Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ

Հուլիս 29,2005 00:00

«ԲՈԼՈՐ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ԿՐԱԿՎԵԼ» Ըստ կինոգետ Դավիթ Մուրադյանի, պետք չէ չարախնդալ «Ոսկե ծիրան» 2-րդ փառատոնի որոշ թերությունների կապակցությամբ, այլ անել ամեն ինչ՝ ի նպաստ հաջորդ փառատոնի: Արվեստագետների եւ հանդիսատես ների շրջանում շարունակվում են հուլիսի 12-17-ը Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» 2-րդ միջազգային կինոփառատոնին առնչվող մասնավոր քննարկումները: Քննարկման առարկա են դառնում ինչպես հայ, այնպես էլ այլազգի կինոգործիչներն ու նրանց ֆիլմերը: Չնայած փառատոնն արդեն անցյալ է դարձել, սակայն դեռ մնում են շատ չհստակեցված խնդիրներ: «Առավոտն» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները մասնագետից ստանալու նպատակով հանդիպեց կինոգետ Դավիթ Մուրադյանին: – Փառատոների կազմակերպում իրենց կարող են թույլ տալ զարգացած երկրները: Ելնելով մեր պայմաններից, ո՞րն է նման միջոցառում անցկացնելու անհրաժեշտությունը, այն էլ այն դեպքում, երբ բոլորը պնդում են, թե հայ կինոն ճգնաժամի մեջ է: Այս փառատոնում չներկայացվեց ոչ մի հայկական լիամետրաժ ֆիլմ: Իսկ «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում մեր հին ֆիլմերը ցուցադրվեցին ոչ թե կիսադատարկ, այլ դատարկ դահլիճներում: Նույնիսկ հեղինակավոր փառատոներից հետո (Կաննի, Բեռլինի, Մոսկվայի եւ այլն), կինոգետները բարձրաձայնում են թերությունների մասին: Ձեր կարծիքը՝ փառատոնի եւ նրա թերությունների մասին: – Յուրաքանչյուր փառատոն, մանավանդ փոքր երկրներում, ունի երկու գլխավոր նպատակ: Առաջինը՝ կինոաշխարհի մեծ քարտեզում սեփական երկրի հասցեն նշելն է: Սա կարեւոր է ոչ միայն կինոարվեստի տեսակետից: Մանավանդ երբ խոսում ենք Եվրոընտանիք ինտեգրվելու եւ ընդհանրապես աշխարհի հետ քիչ թե շատ հավասար քայլելու մասին: Միանշանակ, առաջին նպատակը իրականացավ՝ իբրեւ բավականաչափ նկատելի հայտ, որը սպասում է իր զարգացմանը: Ի վերջո, այո, այսպիսի ակցիաները խոշոր ու ուժեղ երկրների մենաշնորհն են: Երկրորդ՝ դեպի ներս ուղղված նպատակը կինոարվեստի մթնոլորտը Հայաստանում վերականգնելն է, հանդիսատեսին կինոթատրոն վերադարձնելը: Վերջապես մեր պատվախնդրության արթնացման հարցն է, որովհետեւ նման փառատոներ կազմակերպող երկիրն արդեն պարտավորված է սեփական արտադրանքով ունենալ արժանապատիվ ներկայություն: Համեմատությունը գուցե ոմանց զարմացնի, բայց մենք երբ չունեինք ինքնուրույն գրավոր մշակույթ (5-րդ դար), սկսեցինք թարգմանություններ անել, որը բերեց ինքնուրույն ազգային գրավոր մշակույթի եւ գրականության առաջացմանը: Եթե մեր կինոն այսօր ճգնաժամի մեջ է, գուցե այսպիսի «դոպինգները» աշխուժացնեն այն: Ճիշտ եք, որ փառատոնի շրջանակներում «Հայկական համայնապատկեր» ծրագրի ցուցադրության ժամանակ հանդիսատեսը «չգրոհեց» դահլիճ, ինչը տեղի ունեցավ Միխալկովի եւ Զանուսիի ֆիլմերի դեպքում: Բայց ո՞վ ասաց, որ պետք է այլ կերպ լիներ: Որպեսզի «Հայկական համայնապատկերի» դեպքում էլ նույն պատկերը լիներ, պետք է նույնարժեք անուններով ֆիլմեր ներկայացվեին: Դրանից ողբերգություն եկեք չսարքենք: Պետք է Հայաստանում կարողանանք լուրջ կինո զարգացնելու կենսահող ստեղծել: – Այնուամենայնիվ, ինչ-որ դժգոհություն կար հասարակության մեջ այս «Ոսկե ծիրանի» հետ կապված: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ: – Հասարակությանը գրգռեցին բացման եւ փակման արարողությունները՝ պետական լեզվի, սեփական հանդիսատեսի հանդեպ ոչ բավարար հարգանքով: Հատկապես փակման արարողությունը պահանջում էր ավելի գրագետ սցենար ու լուծում: Տեսել ենք՝ ոնց են բացվում, փակվում Բեռլինի, Մոսկվայի եւ մյուս հեղինակավոր փառատոները: Պարզապես նման պատասխանատու գործ ձեռնարկելիս կազմակերպիչները (հավանաբար՝ Հանրային հեռուստատեսությունը-Ս.Դ.) պետք է խորհրդակցեին մասնագետի հետ: Բոլոր փամփուշտները մեկ փառատոնի ընթացքում «չեն կրակում»: – Կարծիքներ էին հնչում, թե «Ոսկե ծիրանը» փառատոն էր ոչ թե Հայաստանի բնակիչների, այլ՝ օտարների համար: – Արվեստում օտարներ չկան: Ես համաձայն չեմ մամուլի այն պնդումներին, թե սա փառատոն էր օտարների համար: Սա փառատոն էր մեզ համար՝ մեր տեսակետը ընդարձակելու: Երանի թե մեր կյանքի բոլոր բնագավառները հավասարեցնենք այս փառատոնի մակարդակին՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Ընդհանրապես ժամանակն է հավասարվելու համաշխարհային մշակութային հարստությանը: – Օտարամոլության դրսեւորում չէ՞ր, օրինակ, այն, որ «Ոսկե ծիրանի» ժամանակ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակների արժանացան Ա. Քիառոստամին (Իրան) եւ Ք. Զանուսին (Լեհաստան): Չե՞ք կարծում, որ նրանց կողքին կարելի էր, եթե չասենք՝ անհրաժեշտ, նման մրցանակի արժանացնել նաեւ մերոնց՝ օրինակ, աշխարհահռչակ Փարաջանովին, Փելեշյանին… – Փառատոներում հետմահու մրցանակներ ընդունված չէ շնորհել: Փարաջանովը մեկ անգամ եւս գնահատվելու կարիք չունի: Ինչ վերաբերում է Փելեշյանին, նա հրավիրված էր գլխավորելու «Ոսկե ծիրանի» ժյուրիներից մեկը: Բայց չկարողացավ գալ, որովհետեւ Ֆրանսիայում աշխատում է իր հերթական ֆիլմի վրա: Իսկ եթե Արեւմուտքում արտադրության ժամացույցը միացված է, չի կարելի այն կանգնեցնել: Գուցե դա Արեւմուտքի «թերությունն» է, չնայած վերջինիս շնորհիվ արտադրությունը արդյունավետ է: Սա վերջին «Ոսկե ծիրանը» չէ: Փելեշյանի օրն էլ կգա եւ այդ ժամանակ չենք կոմպլեքսավորվի՝ վա՜յ, միայն օտարներն են եկել ու մրցանակներ ստանում: Կրկնեմ, որ արվեստում օտարներ չկան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել