Այդ տարօրինակ երիտասարդները Որոշ երիտասարդական կազմակերպություններ միավորվում են, իսկ մյուսները՝ պառակտվում Հրեաներից հետո ենք, գնչուներից՝ առաջ Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնել է առաջիկայում ստեղծել եվրոպական երկրներում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների համագործակցային աշխատանքային ցանց: «Գաղափարը առաջին անգամ հավանության է արժանացել Եվրախորհրդի կողմից: Այս կառույցը գումար է տրամադրել, որպեսզի տարբեր երկրներում գործող երիտասարդական հայկական կազմակերպությունները համագործակցեն, հզորանան, ցանց ստեղծեն, ինֆորմացիա փոխանակեն: Կստեղծվի նաեւ ինտերնետային էջ, որտեղ երիտասարդները կկարողանան շփվել միմյանց հետ»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նա ավելացրեց. «Կպահպանվի հայկականությունը, բայց ոչ Հայաստանի օժանդակությամբ: Մեզ մոտ երիտասարդական քաղաքականությունը ֆինանսավորվում է ներսի փողերով, ինչով խրախուսվում է հայրենիք-սփյուռք համագործակցությունը: Դա թեեւ ողջունելի է, բայց անընդհատ քննադատվում է»: Ա. Մխիթարյանը փաստեց, որ այս ծրագրի վրա աշխատել են շուրջ 3 տարի եւ գործի են դրել ոչ ստանդարտ մեթոդներ՝ լոբբինգ, տարբեր հարցազրույցներում անընդհատ հայկական հարցի բարձրացում: Ի դեպ, մեզնից առաջ միայն հրեաներին է հաջողվել նման ծրագիր ունենալ: Ա. Մխիթարյանը նշեց նաեւ, որ դեռ պարզ չէ՝ արդյոք կօգտվե՞ն հրեաների տարբերակից, քանի որ հայ իրականությունը տարբերվում է նրանցից. «Նրանք ավելի շուտ են կողմնորոշվում»: Նախագահը տեղեկացրեց, որ նման ցանց ստեղծելու փորձ անում են նաեւ գնչուները. «Բայց մենք առաջ ընկանք եւ Եվրախորհրդի աջակցությունը ստացանք»: Եվրախորհուրդը հոգալու է բոլոր վարչական հարցերը եւ տրամադրելու է 3500 եվրո: «Առավոտն» արդեն տեղեկացրել էր, որ Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ մի խումբ հայ երիտասարդներ էլ որպես դիտորդներ կմասնակցեն աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այժմ ծրագիրն ավելի ընդլայնվել է, եւ ընդգրկվել են երիտասարդ դիտորդներ Ռուսաստանից ու Վրաստանից: Մինչ ընտրություններին ներկա գտնվելը, երիտասարդները կմասնակցեն դասընթացների, իսկ հետո կանցկացվեն քննարկումներ: Ցեղասպանությունը՝ պառակտման պատճա՞ռ Եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումները վիրահայերի, հատկապես՝ երիտասարդների պառակտման պատճառ են դարձել: Թբիլիսիից Կարեն Ելչյանը «Առավոտին» պատմեց, որ այնտեղ այսօր կա պաշտոնապես գրանցված ավելի քան 30 հայկական հասարակական կազմակերպություն, բայց նրանցից ոչ բոլորն են գործում. «Երբեմն մեկը մյուսին ավելի շատ խանգարում է»: Կարենը Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնից է: Նրանց կազմակերպած առաջին մեծ ակցիան տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 24-ին, ինչից էլ սկսվել են գժտությունները: Նա պատմեց, որ մինչ այդ Թբիլիսիում կոմիտե էր ստեղծվել, որը պետք է զբաղվեր Եղեռնին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ. «Ցավոք, այս կոմիտեի մեջ ներգրավված մարդիկ շատ անկազմակերպ էին: Ի տարբերություն նրանց, մենք մի քանի ամսվա ընթացքում կազմակերպել ենք հայկական հարցին նվիրված դասընթացներ, պատրաստել ենք բրոշյուրներ, օրացույցներ, վերնաշապիկներ: Թբիլիսիի փողոցներում բազմաթիվ ազդագրեր ենք փակցրել: Եվ շատ զարմանալի էր, որ դրանք վրացիները չէին պոկում»: Ըստ նրա, Թբիլիսիում քարոզչության հիմնական կազմակերպիչները իրենք են: Բայց այս մտքին համամիտ չեն թբիլիսյան մյուս հայկական կազմակերպությունները, եւ սա է վեճերի պատճառը: Ապրիլի 24-ին նաեւ փողոցներում կազմակերպվել է երթ, երիտասարդները ցույցի են դուրս եկել Թուրքիայի դեսպանատան առաջ: Ըստ Կարենի, կոմիտեից ոչ ոք չի աջակցել նրանց: «Մենք գիշերները չենք քնել, աշխատել ենք, չարչարվել ենք: Իսկ ապրիլի 24-ին, երբ արդեն ամեն ինչ պատրաստել էինք, դրոշներով ու ազդագրերով կանգնած էինք դեսպանատան առաջ, եկան մի քանի հայեր, որոնք ոստիկաններին ու լրագրողներին ներկայանում էին իբրեւ ակցիայի կազմակերպիչներ»: Ի հակադրություն Կարենի, մեկ այլ թիֆլիսահայ երիտասարդ՝ Էրիկ Բալոյանը հայտնեց, որ ակցիայի կայացմանը շատերն են աջակցել. «Հայ երիտասարդները թշնամաբար չեն վերաբերվում միմյանց»: Ըստ նրա, անհրաժեշտ է մեկ օղակ, որը կկոորդինացնի թբիլիսյան հայկական կազմակերպությունները: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ