«Հեռախոսիֆիկացված» գյուղում բաժանորդները, հարեւաններից բացի, ոչ մեկի հետ չեն կարող խոսել:
Պատճառը, ըստ գյուղի որոշ բնակիչների, իրենց անհայտ երեւանյան կազմակերպության կիսատ-պռատ թողած գործերն են: Նրանց պատմելով, գյուղն աշխարհին կապող գայթակղիչ առաջարկն իրենց արվել է 2003 թվականի նոյեմբերին: Հիշյալ կազմակերպությունը հավաքագրելով գումարները՝ յուրաքանչյուրից մոտ 80 հազար դրամ, նույնիսկ հեռախոսային կայան (ATC) է տեղադրել՝ գյուղի որոշ հատվածներում էլ «քչից- շատից» կապ ապահովելով: Սակայն անգամ ներքին կապ ունենալու հարցում ոչ բոլոր ազատանցիների բախտն է բերել: Ինչպես վկայում են մեր աղբյուրները, գյուղի ծայրամասի մոտ 20 ընտանիքներ, մյուսներից հետ չմնալով, պահանջվող գումարը պարտաճանաչորեն մուծել են, նույնիսկ որոշ մարդիկ ժամանակից շուտ ոգեւորվելով «կարգին» ապարատներ են գնել, բայցեւայնպես, «պառադը իրենց դռներով չի անցել»: Վերջիններիս ներկայացմամբ, իրենք մեծահոգաբար հարմարվել են անհայտ կազմակերպության բոլոր պահանջներին՝ «փողը գլխանց մուծելով» ու չշտապեցնելով, բայց 6 ամիս գործ անելուց հետո մի գեղեցիկ օր կազմակերպությունն անհետացել է՝ գյուղացիներին էլ հավանաբար չտխրեցնելու համար «հազարից մեկ» այնտեղ ուղարկելով իր բանվորներին:
«Իմացա, որ գյուղ էին եկել, գնացի բկներից բռնելու ու փողս հետ պահանջելու, բայց իսկույն հասցրին փախնել, մյուս անգամներն էլ միշտ միջնորդներին են ուղարկել»,- ասում էր ազատանցիներից մեկը: Իմիջիայլոց, վերջիններս պնդում են, որ կաբելներն անցկացրել են այնպես, ինչպես կազմակերպությանն է հարմար եղել՝ նույնիսկ ծառ ու թփի վրայով:
Ի՞նչ կազմակերպություն է դա եւ ո՞ւմ թույլտվությամբ է գյուղը հեռախոսիֆիկացրել: Ազատանի գյուղապետ Կարուշ Ազատյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ գյուղապետարանը կապ չունի, նրանց աշխատանքը ժողովրդի հետ է եղել (չնայած մեր աղբյուրները վստահեցնում են, որ գյուղացիները մուծումներ կատարել են գյուղապետարանում): Իսկ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի պատասխանատուն էլ իր հերթին շտապեց տեղեկացնելու, որ հիշյալ նախաձեռնությունը ինքնագլուխ է եւ իրենց հետ որեւէ կապ չունի, ավելին, պարզ չէ, թե դա ինչ կազմակերպություն է: Ուրեմն պետք է ենթադրել, որ տվյալ կազմակերպությունը երբեւէ փորձ չի՞ կատարել «ԱրմենՏելի» հետ բանակցելու միջոցով գյուղն արտաքին աշխարհին կապել: «Լիցենզիային հակառակ գործ է կատարվել, համակցվելու համար «ԱրմենՏելի» թույլտվությունն էր անհրաժեշտ, որը տվյալ պահին չի եղել, կարող եմ ասել, որ մարդկանց խաբել են»,- հայտնեց «ԱրմենՏելի» լրատվության պատասխանատուն:
Մեր տեղեկություններով, գյուղի մոտ 500 ընտանիք է ընդունել անհայտ կազմակերպության առաջարկը՝ եթե ոչ ամբողջապես, ապա մասամբ մուծելով պահանջված գումարները:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ