Ըստ
կինոգետ Դավիթ Մուրադյանի, պետք չէ չարախնդալ «Ոսկե ծիրան» 2-րդ փառատոնի որոշ թերությունների
կապակցությամբ, այլ անել ամեն ինչ՝ ի նպաստ հաջորդ փառատոնի: Արվեստագետների
եւ հանդիսատես ների շրջանում շարունակվում են հուլիսի 12-17-ը Երեւանում կայացած
«Ոսկե ծիրան» 2-րդ միջազգային կինոփառատոնին առնչվող մասնավոր քննարկումները: Քննարկման
առարկա են դառնում ինչպես հայ, այնպես էլ այլազգի կինոգործիչներն ու նրանց ֆիլմերը:
Չնայած փառատոնն արդեն անցյալ է դարձել, սակայն դեռ մնում են շատ չհստակեցված խնդիրներ:
«Առավոտն» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները մասնագետից ստանալու նպատակով հանդիպեց
կինոգետ Դավիթ Մուրադյանին: – Փառատոների կազմակերպում իրենց կարող են թույլ
տալ զարգացած երկրները: Ելնելով մեր պայմաններից, ո՞րն է նման միջոցառում անցկացնելու
անհրաժեշտությունը, այն էլ այն դեպքում, երբ բոլորը պնդում են, թե հայ կինոն ճգնաժամի
մեջ է: Այս փառատոնում չներկայացվեց ոչ մի հայկական լիամետրաժ ֆիլմ: Իսկ «Հայկական
համայնապատկեր» ծրագրի շրջանակներում մեր հին ֆիլմերը ցուցադրվեցին ոչ թե կիսադատարկ,
այլ դատարկ դահլիճներում: Նույնիսկ հեղինակավոր փառատոներից հետո (Կաննի, Բեռլինի,
Մոսկվայի եւ այլն), կինոգետները բարձրաձայնում են թերությունների մասին: Ձեր կարծիքը՝
փառատոնի եւ նրա թերությունների մասին: – Յուրաքանչյուր փառատոն, մանավանդ
փոքր երկրներում, ունի երկու գլխավոր նպատակ: Առաջինը՝ կինոաշխարհի մեծ քարտեզում
սեփական երկրի հասցեն նշելն է: Սա կարեւոր է ոչ միայն կինոարվեստի տեսակետից: Մանավանդ
երբ խոսում ենք Եվրոընտանիք ինտեգրվելու եւ ընդհանրապես աշխարհի հետ քիչ թե շատ հավասար
քայլելու մասին: Միանշանակ, առաջին նպատակը իրականացավ՝ իբրեւ բավականաչափ նկատելի
հայտ, որը սպասում է իր զարգացմանը: Ի վերջո, այո, այսպիսի ակցիաները խոշոր ու ուժեղ
երկրների մենաշնորհն են: Երկրորդ՝ դեպի ներս ուղղված նպատակը կինոարվեստի մթնոլորտը
Հայաստանում վերականգնելն է, հանդիսատեսին կինոթատրոն վերադարձնելը: Վերջապես մեր
պատվախնդրության արթնացման հարցն է, որովհետեւ նման փառատոներ կազմակերպող երկիրն
արդեն պարտավորված է սեփական արտադրանքով ունենալ արժանապատիվ ներկայություն: Համեմատությունը
գուցե ոմանց զարմացնի, բայց մենք երբ չունեինք ինքնուրույն գրավոր մշակույթ (5-րդ
դար), սկսեցինք թարգմանություններ անել, որը բերեց ինքնուրույն ազգային գրավոր մշակույթի
եւ գրականության առաջացմանը: Եթե մեր կինոն այսօր ճգնաժամի մեջ է, գուցե այսպիսի
«դոպինգները» աշխուժացնեն այն: Ճիշտ եք, որ փառատոնի շրջանակներում «Հայկական համայնապատկեր»
ծրագրի ցուցադրության ժամանակ հանդիսատեսը «չգրոհեց» դահլիճ, ինչը տեղի ունեցավ Միխալկովի
եւ Զանուսիի ֆիլմերի դեպքում: Բայց ո՞վ ասաց, որ պետք է այլ կերպ լիներ: Որպեսզի
«Հայկական համայնապատկերի» դեպքում էլ նույն պատկերը լիներ, պետք է նույնարժեք անուններով
ֆիլմեր ներկայացվեին: Դրանից ողբերգություն եկեք չսարքենք: Պետք է Հայաստանում կարողանանք
լուրջ կինո զարգացնելու կենսահող ստեղծել: – Այնուամենայնիվ, ինչ-որ դժգոհություն
կար հասարակության մեջ այս «Ոսկե ծիրանի» հետ կապված: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ: –
Հասարակությանը գրգռեցին բացման եւ փակման արարողությունները՝ պետական լեզվի, սեփական
հանդիսատեսի հանդեպ ոչ բավարար հարգանքով: Հատկապես փակման արարողությունը պահանջում
էր ավելի գրագետ սցենար ու լուծում: Տեսել ենք՝ ոնց են բացվում, փակվում Բեռլինի,
Մոսկվայի եւ մյուս հեղինակավոր փառատոները: Պարզապես նման պատասխանատու գործ ձեռնարկելիս
կազմակերպիչները (հավանաբար՝ Հանրային հեռուստատեսությունը-Ս.Դ.) պետք է խորհրդակցեին
մասնագետի հետ: Բոլոր փամփուշտները մեկ փառատոնի ընթացքում «չեն կրակում»: –
Կարծիքներ էին հնչում, թե «Ոսկե ծիրանը» փառատոն էր ոչ թե Հայաստանի բնակիչների,
այլ՝ օտարների համար: – Արվեստում օտարներ չկան: Ես համաձայն չեմ մամուլի
այն պնդումներին, թե սա փառատոն էր օտարների համար: Սա փառատոն էր մեզ համար՝ մեր
տեսակետը ընդարձակելու: Երանի թե մեր կյանքի բոլոր բնագավառները հավասարեցնենք այս
փառատոնի մակարդակին՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Ընդհանրապես ժամանակն է
հավասարվելու համաշխարհային մշակութային հարստությանը: – Օտարամոլության դրսեւորում
չէ՞ր, օրինակ, այն, որ «Ոսկե ծիրանի» ժամանակ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի
համար մրցանակների արժանացան Ա. Քիառոստամին (Իրան) եւ Ք. Զանուսին (Լեհաստան): Չե՞ք
կարծում, որ նրանց կողքին կարելի էր, եթե չասենք՝ անհրաժեշտ, նման մրցանակի արժանացնել
նաեւ մերոնց՝ օրինակ, աշխարհահռչակ Փարաջանովին, Փելեշյանին… – Փառատոներում
հետմահու մրցանակներ ընդունված չէ շնորհել: Փարաջանովը մեկ անգամ եւս գնահատվելու
կարիք չունի: Ինչ վերաբերում է Փելեշյանին, նա հրավիրված էր գլխավորելու «Ոսկե ծիրանի»
ժյուրիներից մեկը: Բայց չկարողացավ գալ, որովհետեւ Ֆրանսիայում աշխատում է իր հերթական
ֆիլմի վրա: Իսկ եթե Արեւմուտքում արտադրության ժամացույցը միացված է, չի կարելի այն
կանգնեցնել: Գուցե դա Արեւմուտքի «թերությունն» է, չնայած վերջինիս շնորհիվ արտադրությունը
արդյունավետ է: Սա վերջին «Ոսկե ծիրանը» չէ: Փելեշյանի օրն էլ կգա եւ այդ ժամանակ
չենք կոմպլեքսավորվի՝ վա՜յ, միայն օտարներն են եկել ու մրցանակներ ստանում: Կրկնեմ,
որ արվեստում օտարներ չկան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ