Լրահոս
Օրվա լրահոսը

Անցա՞ծ պատմություն

Հուլիս 29,2005 00:00

Անցա՞ծ պատմություն «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ, վարչապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանն ամիսներ առաջ դիմել էր դատախազություն: Նա պահանջել է զրպարտության համար պատասխանատվության ենթարկել «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին: Մեր հարցին, թե ի՞նչ փուլում է այս գործը՝ Խաչիկ Ասրյանը պատասխանեց. «Ինձ ընդամենը մի անգամ են կանչել դատախազություն՝ հարցրել, թե պնդո՞ւմ եմ հայցս: Պատասխանեցի, թե այո, քանի որ նպատակ ունեի հաստատել, որ այն, ինչ նա գրել է՝ ինձ չի վերաբերում: Սամվել Ալեքսանյանը քննիչին բացատրության մեջ գրել է, թե Խաչիկ Ասրյանի մասին չեմ ասել՝ ուրիշ մարդկանց նկատի ունեմ: Բայց «Նովոյե Վրեմյա»-ին տված նրա հարցազրույցը ոնց կարդում ես՝ ինձ է վերաբերում: Փաստորեն՝ Սամվելը հրաժարվել է, եւ քանի որ իմ անունն այդտեղ չկա՝ դրանից օգտվում է: Չեն կարող ապացուցել, որ իրականում ինձ նկատի ունի: Այդ վիճակում էլ առայժմ կանգնած մնացել է գործը»: Մեր հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության վրա իր հարձակվելու գործն էլ կարճվեց՝ իրավիճակի փոփոխման պատճառով, Խաչիկ Ասրյանը պատասխանեց. «Երեւի թե՝ նորմալ: Դատարանը գտավ, որ թեեւ դատախազության ներկայացրած մեղադրանքն ապացուցված է, քաշքշոցն իրականում եղել է, բայց հաշվի առնելով իմ հասարակական գործունեությունը եւ այլն՝ կարճեցին: Ես թողեցի դատարանի հայեցողությանը»: Գտնում է, որ հասարակական գործունեությունը բավարա՞ր հիմնավորում է, որ քեզ թույլ տաս հարձակվել լրագրողների վրա՝ դեռ չավարտած մեր այս հարցը, «Սյունյաց արծիվների» ղեկավարն ասաց. «Ոչ, երբեք: Բայց ես դատարանում էլ եմ ասել ու մինչեւ հիմա էլ պնդում եմ, որ քաշքշոց չի եղել: Ուղղակի Սամվել Ալեքսանյանի ասածները լրատվամիջոցները ավելի լուրջ եւ հիմնավոր են համարում, քան իմ ասածները: Ինչո՞ւ: Բայց այս գործն ինձ համար շատ վաղուց արդեն անցած պատմություն է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել