Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՈՎ ՊԱՏՐՎԱԿ Է»

Հուլիս 28,2005 00:00

Արձանագրեց
«Հանրապետություն» կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը երեկ
ձեռնոց նետեց իր ընդդիմադիր գործընկերներին եւ իշխանություններին՝ հայտարարելով,
որ ինքը պատրաստ է վերցնել պատասխանատվությունը երկրի ապագայի, զարգացումների եւ
իր իսկ գծած՝ դեմոկրատական հեղափոխության համար: Այս կուսակցության համար միանշանակ
է, որ հեղափոխությունը լինելու է եւ լինելու է ոչ ուշ, քան սահմանադրական հանրաքվեն:
Իսկ նրանց, ովքեր խոսում են այն մասին, որ այսօր չկա հեղափոխական իրավիճակ, Արամ
Սարգսյանը հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանում այսօր առկա են հեղափոխական իրավիճակի
համար անհրաժեշտ բոլոր բնազդները՝ սկսած անձնական ինքնապաշտպանականից, բռնություններից
եւ սպանություններից մինչեւ սովի մատնված ընտանիքներ: Իսկ հեղափոխության պատրվակը,
ըստ «Հանրապետություն» կուսակցության, այսօրվա իշխանություններն են. «Եվ մեզ անհրաժեշտ
է հեղափոխական այս իրավիճակը դարձնել գործողություն, իսկ դրա համար պատրվակ է պետք:
Էս իշխանությունները տեղով պատրվակ են, ժողովուրդ, այսուհետ մենք ուշի-ուշով պետք
է հետեւենք հասարակական բոլոր գործընթացներին՝ սկսած Դալմայի այգիներից, Կենտրոն
պողոտայից, վերջացրած ավիատորներով եւ Հյուսիսային պողոտայով: Էդ շարժումներից որեւէ
մեկը հենց թափ հավաքեց, միանալու ենք եւ ժողովրդին կոչ ենք անելու միանալ մեզ: Սա
հեղափոխության ամենադասական տարբերակն է»: Արամ Սարգսյանն ասաց նաեւ, որ հետեւելու
են բոլոր քաղաքական գործընթացներին՝ ղարաբաղյան հիմնահարցից մինչեւ ԲԷՑ-երի վաճառքի
պատմությունը. «Ցանկացած գործընթաց վեր ենք հանելու եւ հանրահավաքներ ենք սկսելու
հանրապետության մի քանի մարզերում եւ մայրաքաղաքում միաժամանակ, թող մտածեն այդ մասին»:
Ասվեց, որ մոտ ապագայում կկազմակերպվի համաժողովրդական հանրահավաք: Ի՞նչ է
դեմոկրատական հեղափոխությունը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի
անդամ Գեղամ Հարությունյանի բնորոշմամբ, դա «ոչ սոցիալական բունտ է, ոչ էլ վրեժխնդրության
ակտ. դեմոկրատական հեղափոխությունը Հայաստանի դեմոկրատական միասնության կայացման
գործընթաց է: Այս հեղափոխության հաղթանակը Հայաստանին մտցնելու է հաշտության միջանցք,
որը դառնալու է անցումային շրջանի վերջին փուլը»: Ըստ Արամ Սարգսյանի՝ «Երբ ժողովուրդը
փողոց է դուրս գալիս, հենց դա էլ հեղափոխությունն է, միայն էդ դեպքում են արժեքներ
փոխվում, միայն էդ դեպքում է, որ ժողովուրդը տեսնում է, որ իրենից բան է կախված,
որ իր քվեն տեղ է հասնում, ու էն մարդը, որ ժողովրդի կամքով իշխանության է եկել,
սիրում է էդ ժողովրդին, որն իրեն վստահել է, ու վախենում է էդ ժողովրդի հավաքական
ուժից, որ իրեն էլ կարող է փոխել, ու ծառայում է ժողովրդին»: Մնացած բաները Արամ
Սարգսյանը համարեց «ֆոկուսնիկություն, ինքնախաբեություն, վախկոտության դրսեւորում»:
Լիդերության հարցը «Մենք, միանշանակ, մեր վրա պատասխանատվություն ենք
վերցնում: Մենք ամբիցիաներ չենք դնում, չենք ասում՝ միացեք «Հանրապետությանը», չենք
ասում՝ լիդերը մենք լինենք, ասում ենք՝ տղերք, եկեք փողոց դուրս գանք, եկեք խնդիրներ
լուծենք, այսպես շարունակել չի լինի: Շատ կուզենք, որ գան, բայց եթե չգան, մենք պատասխանատվությունն
ամբողջությամբ վերցնում ենք մեզ վրա, մենք ինքներս, ինքնուրույն (Արամ Սարգսյանը
չհասցրեց ավարտել միտքը, դահլիճը ուղղակի ոգեւորությունից երջանկացել էր- Մ. Ե.):
Մենք կանենք, միացողներ շատ կլինեն: Ես ձեզ հավատացնում եմ, սիրելի ժողովուրդ, այ,
էն մարդիկ, ովքեր այսօր վախենում են հեղափոխություն բառն արտասանելուց կամ դրան տարբեր
անուններ են տալիս, մի ամիս հետո իրենք հեղափոխություն բառը ձեզնից բարձր են գոռալու,
հիշեք»: Գլուխ ջարդելու մասին «Մենք չենք պատրաստվում գլուխներ ջարդել,
եւ թող մեզ ուղղություն չտան, թե ո՞ւմ գլուխը դրա կարիքը ունի, ի՞նչ գործ տալու ձեւ
է, գլուխ ջարդելը, ողնաշար ջարդելը, մարդ սպանելը մերը չեն, դա սատանայինն է, կյանք
տալն է դժվար, կյանքը Աստծունն է, մենք իրենցից տարբերվում ենք նաեւ սրանով»,- իր
որոշ գործընկերներին հակադարձեց Արամ Սարգսյանը: «Արդարություն» եւ «Հանրապետություն»
«Ընդդիմադիր մեր գործընկերներին եւս մեկ անգամ կոչ եմ անում վերանայել սահմանադրական
գործընթացի վերաբերյալ իրենց, մեր կարծիքով, սխալ մոտեցումները: Հակառակ դեպքում՝
քաղաքական օրակարգի հարց է դառնում «Արդարություն» դաշինքից «Հանրապետություն» կուսակցության
սահմանազատումը»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: Ընդհանրապես, այս շեշտադրմամբ
խոսեցին միայն նա եւ Սմբատ Այվազյանը: Իսկ ըստ Գեղամ Հարությունյանի՝ «Քաղաքական
դաշտում հասարակական պատասխանատվությունը կրում են երեք հիմնական ուժեր՝ «Հանրապետություն»,
ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն», եւ թող կողքից այս պրոցեսի մեջ ավելորդ, այլ կարգի
դերակատարություն չփնտրեն իրենց համար»: Ինչո՞ւ «ոչ» Սահմանադրությանը «Որովհետեւ
մեր բոլոր դժվարությունները, դժբախտությունները, անհաջողությունները, թեկուզ անկատար
Սահմանադրության վրա բարդելն ինքնախաբկանք է, որովհետեւ այս իշխանությունների համար
կարեւոր չէ, թե իրենք որ օրենքն են խախտում՝ լավը, թե վատը»: Ըստ Արամ Սարգսյանի,
Սահմանադրությունը փոխելն ինքնախաբկանք է, որին իշխանությունները գնում են իրենց
քաղաքական շահերի համար, իսկ ընդդիմությունը՝ որովհետեւ ուզում է գործընթացներից
դուրս չմնալ. «Էսքան բան: Թող մի բաժակ ջրում փոթորիկ անեն նրանք, ովքեր դրա ցանկությունն
ու առողջությունն ունեն, մենք դրան չենք մասնակցելու, մենք ջրում կոկորդիլոսի հետ
կռիվ չենք տալու, էդ Սահմանադրությանը ի սկզբանե «ոչ» ենք ասելու»: Հեղափոխությունից
հետո «Մեր կուսակցությունը չի համարում, որ այն ալան-թալանը, որ տեղի է ունեցել
այս երկրում, այն ապօրինի սեփականությունը, որ ձեռք են բերել, անվերադարձ է: Պարոնայք,
ժողովուրդը ձեզանից ստանալու բան ունի եւ միանշանակ ստանալու է. այդ ուղղությամբ
է մտածել պետք: Մենք ապահովելու ենք այդ հետ ստանալու օրինական ընթացքը»: Իսկ Սմբատ
Այվազյանն ասաց, որ իրենք հեղափոխությունից հետո պատժելու են. «Պատժելու ենք բազմաթիվ
անօրինականությունների համար, իրենք երկու անգամ փորձեցին մեզ դարձնել իրենց նման,
մեկը՝ Վազգեն Սարգսյանի կառավարության օրոք, որը իրենց չհաջողվեց, եւ արդյունքում
տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27-ը», հաջորդը՝ Արամ Սարգսյանի վարչապետության օրոք, համոզվեցին,
որ էլի չի ստացվելու, ցրեցին Արամ Սարգսյանի կառավարությունը: Իրենք հստակ գիտեն,
որ եթե հեղափոխությունից հետո իրենց չպատժենք, մենք էլ ենք իրենց նման դառնալու,
հստակ գիտեն, որ մենք չենք դարձել իրենց նման եւ չենք դառնալու, հետեւաբար՝ անպայման
պատժելու ենք»: Բայց նաեւ պատրաստ են ներել «անառակ որդուն»՝ նրանց, ովքեր զղջացել
են: Արամ Սարգսյանի հուզմունքը «Սիրելի ժողովուրդ, դուք երկար եք լսել
ինձ, ես ինչ ասել եմ, սրտով եմ ասել, ես երեւի սրտով էլ մտածում եմ, ես չեմ խաբել,
ես ուզել եմ հեղափոխություն, գնացել եմ դրան, հաղթել եմ, պարտվել եմ, ես այդ պարտությունն
էլ վերելք եմ համարում, ես ապրիլի 12-ի գիշերը երբ նայում էի ձեր աչքերին, դուք բոլորովին
ուրիշ մարդ էիք, դուք ազատ մարդ էիք, դուք էս երկրի տարածքում ձեր հայրենիքն էիք
գտել, ես դա նորից եմ ուզում տեսնել ու էդ ժամանակը մոտեցնելու եմ, հաղթանակ բոլորիս»:
Այ, այս պահին արդեն դահլիճը պարզապես խենթացել էր: Ալբերտ Բազեյանը Հավաքին
ներկա էին նաեւ Վաղարշակ Հարությունյանը եւ Ալբերտ Բազեյանը, որոնք հայտնի է, որ
սահմանադրական փոփոխությունների եւ մի շարք այլ սկզբունքային հարցերում չեն կիսում
իրենց գործընկերների տեսակետը: Մենք խնդրեցինք պարոն Բազեյանին գնահատել հավաքի հիմնական
շեշտադրումները. «Չեմ ուզում կոտրել տղերքի ոգեւորությունը»,- եղավ պատասխանը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել