Այս հարցն
ինքն իրեն է ուղղում Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Թատրոն» տեսակենտրոնի
հիմնադիր, ռեժիսոր Գուրգեն Գադաչիկը, ում ջանքերով հավաքված հայ թատերարվեստի պատմությունը
ներկայացնող տեսակենտրոնի ապագան վտանգված է, քանի որ մշակույթի նախարարությունը
չի «ճարում» 3000 դոլար: 1988թ. հիմնադրված տեսակենտրոնի նպատակն էր տեսաժապավենին
հանձնել հանրապետության թատրոններում բեմադրված ներկայացումները, ինչպես նաեւ այս
ոլորտում կատարվող, պատմության համար արժեք ներկայացնող միջոցառումները: «Առավոտի»
հետ հանդիպման սկզբում Գ. Գադաչիկը տեղեկացրեց, որ տեսակենտրոնում պահպանվում է ժամանակին
կենցաղային տեխնիկայով (VHS) նկարահանված Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արցախի եւ
Հայաստանի մարզային այլ թատրոնների, նույնիսկ՝ արտերկրում բեմադրված հայկական թատերախմբերի
ավելի քան 200 ներկայացում: Այսօր արդեն հնացած տեխնիկայի օգնությամբ արված այդ աշխատանքը
պետք է թվայնացվի, ասել է թե՝ հարկավոր է ձեռք բերել ժամանակակից տեխնիկա (DVD).
«Այս ամենի, այսինքն հայ թատրոնի պատմությունը հավերժացնելու եւ եկող սերունդներին
փոխանցելու համար հարկավոր է ընդամենը $3000: Այդ գումարը հարկավոր է միայն տեխնիկական
մասի ապահովման համար: Իմ աշխատանքի դիմաց ես, սկսած 1995-ից, ոչինչ չեմ ստացել:
Սակայն հասկացել եմ արածիս պատմական նշանակությունը եւ շարունակել գործս: Մեր օրերում
մշակույթի ոլորտում նման մարդկանց հաճախ «ապուշ» են անվանում՝ վկայակոչելով արտերկրում
մշակույթին ծառայողների բարձր աշխատավարձերն ու հոնորարները»: Հետաքրքրվեցինք,
թե ռեժիսորը ժամանակին իր կատարած աշխատանքի համար ո՞ւմ կողմից եւ ինչքա՞ն էր վարձատրվում:
«Վարձատրվում էի ՀԹԳՄ-ում գործող Թատերական ֆոնդի կողմից: Օրինակ, 1991-ին տեսաժապավենին
հանձնելով «Գոյ» թատրոն-լաբորատորիայի ներկայացումը, ստացել եմ 3000 ռուբլի, Սունդուկյանի
թատրոնում ներկայացում անմահացնելու համար՝ 8200 ռուբլի, 95-ին Գյումրիի թատրոնից՝
7666 ռուբլի, Երեւանի մնջախաղի թատրոնից՝ 1695 ռուբլի եւ այլն»,- հայտնեց Գ. Գադաչիկը:
Ռեժիսորը մտաբերեց 2002 թվականը, երբ հարցին լուծում տալու ակնկալիքով ինքը բանավոր
դիմել է հանրապետության նախագահին: Խնդրանքն անպատասխան չի մնացել: Չանցած որոշ ժամանակ,
մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Մանասյանից ստացել է հետեւյալ «հուսադրող»
պատասխանը. «Ի պատասխան ձեր՝ 2002թ. դեկտեմբերի 2-ի թիվ 0-48 դիմումի եւ ՀՀ նախագահին
հասցեագրած նամակների, հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարության 2003թ. մշակութային
միջոցառումների ծրագիրը հաստատված է վաղօրոք, ուստի «Թատրոն» տեսակենտրոնի առաջարկը
կընդգրկվի 2004թ. ծրագրում»: Խոստումը այդպես էլ չվերաճեց գործնական քայլի, 2004-ի
մշակութային միջոցառումների ծրագրում նույնպես այս հարցը չընդգրկվեց: Ստիպված ռեժիսորն
ու ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը երկու անգամ նամակ-նախագծով դիմեցին ԱԺ մշակույթի,
երիտասարդության հարցերի եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին:
«Հուսով եմ, որ մի քանի ոլորտ ղեկավարող հանձնաժողովի նախագահը անպայման կանդրադառնա
այս հարցին»,- ասաց Գ. Գադաչիկը: Մեր զրույցի ավարտին ռեժիսորին հյուրընկալված ՀԹԳՄ-ի
արդեն չգործող թատերական ֆոնդի նախագահ Ռուբեն Հարությունյանը, որն այսօր ՀԹԳՄ-ի
նախագահի տեղակալն է, վստահեցրեց, որ ի թիվս այլ խնդիրների, այս հարցը կլուծվի միայն
այն դեպքում, երբ ԱԺ-ն վերջապես ընդունի «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի
նախագիծը, որում տեղ են գտել նաեւ թատերական ֆոնդին եւ նրա գործունեությանն առնչվող
հարցեր: Այս օրենքի նախագիծը պատրաստ է դեռ 2001-ից, սակայն դրան համառորեն ընթացք
չի տրվում: Նկատենք, որ վերոհիշյալ տեսակենտրոնի հավաքածուում ընդգրկված են
հայ բեմի մեծ վարպետներ Մհեր Մկրտչյանի, Կարպ Խաչվանքյանի, Խորեն Աբրահամյանի եւ
այլոց աշխատանքների տեսագրությունները: Նրանք արդեն մեզ հետ չեն, սակայն շնորհիվ
տեսակենտրոնի, նրանց գործն անմահ է՝ առայժմ: Այնինչ ժապավենները ծերանում եւ մաշվում
են, եւ եթե չթվայնացվեն, տարիներ հետո մեր հաջորդ սերունդները ստիպված կլինեն բավարարվել
նրանց մասին միայն բանավոր տեղեկություններով, ու չի լինի ոչ մի փաստագրական տեսանյութ:
Այնպես, ինչպես հիմա մշակույթի շատ գործիչներ «գլխներին են տալիս», որ չունեն Հրաչյա
Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, Վահրամ Փափազյանի եւ հայ բեմի մեր մյուս երախտավորների
խաղերի տեսագրությունները: Էլ չենք խոսում այն մասին, որ այս տեսակենտրոնի շնորհիվ
կարելի է ավելի էֆեկտիվ դարձնել թատերական ինստիտուտի ուսանողությանը տրվող «վարպետության
դասերը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ