործ սկսել կառավարության աշխատակազմի դեմ՝
իր դիմումն անտարբերության մատնելու մեղադրանքով: «Իմ կռիվը փոստատարների
ու տեսուչների դեմ չէ, այլ երեւույթի դեմ ընդհանրապես: Պետք է այն դիտարկել որպես
կոռուպցիոն երեւույթ եւ պայքարել դրա դեմ»,- «Առավոտին» հաղորդեց Ա. Կարապետյանը:
Պետք է ասել, որ իր պայքարում Արթուրն արդեն հասել է որոշակի հաջողությունների, չնայած
հենց իր հարեւաններից շատերը հրաժարվել են «խառնվել գործին, որովհետեւ անհույս բան
է ու վտանգավոր»: Իր օրինակով այս երիտասարդն ապացուցում է կոռուպցիայի դեմ պայքարին
լծված պաշտոնյաների բազմաթիվ անգամ ասածը՝ «ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների
համար, որ հասնենք հաջողության»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել