ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
ՀԱՐՑԵՐ Սյունիքի մարզպետարանում միայն հունիսին երկու խորհրդակցություն
է հրավիրվել մարզում աղանդավորության տարածման կապակցությամբ: Առաջին խորհրդակցությանը
մասնակցել են դպրոցների տնօրեններ, երկրորդին՝ առողջապահական հիմնարկների ղեկավարներ:
Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը քաղաքում մասնավորապես եհովականների գործունեության
ակտիվացման առնչությամբ ասաց. «Եհովայի վկաներն» արդեն գրանցված կրոնական կազմակերպություն
է: Նրանց դեմ ինչ-որ քայլեր իրականացնելն արդեն կլիներ ոչ օրինական: Կապանում նրանք
իրոք տարածվել են: Բավական գաղտնի են գործում: Ասենք, դահլիճներում չէ, որ ժողովներ
են անում: Տուն են առնում կամ վարձակալում եւ այնտեղ են հավաքվում: Մարդիկ շատ անգամ
չեն էլ իմանում այդ մասին: Մինչեւ իմանում են՝ նրանք տեղափոխվում են: Եվ շատ վատ
քարոզչություն են տանում՝ ընդդեմ զինվորական ծառայության, պետությունը պաշտպանելու»:
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հիմնական հարցը
համարում է այն, թե ինչու են աղանդներն այնուամենայնիվ պարարտ հող գտնում հենց Սյունիքում:
«Անհերքելի եւ անքննելի է մի փաստ՝ աղանդավորության դեմ այդ «պայքարը» ձեռնարկողները,
այդ խորհրդակցությունների կազմակերպիչները շատ թե քիչ լուրջ պատկերացում չունեն խնդրո
առարկայի մասին,- ասում է պրն Ալեքսանյանը:- Ես անկեղծ չեմ համարում այն պայքարը,
որ այսօր իբր թե մղվում է աղանդների դեմ: Աղանդավորության դեմ պայքար կազմակերպելու
համար նախեւառաջ հարկավոր է Սուրբ գրքի, ճշմարիտ քրիստոնեության իմացություն: Բացի
այդ՝ պետք է ճշտենք, թե ի՞նչ իրավական հիմքեր ունենք աղանդավորության դեմ պայքարելու
համար: Չէ՞ որ Սահմանադրությամբ երկրում հռչակվել է խղճի ազատություն, եւ բազմաթիվ
կրոնական կազմակերպություններ ստացել են անարգել գործելու հնարավորություն: Եվ ո՞ւմ
միջոցով ենք պայքարելու աղանդների դեմ. դպրոցի տնօրեններն ու առողջապահական հիմնարկների
ղեկավարներն իրոք անելիք ունե՞ն այս ճակատում: Իմ կարծիքով՝ գրեթե չունեն: Իսկ ի՞նչ
չափով է այս գործին մասնակցելու Հայ առաքելական եկեղեցին: Արդյոք ունե՞նք այս հարցերի
պատասխանը»: Ա. Ի.