Հյուսիսային
Իռլանդիայում ընթացող ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ
փուլը շարունակվում է առանց Հայաստանի մասնակցության: Խմբային մրցաշարի վերջին՝
3-րդ տուրում մեր ֆուտբոլիստները 0:1 հաշվով պարտվելով Ֆրանսիայի ուժեղ թիմին, դուրս
մնացին հետագա պայքարից: Միակ գոլը 31-րդ րոպեին խփել է Սեդրիկ Կամբոնը: Անգլիացիները
դժվարին պայքարում 3:2 հաշվով հաղթել են նորվեգացիներին: «B» խմբից 1/2 եզրափակիչ
անցել են Ֆրանսիան եւ Անգլիան: Հյուսիսային Իռլանդիա մեկնելուց առաջ, երբ
խոսվում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մեր թիմի հնարավորությունների
մասին, գրեթե բոլորը հավատում էին, որ հայաստանցի ֆուտբոլիստներն ի վիճակի են հաղթահարել
խմբային մրցաշարը, մրցանակային, անգամ 1-ին տեղ գրավել: Հիմա դժվար է միանշանակ ասել,
թե որքանո՞վ էր այդ առաջադրանքն իրագործելի, թեեւ, դատելով հատկապես մեր՝ «B» խմբի
հավաքականների ընդհանուր խաղամակարդակից, խնդիրը կարող էր նաեւ միանգամայն լուծելի
լինել: Այսպես ասելով՝ ամենեւին էլ հավաքականը քննադատելու նպատակ ու ցանկություն
չունենք. տղաներն արեցին այն, ինչի ընդունակ էին: Նրանք պատմական քայլը կատարել էին
ավելի վաղ, երբ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մարաթոնյան դժվարին
մրցակցությունում հաղթահարելով բազմաթիվ արգելքներ ու ճանապարհին ասպարեզից դուրս
թողնելով ֆուտբոլային Գրանդ երկրների իրենց հասակակիցներին, մտան Հին աշխարհամասի
ութ ուժեղագույնների մեջ: Խոստովանենք՝ դա, իրոք, նոր էջ է հայկական ֆուտբոլի պատմության
գրքում: Այլ խնդիր է, թե եզրափակիչ մրցաշարում մերոնք ի՞նչ կարող էին անել, որ չարեցին:
Ֆիզիկական, տեխնիկական, բարոյա-կամային անբավարար պատրաստվածության մասին խոսք լինել
չի կարող՝ ՀՖՖ-ն նրանց համար ապահովել էր պատշաճ նախապատրաստվելու իդեալական պայմաններ:
Ընդհակառակը, ի պատիվ տղաների ու հավաքականի մարզիչների՝ պետք է արձանագրել, որ հայ
երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց դրսեւորել են լավագույն կողմերով, որի շնորհիվ Եվրոպայում
որոշ չափով բարձրացել է հայկական ֆուտբոլի հեղինակությունը: Սակայն մեր դիտարկումներով
չի բուժվել հայկական հիվանդությունը, այն, որ վճռական պահերին փոքր տոկոս են կազմում
եզրափակիչ դիպուկ ու արդյունավետ հարվածները: Կարծում ենք, գլխավորապես հենց այդ
պատճառով է, որ մեր 19 տարեկանները պայքարի կեսից վերադառնում են Հայաստան: Օրինակ,
ըստ մրցավայրից ստացած տեղեկատվության, որ հայաստանյան լրատվամիջոցներին անմիջապես
տարածում էր ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, Նորվեգիայի հավաքականից կրած 0:2 հաշվով
պարտությունը պատահականություն է եղել: Հենց խաղասկզբից տարածքային ու խաղային մեծ
առավելություն ձեռք բերելով ու հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում այն պահպանելով՝
մեր ֆուտբոլիստները, այնուամենայնիվ, պարտվել են: Մասնավորապես, Ալեքսանդր Պետրոսյանը
եւ Էդգար Մանուչարյանը մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ պահեր են ձեռքից բաց թողել:
Իսկ որ առաջին գնդակը մեր դարպասում հայտնվել է ուժեղ քամու աջակցությամբ, ֆուտբոլում
նման բաներ պատահում են: Գոլ բաց թողնելուց ոչ մի թիմ ապահովագրված չէ, դրա համար
պետք է ինքդ խփես: Հաղթանակը ժպտում է նրան, ով կարողանում է առավելագույն չափով
օգտագործել իր ստեղծած պահերը: Նույն բանը կատարվել է նաեւ Նորվեգիայից մի
քանի անգամ ուժեղ Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականների հետ հանդիպումում: Կրկին հաշիվը
գլխավորելու մի քանի հնարավորություն չեն օգտագործել Մանուչարյանն ու Պետրոսյանը:
Ավելին, նույն՝ Հյուսիսային Իռլանդիայից ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանի
հաղորդած տեղեկությունների համաձայն, Անգլիայի հետ խաղի վերջին րոպեներին, երբ հաշիվը
1:1 էր, թիմակիցների ջանքերով Պետրոսյանը մեն-մենակ է հայտնվել մրցակցի դարպասապահի
առջեւ ու չի կարողացել իր թիմին հաղթական 3 միավոր պարգեւել: Իսկ վերջին՝ վճռորոշ
խաղում մեր թիմի առաջատար Էդգար Մանուչարյանը կրկին մի քանի անգամ հարյուր տոկոսանոց
գոլային պահեր չի կարողացել իրացնել՝ անչափ հարմար դիրքերից անհավատալիորեն վրիպելով:
Այսպիսով, եթե հայ ֆուտբոլիստներն օգտագործած լինեին իրենց ստեղծած գոլային
պահերի գոնե հիսուն տոկոսը, այսօր ավելի մեծ ոգեւորությամբ ու հետաքրքրությամբ կսպասեինք
Հյուսիսային Իռլանդիայից ստացվող լուրերին: «B» խմբի մրցաշարային ամփոփիչ
աղյուսակ Ֆրանսիա 3 2 1 0 5-2 7 Անգլիա 3 1 2 0 5-4 5 Նորվեգիա
3 1 0 2 4-6 3 Հայաստան 3 0 1 2 1-4 1 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ