Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶՈՒԹՈՏ

Հուլիս 28,2005 00:00

ՄԱԶՈՒԹՈՏ ԱԿՆՈՑՈՎ ՄԻ՛ ՆԱՅԵՔ ՎԱՆԱՁՈՐԻՆ Հորդորում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը – Շատ են բողոքները Վանաձորում ապօրինի կառույցների, պուրակներում իրականացվող շինարարության վերաբերյալ: Բողոքները հիմնավո՞ր են: – Ես շատ վատ եմ նայում այն մարդկանց, ովքեր ամեն ինչին վատ են նայում: Նախկինում 48 հազար աշխատատեղ ունեցող Վանաձորն այսօր ունի ընդամենը 10-12 հազար աշխատատեղ, այն էլ՝ մասնավոր անձանց կողմից ստեղծված: Եվ բողոքողների խելքը չի հասնում, որ այդ շինությունները հենց աշխատատեղեր են: Ասենք, Ազատամարտիկների պուրակի կառույցում կաշխատի 30-35 մարդ: Իսկ երբ քաղաքապետարանի կողքին «Հայգյուղփոխօգնության» բանկն էր շինարարություն իրականացնում, բոլորն ասում էին՝ ինչի, ինչի, ինչի… – Մեզ էլ է նման բողոք փոխանցվել, որ քաղաքապետարանի շենքի մի մասը քանդել են, վաճառել մի ընկերության, որն ինչ-որ օբյեկտ է կառուցում կամ գուցե՝ կազինո: – Երեւի բողոքողի խելքը չի հասել, որ իմանա՝ կազինոները կառուցվում են քաղաքից դուրս: Եվ քաղաքապետի ոչ իրավասությունը, ոչ էլ բարոյականությունը թույլ չի տա, որ նման կառույց կառուցվի Վանաձորում: Մարդը, երբ շինարարության գործընթացում է՝ անընդհատ խոսում են: Ու ոչ մեկը լավ չի խոսում: Մեկ էլ հենց շինարարությունն ավարտվում է, բոլորը գալիս են՝ պարոն Դարբինյան, էս ի՜նչ լավ բան կառուցվեց, քանի՜~ աշխատատեղ է… – Նման գովեստնե՞ր են հնչում նաեւ այնժամ, երբ ստորգետնյա անցումներն են փակում՝ խանութներ կառուցելու համար: – Չեն փակվում: Ստորգետնյա անցումների վերեւը խանութներ են դրված, բայց տերերը խոստացել են, որ աշխատեցնելուց հետո, առաջին շահույթը ստանալու ժամանակ լրիվ վերանորոգելու են աստիճաններն ու անցումները: Ընդհակառակը՝ մինչեւ իմ այստեղ գալն էին դրանք լրիվ փակված եւ դարձել էին հանրային զուգարաններ: Ես տարեկան 4-5 անգամ հրշեջ ծառայությանը խնդրում էի, մեքենաներ էին բերում եւ ջրի բարձր ճնշման շնորհիվ կարողանում այդտեղ մաքրել, որ էդ հոտը չգա: Երբեմն էլ քլոր-մլոր եմ լցնել տալիս: – Աշխատատեղերից բացի՝ խնդրի մյուս կողմն էլ կա, որ նման շինարարությունների հետեւանքով ծառահատումներ են արվում, եւ այս ամենն անդրադառնում է քաղաքի բնապահպանական վիճակի վրա: – Չկա մի մարդ, որ իր աշխատանքում չունենա թերություններ: Բայց այդ բողոքողները չե՞ն նայում, որ Վանաձորը ծայրից ծայր լուսավորված է ու կանաչապատված, յուրաքանչյուր մեկ կտրված ծառի դիմաց տնկվել է 12-15 ծառ: Այդ մարդիկ չե՞ն հասկանում, որ նախկինում 175 հազար բնակիչ ունեցող քաղաքն այսօր ընդամենն ունի 98 հազար բնակիչ, եւ եթե նրանց չկարողանանք ապահովել աշխատատեղերով, բիզնեսով՝ եւս 5 տարի, եւ կմնա 50 հազար բնակիչ: Ոչ մեկը չի հասկանում քաղաքապետի հոգսերը: Չեն հասկանում, որ եթե մի շենքն ունի 36 բնակարան, եւ այսօր դրանցից ընդամենը 20-21-ն է բնակեցված, իսկ 14-15 ընտանիք արդեն չկա՝ ինչ նշանակություն ունի աշխատատեղերի ստեղծումը: 6 տարի է՝ քաղաքապետ եմ, եւ այդ ընթացքում 1000 դուռ եմ թակել, որ աշխատեցնեմ Վանաձորի քիմիական, մանրաթելերի, տրիկոտաժի գործարանները: «Ավտոմատիկա» գործարանը 1800 աշխատատեղ է ունեցել (դրա տնօրեն Գագիկ Հովսեփյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում Սամվել Դարբինյանի հավանական մրցակիցն է.- Ա. Ի.), տվյալ անձը փակել է աշխատատեղերը եւ այսօր եկել, ասում է, թե ինքը գործարար է: Ես նման մարդկանց գործարար չեմ համարում, երբ գործարանը փակում են, մեջի եղածը՝ վաճառում, դարձնում իրենց համար անձնական կապիտալ եւ հիմա էլ մեծ-մեծ խոսում: Այնպես որ՝ չի կարելի ակնոցների ապակիները միշտ մազութոտել եւ այդ սեւ գույնի ետեւից փորձել նայել քաղաքին: – Մազութոտ ակնոցով նայելու հետեւա՞նք է այն դիտարկումը, թե այս հատկացումների հետեւանքով հենց Ձեր բարեկամներն են բարգավաճում եւ մասնավորապես՝ Ձեր եղբայրը, որդին, փեսան եւ այլն: – Այն ամենը, ինչ պատկանում է ինձ, եղբորս եւ փեսայիս՝ ձեռք եմ բերել այն ժամանակ, երբ քաղաքապետ չեմ եղել: Բայց իմ բարեկամներն ինչո՞վ են մեղավոր, որ ես քաղաքապետ եմ: Նրանք չպիտի՞ կարողանան ինչ-որ բան անել: Քաղաքի տարածքները տրամադրում եմ այն մարդկանց, ովքեր կարող են մի բան կառուցել եւ ստեղծել աշխատատեղեր: Ասենք, այդ նույն Գագիկ Հովսեփյանին այս քաղաքում այնքա~ն տարածք է տրամադրված… եւ բոլորն աղբակույտերի են վերածված, չնայած մի քանի հատ էլ նորմալ կառույցներ է կառուցել: Վանաձորի ամբողջ բնակչությանը համարում եմ իմ բարեկամները: Ընտրվել եմ 28 հազար ձայներով. արդյոք այդ բոլոր մարդիկ իմ բարեկամնե՞րը չեն եւ իրավունք չունե՞մ մտածել նրանց ճակատագրի մասին: Քաղաքապետարանը 6 հազար որոշում է կայացրել, եւ, բնականաբար, հասկանում եք, որ չունեմ 6 հազար բարեկամ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել