Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄ

Հուլիս 29,2005 00:00

Ասա
ով է մամուլիդ պատասխանատուն, ասեմ՝ ով ես դու Հայաստանի Հանրապետության
կառավարությունը 2004թ. մայիսի 6-ին հավանություն տվեց հանրապետական գործադիր մարմնի
հասարակայնության հետ կապերի ղեկավարի եւ մամուլի քարտուղարի օրինակելի կանոնադրությանն
ու գործառույթներին, հանձնարարվեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին
վերոնշյալ պատասխանատուների իրավասությունները սահմանող ակտերը համապատասխանեցնել
այդ որոշման պահանջներին: Ի դեպ, հասարակայնության հետ կապերի բաժնի կամ վարչության
հիմնական խնդիրներն էին պետական մարմնի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը,
իրականացումը, տվյալ պետական մարմնի ղեկավարի, պաշտոնատար անձանց գործունեության
վերաբերյալ հասարակության իրազեկումը: Անգամ նախատեսված էր, թե այդ իրազեկումն ինչպես
պետք է իրականացվի. հաղորդագրություններով, տեղեկանքներով, հաշվետվություններով,
տեսաֆոտոնյութերով, մի խոսքով, տեղեկատվական բնույթի նյութերը տարածելու միջոցով:
Խնդիրներից մեկն էր նաեւ ԶԼՄ-ների եւ պետական մարմնի ղեկավարի միջեւ համագործակցության
ապահովումը, ինչպես ասուլիսների, ճեպազրույցների միջոցով, այնպես էլ պետական մարմնի
աշխատանքների մասին տեղեկատվություն տրամադրելու: Ուշագրավ մի գործառույթ էլ էր նախատեսված.
«Պետական մարմնի ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձանց համար
ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների տեսությունների, այլ
տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաստումը»: Այս խնդիրը հաջողությամբ իրականացվում
է ԶԼՄ-ներում կամ հերքման, կամ հերքող բովանդակությամբ «պատասխան խոսքի իրավունքից
օգտվելու» նպատակով: Ըստ կառավարության որոշման, գրեթե նույնն է լիազորությունների
այն շրջանակը, որն առնչվում է ինտերնետային էջի սպասարկմանը, պետական մարմնի ղեկավարի
եւ պաշտոնատար այլ անձանց մամուլի ասուլիսների նախաձեռնման, հասարակական կարծիքի
ուսումնասիրության, լրատվական դաշտի դիտարկումների հետ: Մեր համեստ հաշվարկներով
ունենք 18 մամուլի քարտուղար: Քարտուղարաշատ է ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ բնապահպանության,
կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, արդարադատության,
քաղաքաշինության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարությունները, Գեղարքունիքի
մարզպետարանը, Երեւանի քաղաքապետարանը, ջրային տնտեսության պետական կոմիտեն, պետական
գույքի կառավարման վարչությունը, պետական մաքսային ծառայությունը, պետական հարկային
ծառայությունը եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Կան «համաժամանակյա» պատասխանատուներ,
ինչպես, օրինակ, ՀՀ կառավարությունում՝ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության
պետ, Գեղարքունիքի մարզպետարանում էլ պատասխանատուն մեկն է: ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ
Խաչատրյանը մեզ հայտնեց, որ նախարարը՝ Աղվան Վարդանյանը հրաժարվել է մամլո քարտուղար
ունենալուց: «Այս կարգի նախարարությունում դրա անհրաժեշտությունը չկա»,- ասում է
Հ. Խաչատրյանը: Մեր այն հարցին, թե «ներքին խանդի տեսարաններ» չէի՞ն ծագի հասարակայնության
հետ կապերի պատասխանատուի եւ մամուլի քարտուղարի միջեւ, կանխատեսեց. «Մտավախությունս
ոչ թե մարդկային խանդի իմաստով է, այլ գործառույթների, իրար դաշտ մտնելու կամ աշխատանքը
ձախողելու: Հետեւաբար անպայման կառաջանա վերմակը մեկը մեկի վրայից քաշելու խնդիր»:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանից փորձեցինք ճշտել,
թե որքանով էր հասարակայնության հետ կապերի պատասխանատուի եւ մամուլի քարտուղարի
ֆունկցիաների տարանջատումը տեղին կամ նպատակահարմար: «Պետական կառավարման շատուշատ
մարմիններ չունեին հասարակայնության հետ կապերի բաժիններ: Դա բացատրվում էր ռեսուրսների
բացակայությամբ: Մամուլի քարտուղարը հայեցողական պաշտոն է: Նա բացի նախարարության
ընդհանուր տեղեկատվական շահերը պաշտպանելուց, այլ գործառույթ չունի: Հասարակայնության
հետ կապերը մի ստորաբաժանում է, որի հետ պետք է կոորդինացնես քո աշխատանքները: Այդ
ստորաբաժանման պատասխանատուները ենթագիտակցորեն կարծում են, թե «իրենց վրա մի տնօրեն
են բերելու»: Մամուլի այս պատասխանատուն 7-ից մեկն էր, որը խնդրեց իր անունը
չհրապարակել: Թափանցիկության նմանօրինակ դրսեւորման, անկեղծ ասած, պատրաստ չէինք:
Նրա կարծիքով էլ, դեռեւս վաղ էր ստեղծել վերոնշյալ ինստիտուտը, քանի որ չունեինք
ձեւավորված ավանդույթներ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել