Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Հուլիս 28,2005 00:00

ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ «ԳԻՔՈՐ» ԷԼ ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ Հայոց լեզու բանավոր քննությանը հանձնաժողովի անդամները ստիպված են բավարարվել քիչ թե շատ «ճշմարտանման» պատասխաններով: Վերջին տարիներին հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննության որակի խիստ անկում է նկատվում: Եվ եթե խորհրդային ժամանակներից մինչեւ 5-6 տարի առաջ բանասիրական ֆակուլտետը համարվում էր ամենահեղինակավորներից մեկը, ապա հիմա այն, այսպես կոչված, մնացորդային է դարձել, այսինքն՝ այն նշում են երկրորդ, երրորդ հայտերով: Առարկայական հանձնաժողովի անդամ Սերժ Սրապիոնյանի կարծիքով էլ՝ «հիմա բանասիրականը հետ ընկած, արհամարհված ֆակուլտետ է դարձել: Եվ մենք հիմա չարյաց փոքրագույնն ենք ընտրում, լուրջ ընտրություն կատարելու որեւէ հնարավորություն չունենք: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. այն 18, 19-երը, որ մենք նշանակում ենք, զուտ համեմատական կարգով է՝ եղածների հետ: Եթե դրանք համեմատենք խորհրդային տարիների գնահատման հետ, այն ժամանակ նույն պատասխանները հազիվ դրական գնահատեինք»: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշում է, որ վերջին մի քանի տարում անբավարարները մոտ 30 տոկոս են կազմում, եւ այս տարի էլ միտումը շարունակվում է: Այս տարի 165-ի փոխարեն քննության ներկայացել է 156 դիմորդ, որից 47-ը անբավարար է ստացել: Անբավարար ստացողների «պատասխանին» երեկ ներկա եղանք: Դիմորդը, որ եկել էր Վեդիից, չգիտեր անգամ գոյականի հոլովական վերջավորությունները: Այնուամենայնիվ, վաստակեց 2 միավոր, որովհետեւ «Վերք Հայաստանիից» որոշ հատվածներ անգիր գիտեր, բայց, օրինակ, չգիտեր նրա կենսագրական կարեւոր տվյալներ: Պարզվեց՝ այս դիմորդը միտք չունի այս տարի սովորելու. նա պարզապես եկել էր «ռազվեդկայի»՝ ճշտելու, թե ինչ է քննություն ասվածը, իսկ բուհ երեւի կընդունվի մյուս տարի: Եթե մինչ այդ չամուսնանա: Հանձնաժողովի անդամները նրանից գոհ էին, որովհետեւ խոստովանում էր, որ չգիտի, «թե չէ՝ երբեմն չես կարողանում հաստատել, որ չգիտեն, եւ գերադասում ես ինքդ քեզ սխալ հանել, միայն թե ազատվես»: Մեկ այլ դիմորդ, որն Արթիկից էր, ստացավ 17 միավոր: Նրա փաստացի վաստակած միավորները՝ ծրագրի շրջանակում 14 էին, սակայն հանձնաժողովի անդամներն ամեն ինչ անում էին ավելին ստանալ՝ լրացուցիչ հարցերով: Հայաստանը, սակայն, իր ձգտումներում համեստ էր. «Թեկուզ վճարովի անցնեմ, պապաս Սախալինից փողը կուղարկի»: Մեզ հետ զրույցում Հայաստանը խոստովանեց, որ գեղարվեստական գրականությունից կարդացել է ծրագրի 50 տոկոսը միայն, պարապել է իր ուսուցչի մոտ եւ բանասեր էլ որոշել է դառնալ՝ իր ուսուցչին սիրելով միայն, իսկ ընթերցել ընդհանրապես չի սիրում: Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ, առավել շատ կարդում են մարզերի երեխաները եւ հենց նրանք էլ վաստակում են առավելագույն միավորները: «Այնքան էինք հոգնել բարձր գնահատականների չգոյությունից, որ սկսեցինք հետաքրքրվել, թե բարձր ստացողները որտեղից են. Մեղրիից, Վանաձորից, այլ մարզերից շատ կան բարձր գնահատականներ»: Ըստ Վ. Սաֆարյանի՝ դա բացատրվում է նրանով, որ մարզերում «ինֆորմացիոն հեղեղը» քիչ է, եւ երեխաները ստիպված գիրք են կարդում, իսկ ուսուցիչներն էլ այնտեղ դեռեւս պահանջների մեջ պահպանողական են: «Այստեղ (Երեւանում- Հ. Բ.) ծնողներին եւ ռեպետիտորներին դժվար է լինում երեխային մղել դեպի գիրքը. ամեն տանը մի 20 հեռուստաալիք կա, ինտերնետ կապեր, համակարգիչներ»: Ս. Սրապիոնյանը պատմեց քննությանը տեղի ունեցած մի քանի զավեշտալի դեպքերի մասին. «Մեկը «Առաքյալ» պետք է պատասխանի, հարցնում եմ՝ ի՞նչ է նշանակում առաքյալ, ինչո՞ւ առաքյալ, ասաց՝ դե Աստծո ուղարկած հրեշտակներն են, առաքյալներն են, դրա համար: Մեկն էլ պատասխանում է Աբովյանի կյանքը, ասում եմ՝ Աբովյանը որտե՞ղ է ծնվել, ասում է՝ Ախալքալաքում, ե՞րբ՝ 1778 թ., իսկ ի՞նչ կրթություն է ստացել, ո՞ւր ուղարկեցին սովորելու, ասաց՝ սկզբնական կրթությունն ստացել է տեղի ճեմարանում: Իսկ Ախալքալաքում վերջին 300 տարում ճեմարան չի եղել: Հարցնում եմ՝ իսկ Աբովյանը կին, ընտանիք, սիրած… ասաց՝ չհասցրեց, կորավ»: Ս. Սրապիոնյանի ներկայացմամբ, դիմորդների հազիվ 10 տոկոսն է կարդում գեղարվեստական գրականություն, առհասարակ չի կարդում 30-35 տոկոսը, իսկ զուտ դասագրքեր ուսումնասիրում է 40 տոկոսը: «Գիքորի» նման պատմվածքը խորհրդային տարիներին անգիր գիտեին, այսօր չեն էլ կարդում: Հետո էլ մեզ մեղադրում են խիստ մոտենալու մեջ: Խիստ չէ, օբյեկտիվ մոտենալու դեպքում այստեղ հաստատ մրցույթ չի կայանա: Մենք պարզապես ուրախանում ենք քիչ թե շատ ճշմարտանման պատասխանից»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել