Ո՞ւր կորավ կարգավորող «մարմիններից» մեկը ԶԼՄ-ների ազատության, անկախության եւ բազմակարծության ոլորտում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները թերի են եւ Հայաստանում խոսքի ազատության համար անհրաժեշտ երաշխիքներ չեն կարող ապահովել: Այս մտահոգությունը ստիպել էր հայաստանյան լրատվական դաշտը ներկայացնող յոթ կազմակերպությունների՝ երեկ քննարկման հրավիրել բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին: Առիթը Վենետիկի հանձնաժողովի քննարկմանն ուղարկված ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծն էր, որի որոշ կետերի վերաբերյալ հուլիսի 13-ին իրենց առաջարկություններն էին ներկայացրել Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս» հ/կ-ն, «Թիմ» ուսումնասիրությունների կենտրոնը եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը: Նախագծում ներմուծված մի դրույթի համաձայն, էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի անդամներին՝ ՀՀ նախագահի ներկայացմամբ, նշանակում է Ազգային ժողովը: Սակայն կազմակերպությունների ներկայացուցիչները ճշտում են, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հիշատակված են երկու կարգավորող մարմիններ՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ (ՀԽ) եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (ՀՌԱՀ): Ուստի խոսքը պետք է վերաբերեր ոչ թե մեկ մարմնի, այլ մարմինների: Այդպես է նշված նաեւ Եվրախորհրդի տարբեր փաստաթղթերում. «լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմինների…»: Նշանակում է՝ Վենետիկ ուղարկած նախագծում անհետացել է «մարմիններից» մեկը: Բացի այդ, հայտարարության հեղինակները գտնում են, որ կարգավորող մարմինների անդամների նշանակման մեխանիզմը գլխիվայր շուռ տալն ավելի ընդունելի կլինի: Այսինքն, անդամներին ներկայացնի ԱԺ-ն՝ քանի որ այն հասարակության տարբեր շերտերի շահերն արտահայտող ինստիտուտ է, նշանակի նախագահը՝ քանի որ Սահմանադրության երաշխավորն ու պետության գլուխն է: Դրանով կապահովվի իշխանության տարբեր թեւերի եւ հասարակության ակտիվ մասնակցությունն այդ մարմինների ձեւավորմանը: Միջոցառման կազմակերպիչներին հայտնի չէ նշված առաջարկությունների շուրջ Հայաստանի իշխանությունների կարծիքը, իսկ Վենետիկի հանձնաժողովից ստացված պատասխանում նշված էր, որ առաջարկությունները կուսումնասիրվեն սահմանադրական փոփոխությունների մասին եզրափակիչ կարծիքի նախապատրաստության ընթացքում: Հուլիսի 21-ին Ստրասբուրգից ուղարկված եզրափակիչ կարծիքի նախագծում, փաստորեն, առաջարկվում է ՀՌԱՀ-ի անդամների նշանակման մասին հետեւյալ դրույթը. 1/2-ին նշանակում է ՀՀ նախագահը, 1/2-ին՝ Ազգային ժողովը: Այլ կերպ ասած՝ գործելու է 50-50 տարբերակը: Բայց մասնակիցները, որքան էլ փորձեցին հավասար բաժանել ՀՌԱՀ-ի 9 անդամներին, չստացվեց: Նշանակում է, այն հնարավոր է լինի 45-55: Կարծիք հնչեց, որ այդ դեպքում նպատակահարմար է 55-ի չափաբաժինը վերապահել ԱԺ-ին: Միջոցառմանը ներկա ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանից փորձեցինք ճշտել քննարկումներից եւ հնչած հարցադրումներից ակնկալվող արդյունքները: «Բոլոր դեպքերում հայտարարություն արվեց, հարցեր բարձրացվեցին, որոնք ԱԺ-ի աշխատանքային խմբում անպայման կներկայացվեն եւ կքննարկվեն: Վերջնական արդյունքը, բնականաբար, պետք է որոշվի ԱԺ-ում, իսկ թե դա ինչպես կներկայացնեն սահմանադրության հեղինակները…»,- եղավ պատասխանը: «Առավոտի» այն հարցին, թե ի՞նչ կապ ունեն փոփոխությունները, եթե, միեւնույն է, այստեղ որոշում են անձերը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Իհարկե, ոչ ժողովրդավարական երկրում հարցերը լուծում են այն անձերը, որոնք տիրապետում են իշխանական հիմնական լծակներին: Բայց երբ մենք խոսում ենք սահմանադրական բարեփոխումների մասին, հույս ունենք ստեղծել այնպիսի սահմանադրություն, որը կֆիքսի սկզբունքներ, որոնք հնարավորություն կստեղծեն հետագա ժողովրդավարացման պրոցեսների»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ