Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ

Հուլիս 29,2005 00:00

Սփյուռքահայ ուսուցիչները «կվերանորոգեն» գիտելիքները Երեկ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում սփյուռքահայ ուսուցիչներին ողջունեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը, ԿԳ նախարար Սերգո Երիցյանը եւ կրթության ոլորտի այլ պաշտոնյաներ: Ուսուցիչները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու մեկամսյա վերապատրաստման դասընթացների: ԿԳ նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ դասընթացներին պետք է մասնակցի 80 ուսուցիչ 13 երկրից, բայց առայժմ ժամանել են միայն 60-ը՝ 10 երկրից: Նա նշեց, որ թեեւ Ջավախքը տեղեկացվել է, սակայն մասնակիցներ չեն ներկայացել: Նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ ծրագրի վերջում հատուկ հանձնախումբը կընտրի լավագույն սփյուռքահայ ուսուցիչներին: Ի դեպ, ծրագիր կա այս տարի Վրաստանի ԿԳ նախարարության հետ՝ համագործակցությամբ վերապատրաստում անցկացնել նաեւ Վրաստանում: Հ. Թադեւոսյանը կարեւորեց նաեւ, որ այս ծրագրին զուգահեռ, տեղերում պետք է անցկացնել վերապատրաստման դասընթացներ. «Եթե մենք կարողանանք համատեղել, ապա այդպես ավելի արդյունավետ կընթանա այս ծրագիրը»: Խնդիրն այն է, որ այսօր սփյուռքահայ ուսուցիչների ընդամենը 20 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, եւ իրենք՝ ուսուցիչներն էլ խիստ անհրաժեշտ էին համարում վերապատրաստման այս գործընթացը: Հալեպի Սահակյան վարժարանի ուսուցիչ Լիզա Լալեյանը նշեց. «Այս դասընթացը կնպաստի «վերանորոգել» մասնակիցների գիտելիքները»: Սիրիայից ժամանած ուսուցիչները մեծ հպարտությամբ էին նշում, որ հայ ընտանիքների երեխաները այցելում են միայն հայկական դպրոցներ: Այլ է պատկերը Ռուսաստանում եւ Ուկրաինայում, որտեղ երեխաները կամաց-կամաց մոռանում են հայերենը: Թբիլիսիից ժամանած ուսուցիչները եկել էին նաեւ որոշակի խնդրանքով: Թբիլիսիից Աննա Սարիբեկյանը պատմեց, որ այսօր Վրաստանում 150 հայկական դպրոց կա, որից 8-ը մայրաքաղաքում է գործում: Նա ներկայացրեց վիրահայ ուսուցիչների խնդրանքը. «Մենք ցանկանում ենք ՀՀ իշխանությունների օգնությամբ Վրաստանի ԿԳ նախարարությունում ունենալ մեր ներկայացուցիչը: Բացի այդ, հաճախակի կազմակերպվեն այցելություններ հայկական դպրոցներ»: Վիրահայ ուսուցիչները պահանջում էին Վրաստան առաքել կրթական եւ մասնագիտական որոշ ամսագրեր, այդ թվում՝ հայոց լեզվի եւ գրականության վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2004-ի նոյեմբերին ՀՀ ԿԳ նախարարության Սփյուռքի հետ կապերի վարչության առաջատար մասնագետ Նորայր Անդրեյանին դժվարությամբ հաջողվեց Վրաստանի Բոլնիս Խաչեն գյուղի դպրոց հասցնել 526 հայերեն դասագիրք, որոնք Վրաստանի կառավարությունը թույլատրել է դասավանդել հայկական դպրոցներում: Դրանք հիմնականում տեխնիկական առարկաների հայատառ տարբերակներն են, ինչպես նաեւ՝ հայոց լեզու եւ միջին դարերի պատմություն: Հետաքրքիր է, որ Գուգութիի սահմանային անցակետի աշխատակիցները, տեսնելով գրքերը, արգելեցին դրանք Վրաստան տեղափոխել՝ չգիտես ինչու, պահանջելով Վրաստանի պաշտպանության նախարարության թույլտվությունը: Սակայն մի փոքր բանավիճելուց եւ հայերեն գրքերը ձեւականորեն ուսումնասիրելուց հետո, թույլատրեցին տեղափոխել: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել