Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Հուլիս 29,2005 00:00

«Սյունյաց
երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հայտնվել է «Նամակ ռուսաց թագավորին»
երկի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը,
դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, հունիսի 24-ին կարճել էր «Սյունյաց երկիր»
թերթի խմբագրության վրա 2004-ի հոկտեմբերի 13-ին հարձակման փաստի առնչությամբ հարուցված
գործի վարույթը: Քրեական հետապնդումը դադարեցվել էր, թեեւ դատարանը ապացուցել էր
հարձակվողներից մեկի՝ «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ, վարչապետին կից
երիտասարդական խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանի կատարած հանցանքը: Դատարանի որոշման համար
հիմք էին ծառայել իրավիճակի փոփոխումը եւ մասնավորապես՝ Խաչիկ Ասրյանի ստացած մեդալը:
Այս որոշումը «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հունիսի
28-ին բողոքարկել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: «Վերաքննիչ
դատարանը մեր դիմումն ընդունել է,- հայտնեց մեզ պրն Ալեքսանյանը:- Արդեն հարցում
են կատարել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, որ գործն ամբողջովին ներկայացնեն
վերաքննիչ դատարանին»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը՝ պնդելով,
թե նախաքննական մարմինն այս գործը լրիվ կեղծել է, նաեւ առաջին անգամ հայտարարեց.
«Նախաքննական փուլում այս գործը վարողները լուրջ կաշառքներ են վերցրել: Այս գործով
շահագրգիռ մարդկանց մի մասը սեփականաշնորհման արտոնյալ պայմաններով օբյեկտներ են
վերցրել, մյուս մասը՝ ստացել քաղաքական աջակցություն եւ այլն: Եվ գործն այս խեղաթյուրված
ձեւով հասցվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Իսկ հանցագործ դատավոր Համլետ
Դավթյանը, այդ ղաչաղը, որ չգիտեմ՝ ինչպես է մտել դատական համակարգ, լրիվ կեղծել է
գործը: Հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանն այս հարցը կքննարկի, ու այդ մարդը երբեւէ
կհայտնվի Կոշի հայտնի հիմնարկում»: Ապրիլին Սամվել Ալեքսանյանին ընդունել
է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մեր հարցին ի պատասխան, թե զրույցի ընթացքում անդրադարձե՞լ
են ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանի արարքին՝ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրն ասաց.
«Նախ, պիտի ասեմ, որ շատ շնորհակալ եմ պարոն վարչապետից: Մենք հրապարակումներով էլ
ենք երախտագիտություն հայտնել, որ ինքն, այնուամենայնիվ, ժամանակ է գտել զբաղվելու
մեր թերթի շուրջ ստեղծված իրավիճակով: Ես նրան չեմ դիմել՝ պրն Մարգարյանն իր նախաձեռնությամբ
է կանչել: Քննարկվել է ստեղծված վիճակը: Իհարկե, ցավում եմ, որ Սյունիքի մարզպետը
չի կատարել պարոն վարչապետի հանձնարարություններից եւ ոչ մեկը, որ վերաբերում են
«Սյունյաց երկրի» առջեւ հարուցված արգելքներին: Հանձնարարություն էր տրված լուծել
թերթի խմբագրատան հարցը: Չի լուծվել: Հանձնարարություն էր տրված, որ վերականգնեն
կնոջս հաստիքը Գորիսի գրադարանում, քանի որ նա ապօրինաբար էր ազատվել աշխատանքից:
Դա էլ չի արվել: Քննարկել էինք նաեւ փակված դպրոցների հարցը: Ու նաեւ մի շարք խնդիրներ,
որոնց վերացման դեպքում «Սյունյաց երկիրը» չէր ունենա այսչափ խոչընդոտներ: Իսկ թե
ինչու երկրի բարձրագույն ղեկավարներից մեկի հանձնարարությունները չեն կատարվում Սյունիքում,
այլ թեմա է»: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին Սամվել Ալեքսանյանի ուղղած բազմաթիվ
նամակներն այդպես էլ ընթացք չեն ստացել. «Նամակներս մի կողմ՝ թող ես հայտնվեմ Ակսել
Բակունցի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Թող ինձ վրա ծիծաղեն, որ ես հավատում եմ երկրի
նախագահին ու նամակ եմ գրում նրան: Պարզապես մի բան եմ ուզում հասկանալ՝ ինչո՞ւ ընթացք
չի տրվում երկրի շարքային քաղաքացի Սամվել Ալեքսանյանից ստացված դիմում-գանգատներին:
Դե, եթե քաղաքացիներից ստացված ահազանգերին չեն արձագանքում՝ ուրիշ էլ ի՞նչ կարեւոր
բան կա, չեմ հասկանում»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը նաեւ նշեց,
որ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանն էլ էր հանձնարարել լուծել խմբագրությանը տարածք
հատկացնելու խնդիրը, սակայն այս մի հանձնարարականն էլ է անտեսվել. «Վիգեն Սարգսյանը
2-3 անգամ է զանգահարել, հանձնարարել Կապանի քաղաքապետին, բայց նա նույնպես չի կատարել
այդ հանձնարարությունը»: Վերջին դիմումը Ռոբերտ Քոչարյանին ուղարկվել է մայիսի
31-ին. «Նախագահի աշխատակազմից ինձ, բնականաբար, չեն պատասխանել, թեեւ գործող կարգի
համաձայն՝ պիտի ասեին, թե ինչ ընթացք է ստացել: Հեռախոսազանգերի միջոցով գտել եմ,
որ նամակը նախագահի վերահսկողական ծառայությունում է: Նամակիս բովանդակությունն այս
է. ես այլեւս չեմ բողոքում, որ ինձ աշխատանքից ժամանակին ազատել են: Չեմ բողոքում,
թե ինչու են ավազակախումբ ուղարկել խմբագրության վրա: Չեմ բողոքում, որ հրկիզել են
իմ մեքենան… Չեմ բողոքում, քանի որ այլեւս անիմաստ եմ համարում բողոքելը: Թող այս
ամենը համարվի իմ անձնական գործը, բայց Սյունիքի մարզում տարածքային քաղաքականության
լիակատար բացակայությանն առնչվող բավական շատ հարցեր կան, որոնք, կարծում եմ, ՀՀ
նախագահն ու վարչապետը պիտի բարի լինեն քննարկել»: Սյունիքի մարզի դատախազությունը
հունիսի 1-ին կասեցրել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի մեքենայի հրկիզման
փաստի առնչությամբ հարուցված գործի վարույթը: Սամվել Ալեքսանյանն այս որոշմանն արձագանքեց
հեգնանքով. «Չեմ ուզում քննադատել Սյունիքի մարզի դատախազին: Մի անգամ նրան քննադատել
էի մեր թերթում, մարզպետարանի պաշտոնաթերթ «Հզոր Սյունիք»-ում գրեցին՝ մի՞թե դուք
կույր եք, մի՞թե չեք տեսնում, որ դատախազի կողմից վարձակալված զբոսայգում ինչպիսի~
մաքրություն է տիրում, եւ այդքանից հետո դուք համարձակվում եք քննադատե՞լ Սյունիքի
մարզի դատախազին: Ուստի ես այլեւս չեմ քննադատում դատախազին՝ ճի՛շտ է արել, որ գործը
կասեցրել է, կարեւորն այն է, որ զբոսայգում մաքրություն է տիրում, ցնցուղներն աշխատում
են, տատիկներ-պապիկներն այնտեղ են անցկացնում իրենց հանգիստը եւ այլն… Դե, եթե
Սյունիքի մարզում իսկապես գործեր Սահմանադրությունը՝ դատարանն ու դատախազն էլ կլինեին
իրենց տեղերում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Կապան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել