Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿՎԵՐԸՆՏՐՎԵ՞Ն ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ

Հուլիս 30,2005 00:00

Հոկտեմբերին
Սյունիքի մարզի շուրջ 70 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններ: Հոկտեմբերի 9-ին ընտրություններ կլինեն Սյունիքի
բոլոր քաղաքներում, բացի Գորիսից, ուր տեղի են ունենալու միայն ավագանու ընտրություններ:
Մեղրիում մեծ է գործող քաղաքապետի վերընտրվելու հնարավորությունը: Սիսիանի քաղաքապետ
Լավրենտի Սարգսյանն արդեն իսկ ազդարարել է վերընտրվելու իր մտադրության մասին: Նրա
թեկնածությունը, հայտնի է, պաշտպանում է ՄԱԿ-ը: Սիսիանի քաղաքապետը խնդիրներ ունի
մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, որի թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի
ամուսնուն, Լավրենտի Սարգսյանը հաղթել է երկու անգամ: Առավել մանրամասն անդրադառնանք
Կապանի քաղաքապետի ընտրությանը: ՀՀԿ Կապանի կառույցի բոլոր այն ներկայացուցիչները,
որոնց հետ զրուցեցինք Սյունիքում գտնվելու ընթացքում, անվերապահորեն արտահայտվում
էին գործող քաղաքապետ Արմեն Կարապետյանի վերընտրության օգտին: ՀՀԿ տարածքային կազմակերպության
ղեկավար Ռոման Սարգսյանը եւ այլք նշում էին, թե համեմատելով նախկին քաղաքապետերի
հետ՝ գոհ են նրա գործունեությունից, աշխատավարձերի պարտքերն է փակել, փողոցներն ավելի
մաքուր են, կան նաեւ այլ զգալի փոփոխություններ: Կապանի ընտրություններում
վերստին իր ուժերը կփորձի նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը, որը շատ կարճ ժամանակ
ՀՀԿ անդամ էր, սակայն երբ կուսակցությունը որոշում կայացրեց պաշտպանել Արմեն Կարապետյանին
(նա նույնպես ՀՀԿ անդամ է՝ 1998-ից), Գագիկ Աթաջանյանը հեռացավ ՀՀԿ-ից: Այժմ լուրեր
կան, թե նա դարձյալ փորձել է ստանալ վարչապետի աջակցությունը, սակայն՝ ապարդյուն:
Հնարավոր մյուս թեկնածուն մշակույթի պալատի նախկին տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանն
է, որը պիտի աշխատեր մարզպետարանում, սակայն չհաղթեց քաղծառայության մրցույթում:
Կապանի 51-ամյա քաղաքապետ Արմեն Կարապետյանը մինչ այս պաշտոնին անցնելը՝ 1998-ի
հունիսից «ՀայՌուսգազարդ» ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման
մասնաճյուղի տնօրենն էր: Մեր զրույցի ընթացքում պրն Կարապետյանը նշեց. «Չգիտեմ՝
մրցակիցներ կունենամ, թե ոչ: Թեկնածուները փոփոխական են: Մի օր մեկի մասին են խոսում,
մյուս օրը՝ մեկ ուրիշի: Այսօր դեռ կոնկրետ չգիտեմ, թե ուրիշ ովքեր են առաջադրելու
իրենց թեկնածությունը»: Մեր հարցին, թե իր գնահատականով Կապանի բնակչությունը բավարարվա՞ծ
է իր աշխատանքից՝ քաղաքապետը պատասխանեց, թե իրականում ինչ հնարավոր է անել՝ անում
է. «Բավականին խնդիրներ են լուծվել: Նախընտրական ծրագրում նշել էի, թե ինչ աշխատանքներ
պիտի իրականացնեմ ընտրվելուց հետո: Մեկ ամիս առաջ կուսակցության տարածքային կառույցը
քննարկել է ծրագիրս եւ համոզվել, որ խոստումներիս 96%-ը կատարել եմ: Ընդամենը 1-2
խնդիր չեմ կարողացել լուծել, որ պայմանավորված է տեխնիկական հարցերով»: Որպես չկատարված
խոստում՝ մասնավորապես նշեց քարամշակման արտադրամասի ստեղծումը. «Սա պայմանավորված
է արտասահմանյան ներդրումներով, որոնք առայժմ չկարողացանք ապահովել: Բայց արդեն կան
որոշ պայմանավորվածություններ»: Նախընտրական ծրագրում առկա իրականացված խոստումների
թվարկումն ավելի շատ ժամանակ կպահանջեր: «Հատկապես այն խնդիրները, որոնց մասին արդեն
բավական երկար տարիներ խոսվում էր, սակայն չէին լուծվում,- ասաց Արմեն Կարապետյանը:-
Նկատի ունեմ տանիքների, լճերի, փողոցների բարեկարգումը, լուսավորության (այստեղ 21
հազար դոլարի ներդրում է կատարվել), բազմահարկ շենքերի վերելակների խնդիրը եւ այլն»:
Եվ այս ամենով հանդերձ, հնարավոր է, որ Կապանի եւ Սիսիանի ընտրություններում
իրենց թեկնածուներին առաջադրեն ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ինչպես
նաեւ, բացառված չէ, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կուսակցությունն
էլ ակտիվորեն մասնակցի Սյունիքի քաղաքային համայնքներում տեղի ունենալիք ընտրություններին:
Առայժմ որեւէ բան հայտնի չէ ընդդիմադիր թեկնածուների դիրքորոշման մասին: Իսկ ընդհանրապես,
առայժմ կարծես հստակ է, որ Սյունիքի մարզի ընտրություններում ՀՀԿ-ն մեծ մասամբ կպահպանի
նախկինում նվաճած դիրքերը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Կապան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել