ՏԽՄԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Օրերս Կանադայում կայացավ «Հիմարության համաշխարհային մրցանակաբաշխությունը», որի արդյունքները հաշվվում են ինտերնետային քվեարկությամբ: «Աշխարհի ամենահիմար մարդը» տիտղոսին, ի զարմանս կազմակերպիչների, արժանացավ ոչ թե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ում համարում էին մրցանակի ամենահնարավոր հավակնորդը, այլ ամերիկացի պահպանողական լրագրողուհի Էնն Կոուլտերը: Սակայն Ջորջ Բուշն արդեն երկու տարի անընդմեջ՝ 2003 եւ 2004 թվականներին հաղթել է մրցանակաբաշխությունում՝ համարվելով «Աշխարհի ամենահիմար մարդը»: (Այնպես որ, Արտո Թունջ-Բոյաջյանն իր «Բուշ-Ապուշ» երգի համար ուներ փաստացի հիմքեր): Այս տարի էլ նա ձեռնունայն չի մնացել, բացի այն, որ երկրորդն է համարվել«Աշխարհի ամենահիմար մարդը» անվանակարգում, նա հաղթող է ճանաչվել «Աշխարհի ամենահիմար արտահայտությունը» անվանակարգում: Նրա «Նրանք (տեռորիստները) երբեք չեն դադարում մտածել այն մասին, թե ինչպես վնասեն Ամերիկային, ինչպես եւ՝ մենք» միտքը համարվել է տարվա ամենատխմար արտահայտությունը: «Աշխարհի ամենահիմար կառավարությունը» անվանակարգում հաղթող է ճանաչվել Կանադայի կառավարությունը, ինչը մեծ ուրախություն է պատճառել մրցանակաբաշխության հեղինակներին՝ «մենք ոչ մեկից հետ չենք մնում» պատճառաբանությամբ: Իսկ երբ նրանց իսկ «Հիմարության համաշխարհային մրցանակաբաշխությունը» հաղթել է «Ամենահիմար մրցանակաբաշխություններ» անվանակարգում՝ ետ թողնելով «Օսկարը», «Գրեմմին» եւ այլք, նրանք ուղղակի ցնծացել են ուրախությունից: «Մենք բոլորս տխմարներ ենք, բայց ոմանց պետք է հիշեցնել դա»՝ այս նշանաբանով կայացող «Հիմարության համաշխարհային մրցանակաբաշխությունը», որ կայանում է 11 անվանակարգերում, հաղթողների համար պատրաստել էր «Տխմարի ոսկե թասակներ»: Սակայն այն մասին, թե հաղթողներից որեւէ մեկը կրել է այդ թասակը, թե ոչ՝ որեւէ տեղեկություն չունենք: Սեփ. լր.