Երեկ Մայր աթոռ սուրբ
Էջմիածնում սփյուռքահայ ուսուցիչներին ողջունեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը, ԿԳ նախարար
Սերգո Երիցյանը եւ կրթության ոլորտի այլ պաշտոնյաներ: Ուսուցիչները Հայաստան
են ժամանել՝ մասնակցելու մեկամսյա վերապատրաստման դասընթացների: ԿԳ նախարարության
Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ դասընթացներին պետք
է մասնակցի 80 ուսուցիչ 13 երկրից, բայց առայժմ ժամանել են միայն 60-ը՝ 10 երկրից:
Նա նշեց, որ թեեւ Ջավախքը տեղեկացվել է, սակայն մասնակիցներ չեն ներկայացել: Նախարար
Սերգո Երիցյանը նշեց, որ ծրագրի վերջում հատուկ հանձնախումբը կընտրի լավագույն սփյուռքահայ
ուսուցիչներին: Ի դեպ, ծրագիր կա այս տարի Վրաստանի ԿԳ նախարարության հետ՝
համագործակցությամբ վերապատրաստում անցկացնել նաեւ Վրաստանում: Հ. Թադեւոսյանը կարեւորեց
նաեւ, որ այս ծրագրին զուգահեռ, տեղերում պետք է անցկացնել վերապատրաստման դասընթացներ.
«Եթե մենք կարողանանք համատեղել, ապա այդպես ավելի արդյունավետ կընթանա այս ծրագիրը»:
Խնդիրն այն է, որ այսօր սփյուռքահայ ուսուցիչների ընդամենը 20 տոկոսն ունի բարձրագույն
կրթություն, եւ իրենք՝ ուսուցիչներն էլ խիստ անհրաժեշտ էին համարում վերապատրաստման
այս գործընթացը: Հալեպի Սահակյան վարժարանի ուսուցիչ Լիզա Լալեյանը նշեց.
«Այս դասընթացը կնպաստի «վերանորոգել» մասնակիցների գիտելիքները»: Սիրիայից
ժամանած ուսուցիչները մեծ հպարտությամբ էին նշում, որ հայ ընտանիքների երեխաները
այցելում են միայն հայկական դպրոցներ: Այլ է պատկերը Ռուսաստանում եւ Ուկրաինայում,
որտեղ երեխաները կամաց-կամաց մոռանում են հայերենը: Թբիլիսիից ժամանած ուսուցիչները
եկել էին նաեւ որոշակի խնդրանքով: Թբիլիսիից Աննա Սարիբեկյանը պատմեց, որ այսօր Վրաստանում
150 հայկական դպրոց կա, որից 8-ը մայրաքաղաքում է գործում: Նա ներկայացրեց վիրահայ
ուսուցիչների խնդրանքը. «Մենք ցանկանում ենք ՀՀ իշխանությունների օգնությամբ Վրաստանի
ԿԳ նախարարությունում ունենալ մեր ներկայացուցիչը: Բացի այդ, հաճախակի կազմակերպվեն
այցելություններ հայկական դպրոցներ»: Վիրահայ ուսուցիչները պահանջում էին Վրաստան
առաքել կրթական եւ մասնագիտական որոշ ամսագրեր, այդ թվում՝ հայոց լեզվի եւ գրականության
վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2004-ի նոյեմբերին ՀՀ ԿԳ նախարարության Սփյուռքի հետ կապերի
վարչության առաջատար մասնագետ Նորայր Անդրեյանին դժվարությամբ հաջողվեց Վրաստանի
Բոլնիս Խաչեն գյուղի դպրոց հասցնել 526 հայերեն դասագիրք, որոնք Վրաստանի կառավարությունը
թույլատրել է դասավանդել հայկական դպրոցներում: Դրանք հիմնականում տեխնիկական առարկաների
հայատառ տարբերակներն են, ինչպես նաեւ՝ հայոց լեզու եւ միջին դարերի պատմություն:
Հետաքրքիր է, որ Գուգութիի սահմանային անցակետի աշխատակիցները, տեսնելով գրքերը,
արգելեցին դրանք Վրաստան տեղափոխել՝ չգիտես ինչու, պահանջելով Վրաստանի պաշտպանության
նախարարության թույլտվությունը: Սակայն մի փոքր բանավիճելուց եւ հայերեն գրքերը ձեւականորեն
ուսումնասիրելուց հետո, թույլատրեցին տեղափոխել: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ