Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն

Հուլիս 29,2005 00:00

Լեւոն Ջավախյանի «Հիսունհինգը» Լույս է տեսել արձակագրի երրորդ գիրքը «Էդ աշխարհում իմ հայտնվելն ուրիշ նախաբան ունի: Երդվյալ դաշնակցական էի, ուզում էի անպայման Հայաստանը կործանումից փրկել… Իհարկե, կարող էի եւ չբացահայտվել, բայց դա էլ հո հայրենիքի ազատություն չէ, որ պարտադրված զգամ: Այնպես որ, կարմիր դրոշով ծածանվող «Մահ կամ ազատություն» խորհրդանիշից զատ, ես մի նշանաբան էլ ունեի, որն, ի տարբերություն սրբության սփռոցի՝ ամենօրյա գործածության համար էր՝ դաջված թաշկինակս, Աստծուց ի՞նչ թաքցնեմ, կյանքիս մանիֆեստը: Ուստի որոշեցի սովորական մարդուն էլ աստվածացնել՝ հնարավորինս ոչինչ եւ ոչինչ նրանից չթաքցնելով»,- գրում է արձակագիր Լեւոն Ջավախյանը օրերս լույս տեսած իր երրորդ գրքում, որը խորհրդանշական «Հիսունհինգ» անվանումն ունի՝ իր ապրած տարիներն են: 55 տարեկանում էլ Լ. Ջավախյանը ամենաանկեղծ մարդն է, էս մայրաքաղաքի ամենամիամիտը, որը դուր գալու գրականություն չի ստեղծում, այլ գրականություն է դարձնում իր մարդկային թերությունները, իր անկումները. «Վահան Իշխանյանի հետ բարձրացել էինք 12-րդ հարկ՝ Խելքով Ֆելոյին մեր վերջին հրաժեշտը տալու: Ֆելոն համալսարանական դոկտոր, պրոֆեսոր էր, բայց կյանքում բոլորովին դասախոսի նման չէր: Մարդ էր… Վահանն իմանալով իմ փառատենչությունը, ասաց՝ կուզենայիր, չէ՞, Ֆելոյի տեղը դու լինեիր… սաղ քեզ կնայեին… Դուրս էինք ելնում: Դառը ժպտացի»: «Անկում» պատմվածքը, իմ կարծիքով, ամենաազդեցիկն է, հատկապես վերջաբանը. «Վերեւում դագաղն էր: Մենք ցած էինք գլորվում»: Լ. Ջավախյանի հերոսներից շատերին մենք գիտենք: Օրինակ, բանկիր Տիգրանին, որը «թեեւ փոքր ածու էր, բայց անունը՝ Տիգրան», Արշակ Սադոյանին. «Կարթագենն ապրում էր խաղաղ ու անվրդով կյանքով, քանզի Արշակ Սադոյանը չգիտեր նրա իրական տեղը», տարածքները՝ Վերնիսաժ, Կազիրոկ, Սկվազնյաչոկ: Վերնիսաժում արծաթ վաճառող Լեւոն Ջավախյանը գրում է. «Հուդան 20 արծաթով իր հոգին վաճառեց, իսկ մենք արծաթ ենք ծախում, որ հոգիներս փրկենք»: Պատմվածքների այս ժողովածուն փրկում է նաեւ մեզ: Քանզի նա իր անկեղծությամբ պարտադրում է, ստիպում լինել ձեռնափի նման՝ բաց, ինչ-որ տեղ՝ կորցրած, ինչ-որ տեղ՝ շահած, ինչ-որ տեղ՝ պարտված, հաղթած: Եվ այս ամենը Լ. Ջավախյանն անում է նրբին հումորով, դիմելով գեղարվեստական բազմաթիվ հնարքների: Ահավասիկ «Խոսք՝ Նոբելյան մրցանակ ստանալու առիթով» ստեղծագործությունը, որն առաջին անգամ տպագրվել էր «Առավոտում». «Մինչեւ հիսուն տարեկանս դեպի դուրս եմ գնացել, գնացել ու ինձնից հեռացել: Ռոմանտիկ տարիներ էին: Երազում էի գրել այնպես, որ գիրս դնեմ քարի վրա՝ քարը ճաք տա: Բայց դա ինձ չհաջողվեց: Տակավին չեմ հուսահատվել: Առայժմ սրտերի վրա եմ աշխատում»: Ջավախյանի պատմվածքները մեր պատկերացրած աշխարհի սահմաններից դուրս են: Փիլիսոփայական ընդհանրացումներով, լացելու չափ պայծառ. «Լույսն ու մութը խառնեցի: Այն, ինչ մթինն էր՝ լույսին տվեցի, ինչ լույս էր՝ ցեխեցի խավարով… Ընկերներս պակասեցին, շրջապատիս ծաղրին արժանացա, բայց առավել դաժանը փառքը եղավ, որ համառորեն երես թեքեց ինձանից»: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել