Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին եւ ներքին մարտահրավերներ

Հուլիս 28,2005 00:00

Քաղաքական
եւ ակադեմիական ելույթներ Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների
հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) «ՀՀ ազգային անվտանգության ներքին եւ արտաքին մարտահրավերները»
թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպել: Եթե սեմինարի մյուս բանախոսները
շոգի պատճառով մի տեսակ անհավես էին խոսում, ապա Սոցուժերի միավորման քաղաքական քարտուղար
Աշոտ Մանուչարյանի ելույթը բավականին բուռն էր. Ա. Մանուչարյանի կարծիքով, «միայն
մեր հեռուստատեսությունը բավարար է, որպեսզի իսպառ կործանի մեր երկիրը: Այսօր ազգային
արժեքները նենգափոխված են մատուցվում ժողովրդին: Խորքային արժեքները, ինչպիսիք էին
առաքինությունը, իմաստնությունը, ստեղծագործական առաքելությունը, այսօր վերափոխվել
են՝ դառնալով հարստությունը, իշխանության լծակների տիրապետումը, զոռբայությունը»:
Արձագանքելով Սոցուժերի քարտուղարի ելույթին՝ ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզաննա Խաչատրյանը
հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակի համար ո՞վ պետք է պատասխան տա՝ միաժամանակ հավելելով,
որ «եթե պատասխան տվող չլինի, ապա հետագա 10-15 տարիներն էլ հասարակության համար
կորսված հնարավորությունների տարիներ են լինելու»: Ի պատասխան Ռ. Խաչատրյանի հարցին,
Ա. Մանուչարյանն ասաց. «Մեր երկիրը դեռեւս չի կարողանում լուծել հանցագործություն
կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցը»: «Տարածաշրջանային
անվտանգության խնդիրները եւ մարտահրավերները Հայաստանին» զեկույցի հեղինակ, ԵՊՀ միջազգային
հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Արամ Հարությունյանը մեր
երկրի անվտանգությանը սպառնացող ներքին մարտահրավերները համարեց «կոռուպցիան, արտագաղթը,
քաղաքական սպանությունները, ընդերքի եւ ռազմավարական խոշոր օբյեկտների վտանգավոր
եւ տարօրինակ օտարումը»: Նրա համոզմամբ, Հայաստանի համար արտաքին հնարավոր սպառնալիք
է Անկարա-Թբիլիսի-Բաքու ստեղծված ռազմավարական գործընկերությունը. «Ռազմական բախման
ժամանակ այդ գործընկերությունն անպայման իր դերակատարումը կունենա»: Ա. Հարությունյանը
դեմ էր այս ընթացքում մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամակցելուն (նկատի ունի
ՆԱՏՕ-ին՝ Լ. Բ.), քանի որ «եթե կա մի տեր, երկրորդ տիրոջ մասին խոսելը անմիջապես
կասկածի տակ է դնում առաջինին: Մենք իրավունք չունենք այսօր վստահաբար գործել այդ
ուղղությամբ ու հայտարարել, որ մենք էլ մեր հարեւանների պես ձգտում ենք այլ համակարգի՝
դրանով կասկածի տակ դնելով գոյություն ունեցող համակարգը»: Դասախոսի կարծիքով, մեր
երկրի համար արտաքին սպառնալիք է նաեւ ԱՄՆ-ի հնարավոր ներխուժումը Իրան, ինչպես նաեւ
Վրաստան-Ռուսաստան լարված իրավիճակը, ինչի դրսեւորումը վրացիների կողմից ջավախահայերի
վրա օր օրի ավելացող ճնշումներն են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել