Կոչ է անում Ստեփան Գրիգորյանը
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ չնայած Վրաստանի իշխանությունների հավաստիացումներին, թե՝ Բուշի դեմ մահափորձ ձեռնարկած Վլադիմիր Հարությունովի հայազգի լինելը չի վնասի հայ-վրացական հարաբերություններին, միեւնույն է՝ այս պատմությունը խիստ մտահոգիչ է: «Փաստը, որ Հարությունովը հայ է, անխուսափելիորեն հակահայկական տրամադրություններ է ձեւավորում Վրաստանում: Պատկերացնենք, թե ՀՀ քաղաքացի մի քուրդ մահափորձ ձեռնարկեր ՀՀ որեւէ պաշտոնյայի եւ հյուրընկալվող որեւէ նախագահի դեմ: Մենք չէի՞նք լարվի քուրդ ազգի դեմ, եթե նույնիսկ իմանայինք, որ նրան այդ գործողությունների մեջ ներքաշել է, ասենք, Թուրքիան»,- զուգահեռ անցկացրեց քաղաքագետը: Նրա վերջին ակնարկը վերաբերում էր այն լուրերին, թե այդ ակցիայի հետքերը տանում են Ռուսաստան. «Եթե վաղը պարզվի, որ դա ռուսական ԳՌՈՒ-ի կազմակերպած ակցիան էր, հասկանալի կդառնա, թե ինչո՞ւ ՌԴ-ն դա արեց իր հայազգի՛ ագենտի միջոցով: Այդպիսով Վրաստանի եւ միջազգային հանրության ուշադրությունը որոշ չափով կշեղվի, նրանք կնայեն դեպի Հայաստան՝ մոռանալով ռուսական գործոնը»:
Կանխելով մեր հարցը՝ «դեռ վա՞ղ չէ նման եզրահանգումների համար», պարոն Գրիգորյանն ասաց, որ նույնիսկ առանց սպասելու գործի քննության վերջնական արդյունքներին, կարելի է վերլուծություններ անել: «Եթե պարզվի, որ դա արել են ռուսները, մեծ սկանդալ կլինի՝ ՌԴ վարկանիշը կտրուկ կընկնի: Դրա համար նրանք շեղում են ուղղությունը: Պատահական չէ, որ առաջինը ռուսական մամուլում սպրդեց այն ապատեղեկատվությունը, իբր նռնակը «հայկական արտադրության» էր: Եվ ուշադրություն դարձրեք, որ առաջինը ռուսական ԶԼՄ-ները Հարությունովին Հարությունյան դարձրին»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ըստ պարոն Գրիգորյանի, այս դեպքը լակմուսի թղթի դեր կատարեց հայկական ԶԼՄ-ների եւ քաղաքական գործիչների համար՝ պարզ դարձավ, թե ովքե՞ր են ռուսական գործակալներ, ովքե՞ր են անբուժելի ռուսամետներ եւ ո՞վ է մտածում իր երկրի մասին. «Նման քայլերով Ռուսաստանը փորձում է ներքաշել Հայաստանին, հարվածում է մեր երկրի անվտանգությանը, Ջավախքի հայերին: Եթե որեւէ մեկը դա չի հասկանում, ապա կամ անբուժելի հիվանդ է, կամ ռուսական ագենտ: Ժամանակն է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու եւ Ռուսաստանի կցորդը լինելուց դադարելու»:
Անդրադառնալով ռուսական ռազմակայանները Վրաստանից հանելու խնդրին՝ պարոն Գրիգորյանը նկատեց, որ այդ կապակցությամբ Ջավախքի երիտասարդների ընդվզումներին բացասաբար էին արձագանքել ոչ միայն ՀՀ ՊՆ նախարարը, այլեւ՝ դաշնակցական ղեկավարները. «Այսօր նրանք ասում են՝ ջավախքահայությունը չպետք է կառչի այդ ռազմաբազաներից, բայց, կներեք, արդեն 7 տարի է՝ իշխանափոխությունից հետո, դաշնակցականներն ամեն ինչ անում էին, որ Ջավախքի հայությունը պայքարի վրաց պետականության դեմ: Ու հիմա հասկանալով այդ քաղաքականության ծանր հետեւանքներն ու իրենց անմիջական դերակատարությունը Ջավախքի հնարավոր հայաթափության մեջ՝ փորձում են խուսափել պատասխանատվությունից»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ