ՋՈՒՐԸ ՓՈՂ Է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչները մինչեւ 1995 թվականը ոռոգման եւ խմելու ջուր ունեցել են: Սակայն 95-ից ի վեր գյուղը ջրազրկված է: «Հիմա ցիստեռնի հույսին ենք, ջուրը բերում են Թալինից, 40 լիտր ջուրն արժի 150 դրամ: Բավարարվում ենք քչով: Ով չունի գումար ու չի կարողանում ջուր առնի, չի լողանում: Եղել են դեպքեր, որ ամբողջ փողոցում մի գրամ ջուր չենք ունեցել»,- «Առավոտին» տեղեկացրեց բնակչուհի Անգին Ալեքսանյանը: Գյուղացիներից շատերը տան կտուրները ձեւափոխել են այնպես, որ խողովակներով ջուր վերցնեն: Փառանձեմ Հարությունյանի ասելով, «հույսներս տեղումներն են, գարնանը անձրեւ գա, ձմռանը՝ ձյուն, որ հալեցնենք, օգտագործենք, դրա համար գարունն ու աշունը շատ ենք սիրում»: Նրա հարեւանուհին՝ Հասմիկ Գեւորգյանը, չի հիշում, թե իրենց տան ծորակից վերջին անգամ երբ է ջուր հոսել. «Ամռանը յոլա ենք գնում ձորի ջրով, կեղտը նստում է տակը, երեսի մաքուր ջուրը օգտագործում ենք լվացքի, հատակ լվալու, կովի, հավի խմելու ջրի համար: Խմելու ջուրն էլ առաջ դույլը 100 դրամ էր, հիմա էլ դարձրին 150: Փող ունեցար՝ կառնես, չէ՝ ծարավ մեռի: Հարեւանից մի օր բերիր, երկու օր բերիր, երրորդ օրն էլ բերանիդ կտա ամանդ: Բոլորն էլ մի օրի են»: Հինգ-վեց հոգուց բաղկացած ընտանիքը միջին հաշվով մեկ ամսվա ընթացքում խմելու ջրի համար ծախսում է 12-15000 դրամ, իսկ անասունների համար՝ կրկնակի: Կանաչեղենի մարգերը ջրելու նպատակով շատերը ափսեները պարզաջրած ջուրն են օգտագործում: Անգին Ալեքսանյանի հավաստմամբ, ոռոգման ջուրն ամեն գարնան սկզբին մեկ կամ լավագույն դեպքում՝ երկու օրով միացնում են. «Միացնում են, որ ժողովուրդը ոգեւորվի: Հողը պարապ չենք թողնում, մի բան տնկում ենք, ասենք վարունգի ու պոմիդորի սածիլներ, մի քիչ աճում են, հետո ջուր չի լինում, որ ջրենք, չորանում են, վրան ողբում ենք: Դա էլ մեր զբաղմունքն է»: Գյուղի բնակիչները պատմում են, որ եղել է, որ ծարավից փոքր երեխան քիչ է մնացել՝ խեղդվի: «էն ժամանակ մեր ավանի նախագահը Մխեյանն էր ու իր գոմը մի օր հրդեհվել էր: Ջուր չկար, որ հանգցնեինք: Դույլերով, կժերով տներից ջուր ենք հավաքել, որ կրակը հանգցնենք»,- պատմում է Անգին Ալեքսանյանը: Ինչպես բնակիչներն են հավաստիացնում, ամեն տարի հազար ու մի բողոք-նամակներ են գրել կառավարություն, բայց դրանք առայսօր մնացել են անպատասխան: Արդեն որոշել են չդիմել. «Ի՞նչ բողոքենք, թե չէ՝ չգիտեն, առաջ ոչ մեկը չգիտեր, թե Լեռնագոգը որտեղ է, հիմա մարդ չկա, որ չիմանա»,- ավելացրեց Հասմիկ Գեւորգյանը: «Մենք կառավարությունից կուշտ ենք»,- ասում են Լեռնագոգ գյուղի բնակիչները եւ սպասում են գերմանացի բարերարներին, որոնք խոստացել են երկու կիլոմետր հեռավորությունից ջրագծերը հասցնել գյուղ: ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող Ոչ միայն Լեռնագոգ գյուղը, այլեւ Արմավիրի Բաղրամյան շրջանի մնացած գյուղերը երկար տարիներ է, ինչ տառապում են ջրի հոգսից: Ջուրն այստեղ վաճառվում է, թեպետ ջրի «գծով» Եվրոկոնվենցիային միացած մեր երկիրը պարտավոր էր յուրաքանչյուր քաղաքացու ապահովել օրական 3 լիտր անվճար խմելու ջրով: Մենք տեղեկացանք, որ մեկ տարուց ավելի է, ինչ «Նոր ակունք» ՓԲԸ-ն գերմանական KFW բանկի վարկային ծրագրով սկսել է Լեռնագոգի եւ հարակից գյուղերում ջրագծեր անցկացնելու աշխատանքներ: Երեկ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նորիկ Գեւորգյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ջրամբարն արդեն կառուցված է եւ մինչեւ նոյեմբեր այս տարածքում ջրի խնդիրը լուծված կլինի: Իսկ անվճար ջուր ապահովելու հետ կապված մեր հարցին պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Մենք Լեռնագոգի գյուղապետի խնդրանքով խմելու ջրի խորքային հոր ենք բացել, որ նա ցիստեռնով ջուր տանի գյուղ: Իմ տեղեկությամբ, նա ամիսը մի քանի անգամ է ջուր վերցնում հորից, բայց դա արդեն իրենց խնդիրն է, մենք ապահովել ենք»: